Հասարակական տրանսպորտ

Երևանը կզարմացնի իր տրանսպորտային համակարգով. ինչպիսի՞ «փորձություններ» են սպասում երևանցիներին

191
(Թարմացված է 15:29 02.02.2018)
Տրանսպորտային նոր համակարգը ոչ էժան կլինի, ոչ թանկ, այլ օպտիմալ և խնայող, որը կհամապատասխանի միջազգային չափանիշներին։

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի — Sputnik. Երևանում կգործի ուղեվարձի ավտոմատացված համակարգ, սակայն առայժմ հայտնի չէ` որքան կարժենա այն, լրագրողներին ասաց Երևանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը։

«Առայժմ վաղ է խոսել սակագների մասին, բայց կարող եմ վստահությամբ ասել, որ անկախ նրանից, թե քանի անգամ են փոխելու տրանսպորտային միջոցը, քաղաքացիները Ա կետից Բ կետ տեղափոխվելու համար կվճարեն մեկ անգամ», — ասաց Նիկոյանը։

Նրա խոսքով` առայժմ հասկանալի չէ, թե ով և ինչպես կկարգավորի դա։ Հայտնի է, որ Հայաստանի բնակչության 49 տոկոսը երթևեկում է առանց տրանսպորտային միջոցը փոխելու, 31 տոկոսը` մեկ անգամ փոխելով, մնացածը ստիպված են փոխել երկու և ավել տրանսպորտային միջոցներ։

Տրանսպորտային համակարգի օպտիմալացման նախագծով, որի համար նախատեսված է 100 միլիոն դոլար, այլ սակագին կսահմանվի սոցիալական որոշակի խմբերի համար։ Սակայն հայտնի չէ, թե ինչպես դա կիրականացվի և առաջին հերթին ում կվերաբերի։

Երթուղային տաքսիների քանակը 115-ից կկրճատվի մինչև 42, քաղաքում կգործեն ընդամենը 939 տրանսպորտային միջոց ներկա 2039-ի փոխարեն։ Նիկոյանի կարծիքով` դա թույլ կտա նվազեցնել խցանումները։

Մաշված գազելները, որոնց տարողունակությունը 13 մարդ է, կփոխարինվեն հարմարավետ ավտոբուսներով` նախատեսված 45-55 ուղևորի համար։ Տրոլեյբուսների քանակը նույնը կմնա` 111։

«Տրանսպորտային ցանցը 1 ժամ 55 րոպեով երկար կաշխատի, քան հիմա։ Առավոտյան տրանսպորտը աշխատանքը 7։00-ի փոխարեն կսկսի 06։45-ին և կավարտի կեսգիշերին` ներկա 23։00-ի փոխարեն», — ասաց Նիկոյանը։

Առավոտյան 8։00-ից մինչև 19։00-ն տրանսպորտը կաշխատի հինգ րոպե հաճախականությամբ։ Ուղևորները կանգառներում տրանսպորտին կսպասեն միջինը 3 րոպե։ Նիկոյանը նշեց, որ նոր տրանսպորտային համակարգի համաձայն` «գծատեր» հասկացությունը կվերանա. նրանց կփոխարինեն ընկերությունները կամ պետությունը։

«Վստահեցնում եմ ձեզ, որ ավտոբուսները լրացուցիչ խցանումներ չեն ստեղծի։ Մենք ուսումնասիրել ենք միջազգային փորձը, և շատ երկրներում հենց ավտոբուսներ են շահագործում», — ասաց Նիկոյանը։

Պահանջները խիստ կլինեն նաև վարորդների նկատմամբ։ Յուրաքանչյուր երթուղում ամեն օր հերթափոխով կաշխատեն երկու վարորդ։ Նրանց աշխատանքի ժամանակ ծխելու կամ հեռախոսով խոսելու իրավունք չեն ունենա։ Կարդիականացվեն, կադապտացվեն կանգառները, նույնիսկ նորերը կբացվեն` հատուկ առցանց ժամատախտակով, որոնց վրա օնլայն ռեժիմում կերևա ավտոբուսների տեղաշարժը։ Դա զգալիորեն կհեշտացնի ուղևորների կյանքը` ազատելով կանգառում անվերջ սպասումից։

Եթե հաջողվի բոլոր ծրագրերը կյանքի կոչել մինչև 2018թ-ի վերջը, 2019թ-ի սկիզբը, ապա հայկական համակարգը կլինի տարածաշրջանում լավագույնը։

191