ԵՐԵՎԱՆ, 17 մարտի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Երևանում մեքենայով երթևեկելն այնքան էլ հաճելի զբաղմունք չէ։ Կարող են ճանապարհդ «կտրել», կայանատեղիները գնալով պակասում են, ճանապարհային երթևեկության կանոններն էլ երբեմն ոչ արդարացիորեն խստացնում են։ Բայց ամեն ինչի մասին խոսենք հերթով։
Վերջերս մեծ իրարանցում առաջացրեց մայրաքաղաքի ճանապարհներին շարժական արագաչափերի ներմուծումը` կարգազանց վարորդներին որսալու համար։ Ոստիկանությունը հայտարարեց, որ շարժական արագաչափերի տեղադրման շարժառիթը Հայաստանում 2018 թվականին տեղի ունեցած ծանր հետևանքներով ճանապարհատրանսպորտային պատահարներն են, որոնց հիմնական պատճառներից մեկը արագության ռեժիմի խախտումն է:
Վարորդների իրավունքները պաշտպանող հասարակական կազմակերպությունները, փորձագետներն ու շարքային քաղաքացիները միաձայն քննադատեցին շարժական արագաչափերի կիրառությունը։ Նրանք կարծում են, որ արագության սահմանափակումը չի կարող լուծել բոլոր խնդիրները։ Ճանապարհային երթևեկության ոլորտում կան շատ ավելի լուրջ խնդիրներ, քան արագությունը գերազանցելու խնդիրը։ Դա և՛ մեքենաների տեխնիկական վիճակն է, և՛ լիարժեք տեխզննման պրակտիկայի բացակայությունը, և՛ ճանապարհների վիճակը, և՛ անհապաղ լուծում պահանջող բազում այլ խնդիրներ։
Շարժական արագաչափերի ներմուծման հակառակորդները նշում են, որ առկա լուրջ թերություններն ու բացթողումները չեն վերանում, դրա փոխարեն վարորդներին տուգանում են արագությունը մի փոքր գերազանցելու համար, իսկ այդ գումարները կուտակվում են ոստիկանության բյուջեում։
Ընդհանուր առմամբ վերլուծելով Հայաստանի երթևեկության իրավիճակը, մասնավորապես, Երևանում, մի քանի «բնածին հիվանդություն» է աչքի ընկնում, որոնք դժվարացնում են երթևեկությունն ու բազմաթիվ վարորդների համար վաղուց գլխացավանք են դարձել։
Անկասկած, խնդիրներից մեկը կայանատեղիների պակասն է։ Ցերեկվա ժամերին քաղաքի կենտրոնում գրեթե անհնար է կայանատեղի գտնել։ Խնդիրը չեն լուծում նաև «կարմիր գծերը». բոլորը գծերը զբաղված են։ «Կարմիր գծերից» դուրս գտնվող գոտիները «խստորեն» հսկվում են տեսախցիկներով, որոնցով լեցուն է քաղաքի կենտրոնը։ Եվ նույնիսկ փոքր խախտումը, այսինքն կայանման համար չնախատեսված վայրում կանգնելը հինգ հազար դրամ տուգանքով է ավարտվում։ Կայանատեղիների խնդիրը երկու կողմ ունի։ Մի կողմում տեսախցիկների առկայությունն է ու տուգանվելու վախը, մյուս կողմում` դրանցից չվախեցող և իրենց մեքենան ուզած տեղում կայանող վարորդները։
Բազում խնդիրներ են ստեղծում նաև հասարակական տրանսպորտի վարորդները։ Տրանսպորտի աշխատանքի հատուկ ժամանակացույցի (ինչպես լինում է զարգացած երկրների մեծ մասում) բացակայությունը հանգեցնում է կանգառի մոտ բազում ավտոբուսների ու «գազելների» կուտակման։ Այդ պահերին երբեմն հնարավոր չի լինում երթևեկել նույնիսկ երկրորդ գծով, ինչը փոքր քաղաքում մեծ խցանումներ է ստեղծում։
Եվս մեկ խնդիր, որն արդիական է սկսնակ վարորդների համար. փորձառություն ունեցող նյարդային «գործընկերները», որոնք առանց հատուկ պատճառի ազդանշան են տալիս, կոպտորեն կտրում են մյուսի ճանապարհը, առանց թարթիչները միացնելու գծից գիծ են տեղափոխվում ու վթարային իրավիճակ ստեղծում։ Երևանյան փողոցների համար այս ամենը սովորական բան է։ Ցավոք, ճանապարհային ոստիկանությունը բավականին հազվադեպ է այսպիսի դեպքերին արձագանքում, ինչը շատ անգամ խրախուսում է անփույթ վարորդներին։
