Տաքսի

Ինչպե՞ս վարվեցին «անթրաշ ու չստիկով» վարորդների հետ

761
(Թարմացված է 17:10 10.07.2017)
Անթրաշ, չստիկով, սիգարետը բերանին տաքսիստներին վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության հերթական նիստի ժամանակ կարմիր քարտ ցույց տվեց: Նա հանձնարարականներ տվեց տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին ու ոստիկանապետին: Sputnik Արմենիան պարզել է հանձնարարականի կատարման ընթացքը:

Գոհար Սարգսյան, Sputnik.

Գրող Խորեն Արամունին ապրում է Միացյալ Նահանգներում, բայց տարին մի քանի անգամ իր առջև պարտադիր պայման է դրել այցելել Հայաստան: Այդ այցերի ժամանակ հասկացել է, որ ինչպես զբոսաշրջիկին, այնպես էլ սփյուռքահային նայում են որպես փողի քսակի:

«Աղջկաս տանում էի օդանավակայան, տաքսու վարորդին հարցրինք` հաշվիչ ունե՞ս։ Ասաց` այո։ Հասանք, հարցրի` ի՞նչ պիտի վճարեմ: Ասաց` 5 հազար։ Նյադայնացա` չեմ վճարում, կարող ես ոստիկան կանչել։ Ասացի ու մի քիչ հեռացա: Ցավդ տանեմ հաշվիչ կա, օրենք կա, կարող ա… Ես մոտեցա մի քիչ այն կողմ կանգնած երկու ոստիկաններին, ասացի, որ տաքսու վարորդը մեզ կողոպտում է, գրպանս է մտնում, ի՞նչ անեմ: Ասացին` դե որ ուզում ա, տուր էլի, մենք ի՞նչ կարանք անենք, սոչիկ կա, օրենք կա: Բայց Երևանից մինչև այստեղ 12 կիլոմետր էլ չկա, ո՞նց 5 հազար… Հետո վարորդը մոտեցավ, 3 հազարով բարիշեց, ու փողը դեմը գցեցի»,- պատմեց Արամունին:

Գրողի համար երկրորդ զարմանքն էր տեսնել, թե ինչու են ոստիկաններն անտեղյակ այն փոփոխություններին, որ կատարվեցին վարչապետի հանձնարարականից հետո:

Хорен Арамуни в гостях у радио Sputnik Армения
© Sputnik/ Asatur Yesayants
Խորեն Արամունի

«Վերադարձին, գիշերը ժամը 2-ին նորից մոտեցա այդ ոստիկաններին, մեկը մեքենայի մեջ ննջում էր, հարցրի` լսել եմ այստեղից Երևան ժամը մեկ ավտոբուս է շարժվում… Խոսքս չավարտած` ասաց` խաբար չեմ, չգիտեմ: Մտա ներս, հարցրի օդանավակայանի ոստիկաններին, նրանք էլ տեղյակ չէին, մոտեցա տեղեկատուին, ասաց` այո, իջեք առաջին հարկ, դիմացը ավտոբուս է կանգնած, ժամը մեկ շարժվում է: Իջա: Այդպես էլ կար, վարորդը բարեհամբույր, կոկիկ հագնված երիտասարդ էր, ասաց` 10 րոպեից շարժվում ենք»,- պատմեց Արամունին: 

Նա գոհունակությամբ է նշում, որ ընդամենը 300 դրամ վճարելով՝ քաղաքակիրթ պայմաններում հասավ Երևանի կենտրոն:

Հիշեցնենք, որ կառավարության հերթական նիստերից մեկի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանն ասաց` «Զվարթնոց» օդանավակայանի մոտ աշխատող տաքսու վարորդներ կան, որոնք չեն համապատասխանում սահմանված նորմատիվներին ու հիասթափեցնում են Հայաստան ժամանող զբոսաշրջիկներին:

«Անթրաշ, չստիկով, սիգարետը բերանին, Սևանա լճի տեղ Երևանյան լիճ բերող վարորդներ, տարիֆների տարբեր կիրառում և այլն»,-ասաց նա:

