Բռնություն

Հայաստանում առկա են մանկական սեռական բռնության դեպքեր

1159
(Թարմացված է 21:27 08.07.2017)
Սեռական բռնության առյուծի բաժինը սոցիալական ցանցերում ծանոթությունների հետևանք է։ Ըստ պաշտոնական տվյալների` Հայաստանում յուրաքանչյուր երկրորդ օրը մանկական բռնություն է իրականացվում։

Ամալյա Պապյան, Sputnik.

Անցած տարի Հայաստանում արձանագրվել է մանկական բռնության շուրջ 200 դեպք,  որոնց մեծ մասը սեռական է։  Հարկ է նշել, որ տվյալ փաստը չի արտացոլում իրավիճակի ամբողջական պատկերը, քանի որ վիճակագրությունը կազմված է դիմում-բողոք ներկայացրած քաղաքացիների թվի հիման վրա` ստվերում թողնելով բռնության ենթարկված այն երեխաների դեպքերը, որոնք թաքցրել են հանցագործությունը։ Մանկական բռնությունն ունի հանցավոր և ոչ հանցավոր դրսևորումներ, օրինակ` երեխային հասցված մեկ ապտակը չի դիտվելու որպես հանցագործություն, եթե, իհարկե, չի հասցվել մարմնական վնասվածք։

2016 թվականին Հայաստանի քննչական կոմիտեում քննվել է 200 քրեական գործ, որոնցում տուժող է ճանաչվել 175 երեխա։ Այս հանցագործությունների շարքում կան նաև ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ, որոնց մեծ մասը սեռական բնույթի է։ Քննվել է 4 սպանության դեպք, անզգուշությամբ մահվան ելքով 4, ինքնասպանության պատճառ հանդիսացող 6, դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու 13 դեպք։ Քիչ չեն նաև դեպքերը, երբ անչափահասն անչափահասի հանդեպ է բռնություն իրականացնում: Այդպիսիք 24 են, որ նույնպես ենթակա են պատժի, քանի որ ՀՀ օրենքի համաձայն` արդեն 14 տարին լրացած երեխան պատասխանատու է իր արարքների համար։

Սեռական բնույթի հանցագործություն է համարվում նաև ամուսնությունը անչափահասի հետ։ Այս պարագայում նույնիսկ դիմում բողոքի կարիք չկա, հիմնականում այս մասին տեղեկություններ են ստացվում ծննդատներից։ Նույնիսկ այն հանգամանքը, որ սիրահարները պարզապես շտապել են համատեղ կյանքի անցնել փոխադարձ համաձայնությամբ և ունենալ երեխա, պատժելի է։

«Համարվում է, որ մինչև 16 տարեկան երեխան պատրաստ չէ սեռական կյանքի թե՛ ֆիզիոլոգիապես, թե՛ հոգեբանորեն և թե՛ սոցիալական պարտավորությունների լիարժեք գիտակցման հարցում», — շեշտադրում է ՀՀ քննչական կոմիտեի իրավական ապահովման և վիճակագրության վարչության պետ Դավիթ Թումասյանը։

Կան նաև պեդոֆիլիայի դեպքեր, որի բուժումն արդյունավետ է միայն հիվանդի ինքնակամ բուժման դեպքում։ Ապշեցնող փաստ է, որ մանկական բռնաբարության փաստեր են արձանագրվել ոչ միայն պեդոֆիլիայով տառապող մարդկանց կողմից, այլև վրեժխնդրության պատճառով` ծնողի հանդեպ։

Ցավալի է նաև արձանագրել, որ հոմոսեքսուալիզմի հիմնական պատճառ է հանդիսանում հենց մանկական սեռական բռնությունը։ Այս պատկերը ցայտուն տեսանելի է դառնում հոգեբանական կենտրոններում, երբ այցելուն խոստովանում է իր միասեռականության հակվածության պատճառը։

«Առկա են խորթ հոր, եղբոր կողմից սեռական բռնության դեպքեր, ընդ որում դրանք կրել են շարունակական բնույթ նաև չափահասության հասնելուց հետո»,- փաստում է «ՓՍԻ լայֆ» հոգեբանական աջակցման կենտրոնի ղեկավար, հոգեբան Լիլիթ Խաչատրյանը։

«Հույս և օգնություն» Հասարակական կազմակերպության հիմնադիր Ենոք Շատվորյան էլ համոզված է, որ պեդոֆիլիայի կանխարգելող արդյունավետ միջոց կարող է հանդիսանալ միջազգային փորձ ունեցող կենտրոնների ստեղծումը, ուր կարող են դիմել մարդիկ, որոնք անառողջ ցանկություններ են նկատում իրենց մեջ և մասնագետի օգնության կարիք ունեն։

Խնդրի լուծմանը կնպաստի նաև Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի վավերացումը, որն ընդունվել է դեռ 2010թ-ին, սակայն չի վավերացվել։

Русская версия

1159