Մեծահասակներ

Աշխատանք մեծահասակների համար կամ ի՞նչ անել 50-ից հետո

149
(Թարմացված է 09:21 06.07.2017)
Հայաստանում գործազրկության խնդիրն արդիական է ինչպես երիտասարդների, այնպես էլ տարիքով մարդկանց համար։ Սակայն այս առումով, թերևս, ամենախոցելին նախաթոշակային տարիքի մարդիկ են։

Լիլիթ Հարությունյան, Sputnik.

Մեզնից յուրաքանչյուրն աշխատանք փնտրելիս տարաբնույթ հայտարարություններ է կարդում, որոնց մեծ մասում հստակ նշված է տարիքային սահմանափակումը։ Որպես կանոն՝ գործատուներին չեն հետաքրքրում 45-50 տարեկանները։

Հայաստանի քաղաքացիները թոշակի են անցնում 63 տարեկանում։ Սակայն պետք է նշել, որ միայն թոշակով ապրել, մեղմ ասած, հնարավոր չէ։ Համեմատության համար նշենք, որ հիմնական թոշակը կազմում է 16 հազար դրամ՝ չհաշված աշխատանքային ստաժի հավելումը։ Ստացվում է, որ այս կամ այն պատճառով աշխատանքը կորցրած մարդը հույսը պիտի դնի Աստծու վրա։ Իսկ միջին տարիքայինների շրջանում փորձառու ու լավ մասնագետներ, իսկապես, կան։

54 տարեկան Սյուզաննան տաղանդավոր ձևավորող-հրուշակագործ է։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում խոստովանեց, որ մի քանի տարի առաջ բազմաթիվ ուսանողներ ու պատվերներ է ունեցել։

«Երբ նոր էի սկսում տորթերի և տոնական սեղանների ձևավորմամբ զբաղվել, այս ոլորտում մասնագետներ գրեթե չկային։ Սակայն վերջին տարիների ընթացքում այդ ուղղությունը շատ պահանջված դարձավ։ Այսօր զգալիորեն կրճատվել է և՛ պատվերների, և՛ ուսանողների թիվը։ Որոշեցի աշխատանքի ընդունվել հրուշակեղենի որևէ արտադրամասում», — պատմեց Սյուզաննան։

«Մենք ձեզ կզանգենք» խոստումներից որևէ մեկն այդպես էլ իրականություն չդարձավ, իսկ ոմանք ավելի անկեղծ պատասխանեցին. «Կներեք, մենք ավելի երիտասարդ աշխատողների ենք փնտրում»։

Իրավիճակն, անշուշտ, վիրավորական է, բայց նաև սխալ կլինի միայն գործատուներին մեղադրելը: Բանն այն է, որ նշված տարիքային խմբի ներկայացուցիչները մեծացել են Խորհրդային Միությունում, որտեղ աշխատանքին ու կարիերային այլ կերպ էին մոտենում։ Եթե կոմունիզմը պահանջում էր դրված խնդիրները հստակ կատարել, ապա բարձր մրցակցության պայմաններում անհրաժեշտ է առավելագույնս բացահայտել հնարավորությունները։ Չի կարելի նաև անտեսել վերջին տասնամյակների գերարագ զարգացումը. մեծահասակներից քչերն են գլուխ հանում ժամանակակից տեխնոլոգիաներից, իսկ առանց դրա այսօր դժվար է պատկերացնել որևէ կազմակերպության կամ ձեռնարկության աշխատանքը։

Իհարկե, հոգեբանները մի շարք այլ պատճառներ էլ կթվարկեին, օրինակ՝ միջին տարիքի ճգնաժամ, հավակնություններ, աշխատունակության նվազում… Բայց շատ չխորանանք դրանց մեջ։

Մեր մյուս զրուցակիցը գործարար էր, որը չցանկացավ հրապարակել իր անունը, բայց անկեղծ խոստովանեց, որ իրեն ավելի հաճելի է երիտասարդ աշխատողների հետ գործ ունենալ։ Գործարարն ապրանք է արտահանում երկրից, և նրա ընկերությունում մոտավորապես 20 մենեջեր է աշխատում։

