Համբույր

«Բարև, ախպեր ջան» կամ համբույրները վերածնում են մարդուն

28
Հայերը սիրում են ոչ միայն կատակել, համեղ կերակուրներ համտեսել, այլև՝ համբուրվել։

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի — Sputnik. Այսօր ամբողջ աշխարհում նշում են Համբույրի միջազգային օրը, որը հորինել են բրիտանացիները։ Քնքշության այս դրսևորումն արտացոլում է ամենակարևոր հույզերը՝ համակրանքն ու սերը։

Հոգեբանի կարծիք

«Համբույրները շատ կարևոր են յուրաքանչյուրի համար: Համբույրը, գրկախառնությունը հոգեբանական նեցուկ են մարդու համար: Երբ երեխան նեղսրտում է և սկսում է լաց լինել, անմիջապես հանգստանում է, երբ մայրը գրկում ու համբուրում է նրան: Հասուն տարիքում էլ մարդուն չի լքում անընդհատ ջերմություն ստանալու պահանջը: Գրկելն ու համբուրելը մարդուն օգնում են, որ վերածնվի, ինքն իրեն սիրի», — Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց ընտանեկան հոգեբան Աննա Բադալյանը։

Ինչ վերաբերում է էրոտիկ համբույրներին, ապա դրանք, ըստ հոգեբանի, երկկողմանի «ծաղկող» էներգիա են հաղորդում երկուսին:

«Շատ հուզական էֆեկտներ են առաջանում՝ համ, բույր, և այդ հույզերը երկար ժամանակ կարող են պահպանել իրենց դրական ազդեցությունը: Ներաշխարհն ասես վերականգնվում է ածուխից, եթե, իհարկե, այդ համբույրը ցանկալի է», — ասաց հոգեբանը։

Հայերի «բրեժնևյան» համբույրը

Հայերն իրար հանդիպելիս ողջագուրվում են ու համբուրվում, ընդ որում՝ ոչ միայն կանայք, այլև՝ տղամարդիկ: Այսպիսի պահվածքը գուցե խորթ լինի եվրոպացիների մեծ մասի համար, և նրանք կարող են սխալ հասկանալ հատկապես հայ տղամարդկանց ջերմ համբույրները։ Բայց մեր երկրում դա ընդունված է այնքան, որքան մյուս երկրներում՝ ձեռքսեղմումը:

Բայց հայերը համբուրվում են ոչ միայն իրար հանդիպելիս, այլև տանը: Հայկական ընտանիքներում ծնողներն իրենց երեխաների հանդեպ սերն արտահայտում են հիմնականում համբույրների տեղատարափի միջոցով:

Ուշագրավ փաստեր

Հետաքրիր է, որ աշխարհում նաև «Ամենաերկար համբույր» խորագրով մրցույթ է անցկացվում: Ռեկորդակիրները թաիլանդացիներն են։ 2014 թվականին թիկնապահ Էկկահայ Տիրանարատը (44 տարեկան) և տնային տնտեսուհի Լակսանան (33 տարեկան), շուրթերն իրարից չհեռացնելով (դա մրցույթի գլխավոր պայմանն է) համբուրվել են ուղիղ 58 ժամ 35 րոպե և 58 վայրկյան:

Սակայն երկու անքուն գիշերից հետո համբերատար թաիլանդացիները հաղթանակը տոնել են Պատտայայի հիվանդանոցում։

Ի դեպ, որոշ գիտնականներ պնդում են, որ համբույրը ոչ միայն տրամադրությունը բարձացնելու միջոց է, այլև երիտասարդության բուժահեղուկ և դեմքի կնճիռների դեմ պայքարելու արդյունավետ վարժություն։

Русская версия

 

28