Վարորդների կյանքը բարդացնում են նաև խաչմերուկների մոտ գտնվող դեղատների կանաչ խաչերը։ Այս խնդրին անդրադարձել է նույնիսկ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Նրա խոսքով` շատ վարորդներ բողոքում են, որ գիշերային ժամերին անհնար է այդ նշանները տարբերել լուսացույցի կանաչ լույսից։
«Իրականում սա հիմնավոր դժգոհություն է, և պետք է համապատասխան քայլեր ձեռնարկել՝ խնդիրը կարգավորելու ուղղությամբ: Հաճախ տեսնում ենք, որ կանաչ լուսավորությամբ այդ ցուցանակներն այնքան մոտ են խաչմերուկներին, որ վարորդներին իսկապես շփոթության մեջ են գցում ու շեղում են ուշադրությունը լուսացույցից՝ ստիպելով մարդկանց ակամայից խախտել ճանապարհային կանոնները», — աշխատանքային խորհրդակցության ժամանակ ասել է Մարգարյանը։
Նա իրավասուներին հանձնարարել է ճանապարհային ոստիկանության հետ համագործակցելով ու դեղատների սեփականատերերի հետ բանակցելով` քայլեր ձեռնարկել սեղմ ժամկետում խնդիրը կարգավորելու համար։
Մայրաքաղաքի ճանապարհներին մեքենաների կուտակումների պատճառ է դարձել նաև պարտադիր ապահովագրման ներդրումը։ Աննշան ՃՏՊ-ի դեպքում պետք է սպասել ապահովագրական ընկերության ներկայացուցչին` փոխհատուցման մասին հետագա որոշումը ստանալու համար։ Այդ սպասելու ընթացքում խցանումներ են առաջանում, հաճախ`ճանապարհների առավել բեռնված հատվածներում։
Իհարկե, բոլոր այս խնդիրները ո՛չ այսօր են ծնվել, ո՛չ էլ երեկ։ Որոշ ժամանակ է պահանջվում դրանք լուծելու համար, սակայն ցավոք, պատասխանատու մարմինները ճանապարհային երթևեկության երկարաժամկետ բարեփոխումների փոխարեն առայժմ նախընտրում են ակնթարթային շահը։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար:
Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում ձյուն է գալիս։
Ստեփանակերտի օդանավակայանն ու Ալիևի ավիացիոն պլանները. իրավիճա՞կ է փոխվել
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 500 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Արմավիրի մարզում ճակատ–ճակատի բախվել են Opel Astra–ներ. վիրավորների մեջ երեխաներ կան
«Export Armenia» փորձագիտական ասոցիացիան վերջերս առաջարկեց հետևյալ գաղափարը` եթե Հայաստանում որևէ ապրանք է արտադրվում, ապա ցանկացած խանութի տեսականու մեջ պետք է առկա լինի այդ արտադրանքի երաշխավորված նվազագույն քանակ։ Ընդ որում՝ առաջարկվում էր ցուցափեղկում տեղ երաշխավորել առհասարակ հայկական ապրանքների համար, ոչ թե նախապատվություն տալ որևէ կոնկրետ ապրանքանիշի։
«Export Armenia»-ի ներկայացուցիչները, որոնց թվում խոշոր ընկերությունների բիզնեսմեններ և մենեջերներ կան, կարծում են, որ մանրածախ վաճառքի հարցում պետք է աջակցել հայրենական արտադրության ապրանքներին, քանի որ շուկայում անհավասար պայմաններ են ստեղծվել նրանց համար։ Հայաստանում խոշոր բիզնեսն ավելի շատ ներդրում է անում առևտրի, ոչ թե սեփական արտադրության մեջ։ Առևտուրն ավելի շատ եկամուտ և ավելի քիչ հոգսեր է պահանջում` ի տարբերություն արդյունաբերության։
Բնականաբար, խոշոր ներկրողները տպավորիչ մարկետինգային ռեսուրսներ ունեն, ավելին՝ նրանք արտասահմանյան լուրջ ընկերություններ են ներկայացնում, որոնք է՛լ ավելի մեծ ռեսուրսներ ունեն։ Միասին աշխատելով` նրանք տեղական խանութներին զանազան բոնուսներ են առաջարկում դարակների վրա շահավետ տեղ ունենալու համար։ Հասկանալի է, որ «Mars»-ը, «Вимм-Билль-Данн»-ը և մի շարք ուրիշ հսկաներ «փրոմոուշընի» համար ավելի շատ ռեսուրսներ ունեն, քան կաթնամթերքի կամ շոկոլադի տեղական արտադրողը։ Ուստի խանութները հարգալից և քաղաքավարի են ներկրվող ապրանքների մատակարարների նկատմամբ։
