ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի — Sputnik, Անի Լիպարիտյան. Ուրիշների հաշվին գումար վաստակելու ցանկություն ունեցող խարդախները հատկապես ակտիվացել էին 2017թ-ին։ Վերջին մի քանի ամիսներին հայ բաժանորդները ենթարկվել են միջազգային հեռախոսային խարդախների զանգվածային հարձակման։ Նրանք զանգահարել են Սոմալիից, Հարավաֆրիկյան Հանրապետությունից, Սլովենիայից, Լատվիայից, Լիտվայից, Ալբանիայից, Ալժիրից և այլ երկրներից՝ հույս ունենալով, որ իրենց հետ կզանգեն։ Տեղեկատվական անվտանգության հարցերի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը մեկնաբանեց այդ «թրենդային» զանգերը Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում։
«Ամբողջ աշխարհում ընդունված փորձ է։ Օրինակ` կարող է զանգել ռոբոտը, որպեսզի հեռախոսով «հոգեթերապիայի սեանս» անցկացնի, կամ լսափողի մյուս կողմում ուղղակի կարող է լռություն լինել։ «Խոսակցության» մեկ րոպեի համար ձեր հաշվից կարող են հանել, օրինակ, 1500 դրամ», — նշեց մեդիափորձագետը։
Եթե դյուրահավատ բաժանորդը հետ է զանգում, ապա «ընկնում» է խարդախի վճարովի հեռախոսահամարի վրա։
«Հայաստան են զանգում տարբեր երկրներից։ Կարող են զանգել Լատվիայից կամ Լիտվայից, որտեղ մեծաթիվ հայ համայնք կա։ Օրինակ` ինձ կարող են զանգել մերձբալթյան երկրներից, իսկ Սոմալիից՝ դժվար», — ասաց Մարտիրոսյանը և ավելացրեց, որ Հայաստանի գրեթե ցանկացած բնակիչ, տեսնելով անծանոթ արտասահմանյան հեռախոսահամար, կարող է մտածել, որ ինչ-որ ազգական է զանգում։
«Նրա՛նց բախտը կբերի, ովքեր կանխավճարային սակագին ունեն։ Նրանց հաշիվը կզրոյանա, և կապը կընդհատվի։ Բայց եթե դուք հետվճարային սակագնից եք օգտվում, ապա արդեն վտանգավոր է», — ասաց փորձագետը։
Խարդախները հաշվի են առնում բոլոր նրբությունները. ամենից հաճախ զանգահարում են գիշերային ժամերին, որպեսզի մարդն անհանգստանա. այդ ժամանակ հավանականությունը, որ նա հետ կզանգի, բարձրանում է, նշեց Մարտիրոսյանը։
Մտածված սխեմայի մաս կազմող զանգերը, որոնք մշակվել են հեռահաղորդակցական կազմակերպված հանցավոր խմբավորումների կողմից, հայտնի են ամբողջ աշխարհի բաժանորդներին։ Հեռախոսային գողերը տարբեր միջոցներով փող են կորզում միամիտ բաժանորդներից, ինչը գլխացավանք է դառնում բջջային օպերատորների համար։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբը նոր հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ԳՇ պետի ազատման՝ վարչապետի միջնորդության ու նախագահ Արմեն Սարգսյանի՝ մարտի 2-ին կայացրած որոշման հետ կապված իրավիճակին։
Հայտարարության մեջ նշվում է, որ նախագահի հրամանագրի նախագծի սահմանադրականության կամ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետին պաշտոնից ազատման հարց լուծելու իրավասություն Սահմանադրական դատարանը չունի, այսինքն՝ նախագահը այս դեպքում կարող է դիմել Սահմանադրական դատարան բացառապես «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք)՝ որպես նախագծի իրավական հիմքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով և ոչ կոնկրետ օրենքի հոդվածի կամ մասի։
Սահմանադրական դատարան դիմելու ժամկետը տվյալ դեպքի համար սահմանված է հրամանագրի նախագծի վերադարձից հետո 8 օր։
«Իր հայտարարությամբ նախագահը գործել է և հայտնել է մտադրությունը գործելու Սահմանադրությանը բացառապես համապատասխան։
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Վիկտորի Գասպարյանը մինչև 8-օրյա ժամկետի լրանալը (նախագահի կողմից Սահմանադրական դատարան դիմելուց հետո սկսում են գործել այլ ժամկետներ) շարունակում է իր ծառայությունը հայրենիքին և ժողովրդին, հանդիսանում է Զինված ուժերի բարձրագույն զինվորական հրամանատարը»,-նշված է ԳՇ հաղորդագրության մեջ։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ՀՀ ոստիկանությունում տվյալներ են ստացվել, որ մարտի 3-ի ժամը 16.00-ին նախատեսված հանրահավաքի ժամանակ հնարավոր են սադրանքներ։ Տեղեկությունը հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից։
«Կոչ ենք անում զանգվածային միջոցառումներն իրականացնել բացառապես օրենքի շրջանակներում, զերծ մնալ հակաիրավական քայլերից ու չտրվել սադրանքների։ Քաղաքացիներին հորդորում ենք լինել իրավահարգ և իրենց իրավունքներն իրացնելիս պահպանել օրինականության պահանջներն ու համակեցության կանոնները»,-նշված է հաղորդագրության մեջ։
Ոստիկանությունը հավաստիացնում է, որ օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ձեռնարկելու է բոլոր միջոցները՝ հասարակական կարգն ապահովելու և հանրային անվտանգությունը պահպանելու համար։
Ներքաղաքական իրավիճակը Հայաստանում սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Օնիկ Գասպարյանը պետք է հեռանա. ըստ Փաշինյանի` ո՞րն է ԳՇ պետի դավաճանությունը
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։
Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։
Երեկ հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:
Հայրենիքի փրկության շարժումը այդ տեղեկությունից հետո հայտարարեց, որ շտապ հանդիպում է պահանջում նախագահի հետ։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Ավարտվեց «Հայրենիքի փրկության շարժման» անդամների հանդիպումը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հանդիպումից հետո լրագրողներին հայտնեց, թե ինչ է խոստացել ՀՀ նախագահը։
«Նախագահի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են հարցեր, որոնք կապված են Զինված ուժերի ԳՇ պետի ազատման դիմումը Սահմանադրական դատարան ուղարկել-չուղարկելու հետ։ Նախագահը լսեց մեր հարցերը, տեսակետները, նշեց, որ առաջիկա ժամերին իր որոշման մասին կհայտնի»,-ասաց Վանեցյանը։
Հավելենք, որ նախագահի հետ հանդիպմանը մասնակցում էին «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը, ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը և Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։