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին նա հանձնարարեց մեկշաբաթյա ժամկետում «Զվարթնոց» օդանավակայանում տաքսի ծառայություններ մատուցողների հետ պրոֆիլակտիկ աշխատանքներ իրականացնել լիցենզավորման ոլորտում օրինախախտների գործունեության դադարեցման ուղղությամբ, քննարկել Երևան-Զվարթնոց գործող երթուղիների արդիականացման հնարավորությունը:

Մենք փորձեցինք նախարարությունից պարզել վարչապետի հանձնարարականի ընթացքը:

««Զվարթնոց» օդանավակայանում հարյուր վարորդների նկատմամբ վարչական վարույթ է իրականացվել, կազմվել են արձանագրություններ առանց լիցենզիայի գործունեություն ծավալելու համար: Հիմնականում ֆիզիկական անձիք էին, ամեն մեկի նկատմամբ արձանագրվեց հիսուն հազար դրամ վարչական տուգանք»,-ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տրանսպորտի տեսչության պետ Անդրանիկ Ասծատրյանը:

Նրա խոսքով՝ այսկերպ իրենք տաքսու վարորդներին պարտավորեցրել են գնալ, լիցենզավորվել, պետտուրք վճարել ու դառնալ հարկ վճարող:

«Երբ անցնում են լիցենզավորման ենթակա պրոցեսը, ձեռք են բերում սակաչափիչ, եթե ենթադրենք գազով են աշխատում, համապատասխան թույլտվություն են ձեռք բերում, իսկ նորմաներում նշված է, որ պետք է ունենա պատշաճ արտաքին տեսք, լինի սափրված, մեքենան պետք է լինի կահավորված, մաքուր, երաժշտությունը` ուղևորի ցանկությամբ, չծխի»,- ասաց նախարարության տրանսպորտի տեսչության պետը:

Ի դեպ, վարչապետ Կարեն Կարապետյանն իր հանձնարարականում դիմեց նաև ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ առաջարկելով պրոֆիլակտիկ աշխատանքներ իրականացնել փաստացի առանց լիցենզիայի գործող տաքսու վարորդների կողմից թույլ տրվող իրավախախտումների բացահայտման, կանխարգելման և պատասխանատվության միջոցներ կիրառելու ուղղությամբ:

«Մեկ տարի շարունակ մենք աշխատում ենք, բարձրացնում այդ խնդիրները, բավականին աշխատանք ունենք արած, մենք չենք կարողանում հասնել այն արդյունքին, որ նախկինում կասկածելի անցյալ ունեցող, ծանր հանցագործություններով դատված, նարկոդիսպանսերում հաշվառված անձինք, լիցենզիաներ չստանան, այդ հարցը լուրջ անհանգստություն է մեզ պատճառում»,-ասաց Գասպարյանը:

Մինչդեռ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից մեզ տեղեկացրին, որ լիցենզիաներ տալիս են՝ հիմնվելով ճանապարհային ոստիկանության տրամադրած վարորդական իրավունքների վրա:

Վարչապետն ու պաշտոնատար անձիք հավաստիացնում են, որ օդանավակայանի մոտ աշխատող տաքսու վարորդները հաճախ զբոսաշրջիկներին ուղեկցում են Երևանյան լիճ՝ այն ներկայացնելով որպես Սևան, ու դրա դիմաց նրանք 20-25 հազար դրամ են պահանջում։

Այնուամենայնիվ, հանձնարարականից անմիջապես հետո մի դրական տեղաշարժ եղավ: Ժամը մեկ պարբերականությամբ «Զվարթնոց» օդանավակայանից շարժվում են ավտոբուսներ, որոնցով երթևեկելը հարմար է, վարորդները չեն ծխում, իսկ մեքենաները մաքուր են: Օդանավակայանից Հանրապետության հրապարակ հասնելն էլ արժե ընդամենը 300 դրամ:

761