Տեղական արտադրողի դեպքում այլ խոսակցություն է․ նրանց վճարները սովորաբար շաբաթներով ուշացնում են, իսկ ոչ մեծ, թույլ ընկերություններին հաճախ ամիսներով են քաշքշում (ավելի մանրամասն՝ այստեղ)։ Այս կանոնից դուրս են մնում կա՛մ շատ խոշոր ձեռնարկությունները (հայկական չափանիշներով, օրինակ, «Գրանդ Քենդին»), կա՛մ հենց առևտրային ցանցերի արտադրությունները։
Օրինակ՝ «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Սամվել Ալեքսանյանը մի քանի նմանատիպ արտադրություն ունի, ընդ որում՝ նրա ապրանքները վերցնում են նաև այլ խանութների ցանցերը, որպեսզի չփչացնեն գործարարի հետ հարաբերությունները։ Ալեքսանյանի ընկերությունն ամեն դեպքում պարենային ապրանքների ամենախոշոր ներկրողն է Հայաստանում, և նրա ներկրումից շատ խանութներ են կախված։
Իսկ եթե դուք Սամվել Ալեքսանյանը չե՞ք, այլ սկսնակ գործարար ու որոշել եք ոչ թե ռեստորան կամ խանութ բացել, այլ սեփական արտադրություն։ «Export Armenia»-ն դեկտեմբերին այդ հարցով դիմել էր էկոնոմիկայի նախարարությանը։
Եվ այսպիսի պատասխան է ստացել․ «Գտնում ենք, որ ազատ շուկայական տնտեսության շրջանակներում վաճառակետերում տեղական ապրանքատեսակների տեղադրման պարտադրմամբ (օրենքի կամ այլ իրավական ակտի տեսքով) վաճառքի խթանումը լավագույն տարբերակը չէ տեղական արտադրողին աջակցելու վերջիններիս կողմից արտադրվող ապրանքների վաճառքի ծավալներն ավելացնելու հարցում: Ըստ մեզ` տեղական արտադրողին աջակցելու առավել արդյունավետ մեխանիզմ կարող է հանդիսանալ պետության կողմից աջակցության գործիքակազմի միջոցով ներմուծվող ապրանքների նկատմամբ տեղական արտադրանքի մրցունակության, ներկայացվածության և գրավչության բարձրացումը»։
«Export Armenia»-ի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց` դժվար է պատկերացնել, թե տեղական արտադրողներն ինչպես են «արդյունավետ մրցակցելու» խոշոր ներկրողների և նրանց հետևում կանգնած է՛լ ավելի խոշոր միջազգային կորպորացիաների հետ։
«Բայց եթե պետության քաղաքականությունն ավելի արդյունավետ լինի, քան մեր առաջարկները, մենք միայն ուրախ կլինենք։ Միայն թե այդ քաղաքականությունը գործնականում աշխատի, ոչ թե խոսք մնա։ Այս բոլոր տարիների ընթացքում, ցավոք, պետությունը դիտորդի կարգավիճակում է եղել»,-նշեց Ստեփանյանը։
Այդ պատճառով տեղական ընկերություններն արտադրությունը շատ ավելի թույլ են զարգացնում, քան կարող էին։ Ամենաշատը դա վերաբերում է մսամթերքի և հատկապես կաթնամթերքի արտադրողներին, որոնց համար արտահանման հնարավորությունները սահմանափակ են։ Շուկան ոչ միայն փոքր է, այլև ներկրողներն ու խանութները գրավել են այն։
Ստացվում է` խոշոր տնտեսվարողներն ամիսներ շարունակ «քնացնում» են արտադրողների ֆինանսական միջոցները՝ դրանով իսկ զրկելով պետությանը հարկեր, բանկերին վարկեր, աշխատակիցներին աշխատավարձեր վճարելու հնարավորությունից, իսկ արտադրության զարգացման համար՝ սարքավորումներ գնելու հնարավորությունից։ Ինչպե՞ս զարգանալ նման պայմաններում:
Դրա փոխարեն պետությունը բիզնեսին սուբսիդավորված տոկոսներով վարկեր է տրամադրում։ Սակայն հին խնդիրների դեպքում նոր վարկերը միայն խորացնում են պարտքերի փոսը, որից ոմանք արդեն երբեք դուրս չեն գա։
«Այդ պատճառով թող կառավարությունը բիզնեսին նույնիսկ ուղղակի չօգնի։ Սկզբի համար թող հոգ տանի, որ խանութները ժամանակին վճարեն մատակարարներին։ Չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ արտադրողների մոտ մշտապես խանութների դեբիտորական պարտքեր կան մի քանի միլիոն դոլարի չափով։ Այդ փողերն ուղղակի «քնած են», այսինքն՝ որևէ կերպ չեն ծառայում տնտեսությանը»,-ավելացրեց Ստեփանյանը։
