ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի — Sputnik. Ամերիկահայ հայտնի գործարար Ալեքսիս Օհանյանը Կալիֆոռնիայի Փալմ Սփրինգս խճուղու վրա իր կնոջը` հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսին, փառաբանող ցուցատախտակներ է տեղադրել։
Reddit-ի հիմնադիրը չորս ցուցատախտակ է պատվիրել, որոնցից յուրաքանչյուրի վրա նա Ուիլյամսին ուղղված ուղերձ է գրել։
Չորս ցուցատախտակի վրա (որոնց վրա նաև նրանց դուստր Օլիմպիան է պատկերված) գրված է. «Սերենա Ուիլյամսը բոլոր ժամանակների լավագույն մայրն է»։
«Մենք այսպես էինք ուզում ողջունել Սերենայի` կորտ վերադառնալու որոշումը։ Դիզայնի հեղինակը ես ու աղջիկս ենք», — Instagram-ի իր էջում գրել է Ալեքսիսը։
Պատասխանելով օգտատերերի բազմաթիվ հաճոյախոսություններին` Օհանյանը կատակել է, որ երբեմն նաև վենչուրային կապիտալիստները կարող են ռոմանտիկ լինել։
Նշենք, որ Ալեքսիս Օհանյանն ու նրա կինը` «Մեծ սաղավարտ» մրցաշարի 23-ակի հաղթող Սերենա Ուիլյամսը, ծնող են դարձել 2017թ-ի սեպտեմբերի 1-ին։ Ֆլորիդայի հիվանդանոցներից մեկում 3 090 գրամ քաշով ծնվել է նրանց գեղեցկուհի դուստրը` Օլիմպիան։