«Ինչու՞ պետք է աշխատանքի ընդունեմ «հին» մարդկանց, որոնք ամեն պատճառով հետս կվիճեն, եթե կարող եմ շրջապատել ինձ երիտասարդ գեղեցիկ աղջիկներով, մանավանդ, որ մասնագիտական առումով նրանք ոչ միայն չեն զիջում հին կադրերին, այլ շատ հարցերում գերազանցում են։ Չէ՞ որ լեզուների ու ժամանակակից տեխնոլոգիաների իմացությունը երիտասարդ սերնդի առանձնաշնորհն է», — ասաց ձեռներեցը։

Ի՞նչ անել

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2016 թվականի դրությամբ՝ Հայաստանում գրանցված է 16-62 տարեկան 210,1 հազար գործազուրկ։ Նրանցից 88,3 հազարը 40-62 տարեկան են։

Ինչպես և այլ երկրներում, Հայաստանում ևս իշխանությունը գործազրկության կրճատման ծրագրեր է իրականացնում։ Զբաղվածության պետական ծառայությունը երկու ծրագիր է իրականացնում նախաթոշակային տարիքի մարդկանց համար։

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում Զբաղվածության գործակալության տեղեկատվական բաժնի պետ Ցողիկ Բեժանյանն ասաց, որ առաջին ծրագիրը կոչվում է «Միանվագ հատուցում»։

«Մի ծրագրի շրջանակում գործատուին 50-200 հազար դրամ գումար է տրամադրվում, որպեսզի նա մեկ տարի ժամկետով պայմանագիր կնքի թեկնածուի հետ։ Այսպիսով՝ աշխատակիցը մեկ տարվա ընթացքում վերապատրաստվելու հնարավորություն է ստանում։ Գումարի չափը կախված է աշխատակցի հմտություններից», — ասաց Բեժանյանը։

Նրա խոսքով՝ մյուս ծրագիրը ևս ուղղված է փորձի և հմտությունների ձեռքբերմանը, բայց արդեն ուսումնական կենտրոններում։ Մասնավորապես, դա վերաբերում է շուկայում պահանջարկ ունեցող մասնագիտություններին։

Բեժանյանը նշեց, որ տվյալ տարիքային խմբի հետ ավելի դժվար է աշխատել։

«Հիմնական խնդիրը գործատուների կանխակալ վերաբերմունքն է, ժամանակակից տեխնոլոգիաների հետ աշխատելու կարողության բացակայությունն ու տևական ժամանակ չաշխատելու պատճառով հմտությունների կորուստը», — ավելացրեց նա։

Իհարկե, գործազուրկներից ոմանք ներգրավված են այս ծրագրերում, բայց խնդիրը, միևնույն է, չի լուծվում:

Աշխատանքի տեղավորման գործակալություններից մեկում մեզ հայտնեցին, որ այդ տարիքային խմբի ներկայացուցիչները հաճախ են իրենց դիմում, և մոտավորապես կեսին հաջողվում է աշխատանքի տեղավորել։

45 տարեկանից բարձր մարդիկ, գործակալության աշխատակցուհու խոսքով, ներգրավված են գործունեության բոլոր ոլորտներում, բացի գրասենյակային աշխատանքից։

«Նրանք աշխատանք են գտնում արտադրամասերում, դառնում են խոհարարների օգնականներ, դայակներ, նաև մասնակցում են քաղաքի կանաչապատման և մաքրման աշխատանքներին»,- նշեց նա։

Ստացվում է՝ ծրագրեր կան, բայց 45 տարեկանից հետո աշխատանք գտնելու խնդիրը շարունակում է արդիական մնալ։ Նշանակում է՝ միայն պետական ծրագրերը չեն կարող փոխել իրավիճակը, և ավելի արդյունավետ միջոցներ են պետք։ Օրինակ՝ կարելի է ծրագիր իրականացնել, որով գործատուներին որոշակի հարկային արտոնություններ կտրվեն՝ նախաթոշակային տարիքի մարդկանց գործի ընդունելու համար։ Այս դեպքում գործարարները կարող է այլ կերպ վերաբերվեն խնդրին։

Մի խոսքով, թեև խնդիրը հեշտ չէ, բայց մեծ ցանկության և ճիշտ մոտեցման դեպքում կարելի է լուծել։ Ուրիշ երկրների փորձն էլ կարող է օգնել այս հարցում։

Ի վերջո, ինչպես ասում են, 40 տարեկանում կյանքը նոր է սկսվում։

Русская версия

149