Իշխանությունները (ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս) այսպես թե այնպես ոչ մի կերպ չեն օգնում արտադրողներին` հպարտ քայլելով ազատ մրցակցության դրոշի ներքո։
Նշենք, որ Արևմուտքի մեծ երկրներում տեղական արտադրությանն աջակցելու տարբեր եղանակներ են գործում։ Մի քանի օրինակ բերենք։
Իտալիայում, ինչպես Հայաստանում, գործում է կորոնավիրուսային ճգնաժամից տուժած ռեստորանատերերի և ֆերմերների աջակցության ծրագիր։ Միայն թե, ի տարբերություն Հայաստանի, ծրագիրը նրանց ներառում է մեկ օղակում․ ռեստորանները պետությունից մինչև 10 հազար եվրո փոխհատուցում են ստանում իտալական ապրանքներ գնելու դեպքում։
Մյուս օրինակը շատ հայտնի է․ դա ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նոր ծրագիրն է, որը վերաբերում է ամերիկյան ապրանքների պետական գնմանը (բայց կարևոր է հիշել, որ այդ ծրագիրը երբեք էլ չի դադարել և գործում է 30-ականներից)։ Հետաքրքիր է, որ այդպիսի օրինակ է ցույց տալիս ոչ միայն պետությունը, այլև մասնավոր ընկերությունները։
Ամենահայտնի օրինակը «Walmart» ցանցի ընկերությունն է։ Վերջինս հայտարարել է, որ 2013-2023թթ․ 250 միլիարդ դոլարի ամերիկյան ապրանք կգնի (և կվաճառի գնորդներին)։ Եվ չնայած, ըստ որոշ կազմակերպությունների ուսումնասիրությունների, «Buy American» հայտարարությունները ոչ միշտ են համապատասխանում իրականությանը, սակայն արդեն իսկ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ այնպիսի հսկաները, ինչպիսիք են «Walmart»-ը և «Carrefour»-ը, պատրաստ են «Գնի՛ր տեղականը» կոչը դարձնել իրենց գովազդի մի մասը և լուրջ ռեսուրսներ ծախսել դրա վրա։
Կարո՞ղ եք պատկերացնել, որ նման բան անեն Հայաստանի սուպերմարկետները։ Վատ չէր լինի։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Կրասնոդարի երկրամասի Բելորեչենսկ քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը Կրասնոդարի երկրամաս է ուղարկել իր առաջին տեղակալ Լուսիկ Ղուկասյանին:
Ինչպես հաղորդում է կազմակերպությունը, Ղուկասյանը հանդիպումներ կունենա տեղական իշխանության ներկայացուցիչների, ՌՀՄ տեղական բաժանմունքների ղեկավարների և երիտասարդական կազմակերպությունների հետ, որպեսզի քայլեր ձեռնարկեն սադրանքներ թույլ չտալու ուղղությամբ։
«Բացասական հետևանքներից խուսափելու և իրավիճակը չսրելու համար ՌՀՄ-ն համայնքի ներկայացուցիչներին խնդրում է չարձագանքել զգացմունքային, երբեմն սադրիչ կոչերին և հանգստություն պահպանել», - նշված է հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի հայերի միությունը միջոցներ է ձեռնարկում հասարակական վերահսկողություն ապահովելու ուղղությամբ, քանի դեռ օպերատիվ միջոցառումներ են իրականացվում մարդասպանին բռնելու ուղղությամբ։
Ռուսաստանի հայերի միությունում կարծում են, որ եթե հանցագործը հայտնվի Ադրբեջանում, ապա նա պետք է վերադարձվի Ռուսաստան և կանգնի դատարանի առաջ:
«Մենք հույս ունենք, որ հանցագործն առաջիկայում կհայտնաբերվի և պատիժ կկրի ռուսական օրենսդրությանը համապատասխան», - հայտարարել են ՌՀՄ-ում:
Հիշեցնենք, որ փետրվար 28-ին Բելորեչենսկում ծեծկռտուքի հետևանքով սպանվել է 22-ամյա Արթուր Սարուխանովը։ Նախնական տեղեկություններով` սպանողն ադրբեջանցի է, որի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։



