Զապել Եսայան

Զապել Եսայանն աշխարհի ամենաանվախ կանանցից մեկն է. Refiner

854
(Թարմացված է 12:14 04.11.2017)
Աշխարհի ամենախիզախ կանանց հնգյակում ընդգրկվել է նաև Զապել Եսայանի անունը։

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի — Sputnik. Ամերիկյան Refinery29 կայքի կազմած վարկանիշի համաձայն` մարդկության պատմության ամենախիզախ կանանցից մեկը հայ գրող, թարգմանիչ, հրապարակախոս Զապել Եսայանն է։

«Զապել Եսայանը փայլուն կնոջ օրինակ է, որն ապրել է այնպիսի ժամանակներում, երբ խելացի ու հաստատակամ լինելը ամենավտանգավոր հատկանիշներից էր»,- գրում է պարբերականը։

Այս տարվա մարտին Փարիզի փողոցներից մեկը կոչվեց Զապել Եսայանի անունով։

Զապել Եսայանը ծնվել է 1878 թվականին Կոստանդնուպոլսի Սիլիհտարի պարտեզներ թաղամասում։ 1892 թվականին ավարտել է Սկյուտարի Սուրբ Խաչ վարժարանը, Փարիզում հետևել Սորբոնի և Կոլեջ դը Ֆրանսի գրականության ու փիլիսոփայության դասընթացներին։

1900 թվականին ամուսնացել է նկարիչ Տիգրան Եսայանի հետ և երկու դուստր լույս աշխարհ բերել։ 1908 թվականին վերադարձել է Պոլիս և տեսել, թե թուրքական իշխանությունն ինչպես է վերաբերվում հայերին։ 1909 թվականին նա մեկնել է Կիլիկիա, 1911-ին հրապարակել «Ավերակներու մեջ» գործը։

Забел Есаян (посередине) в Адане, 1909г.
Զապել Եսայանը (աջից` նստած) Ադանայում, 1909 թ

1915-ին խույս տալով ձերբակալությունից՝ ապաստանել է Բուլղարիայում, ապա Թիֆլիսում, եղեռնի մասին հիշողություններ հրատարակել Բաքվի «Գործ» ամսագրում։ 1918 թվականին Մերձավոր և Միջին Արևելքի երկրներում կազմակերպել է հայ տարագիրների և ողբերի հավաքման ու տեղավորման գործը։ Այդ տարիներին գրել է «Վերջին բաժակը» (1916), «Հոգիս աքսորեալ» (1919) վիպակները, բողոքել քաղաքական և սոցիալական անարդարությունների դեմ։ 1926 թվականին այցելել է Հայաստան և ստացած տպավորություններն ամբողջացրել «Պրոմեթէոս ազատագրուած» (1928) գրքում։ 1933 թվականին հաստատվել է Խորհրդային Հայաստանում։

1933 թվականին գրողի տեղափոխությունը Խորհրդային Հայաստան ճակատագրական եղավ. աշխատանքի հրավեր ստացավ Երեւանի պետական համալսարանից։ Ժամանակաշրջանը համընկավ ստալինյան բռնապետության տարիներին։ 1936 թվականին գրողների միությունում իր ելույթին հաջորդում է այդ տարիներին զանգվածային դարձած չարագուշակ երեւույթը՝ չսպասված ժամին դռան թակոցը, ապա եւ ձերբակալությունը։ Բաքվի բանտից գրողի գրած նամակները խոսուն են՝ նույն տոկուն, խիզախ կեցվածքը։ Նրա կյանքի դրամատիկական ավարտը՝ ողբերգական մահվան հանգամանքները մինչ այժմ անհայտ են։

Որոշ տվյալներով, նա մահացել է 1943 թվականին։

854