ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. Բժիշկներն այժմ այցելում են բոլոր այն հիվանդանոցները, որտեղ գտնվում են նախօրեին ծնված փոքրիկները։ «Էրեբունի» ԲԿ-ի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանի խոսքով` նրանց առողջական վիճակն այս պահին կայուն է։
«Ծնվելուն հաջորդող առաջին 10 օրը նրանց վիճակը պետք է կայուն լինի, հետո պետք է սկսեն քաշ հավաքվել, այնուհետև լուծվեն անհաս երեխաներին բնորոշ մյուս խնդիրները»,- ասաց Մանուկյանը։
Նրա խոսքով` երեխաները դեռ շնչում են արհեստական սարքերի օգնությամբ։
«Ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես մենք սպասում էինք։ Երեխաները շատ փոքր էին, և մեկ-երկու օրվա ընթացքում նրանց վիճակը չէր կարող կտրուկ լավանալ»,- ասաց նա։
Մանուկյանը շեշտեց, որ փոքրիկները գտնվում են մասնագետների հսկողության ներքո։
«Նրանք սովորական անհասներ չեն, այլ` ծայրահեղ անհասներ, բայց մենք ամեն ինչ անում ենք, որ լավ լինի։ Եվ վստահ եմ, որ այդպես էլ կլինի»,- ասաց նա։
Մանուկյանի խոսքով` փոքրիկների մոր առողջական վիճակը լավ է։
Նշենք, որ երեկ` մայիսի 3-ին, Արշալույս գյուղի 23-ամյա Լուսինե Պողոսյանը լույս աշխարհ է բերել միանգամից 5 զավակ` չորս աղջիկ և մեկ տղա։
Փոքրիկները (չորս աղջիկ և մեկ տղա) լույս աշխարհ են եկել 600, 820, 840, 840 և 880 գրամ քաշով։ Անհրաժեշտ վերակենդանացման միջոցառումներ ցուցաբերելուց անմիջապես հետո նորածիններից երկուսը` տղան և աղջիկներից մեկը, տեղափոխվել են «Մուրացան» բժշկական համալիր։
Նորածիններից մեկը տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի, իսկ մյուսը` Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքներ։ Փոքրիկներից մեկը մնացել է «Էրեբունի» ԲԿ-ի նորածնային վերակենդանացման բաժանմունքում։
Արցախում մարտական գործողությունների ժամանակ տարբեր վիրավորումներ ստացած տղաներից շատերը բուժվում են Գյումրու Վերականգնողական կենտրոնում: 87 զինծառայող պետպատվերի շրջանակներում արդեն ավարտել է վերականգնողական փուլը:

Կենտրոն դիմած տղաների վիրավորումները տարբեր են՝ հրազենային, բեկորային, այրվածքային՝ բուժումներն էլ համապատասխանաբար՝ մերսումներ, թերապևտիկ ու մարզասարքերի վարժանքներ՝ վերջույթների, ողնաշարային ֆունկցիոնալ խանգարումների ու նյարդային համակարգի գործունեության վերականգնման համար: Տղաներից շատերը, մինչև վերականգնողական փուլին անցնելը, մի քանի բարդ վիրահատություն արդեն ունեցել են: Իսկ վերականգնումը, ըստ մասնագետների, հիմնականում երկարատև գործընթաց է։
«Մեզ մոտ վերականգնողական փուլ անցած զինվորների մի մասին արդեն ճանապարհել ենք ծառայության: Եղել են տղաներ, որ երկրորդ կամ երրորդ փուլով են եկել, օրինակ՝ պրոթեզավորումից հետո: Այս պահին 42 երիտասարդ է բուժման կուրս անցնում»,-Sputnik Արմենիային տեղեկացրեց կենտրոնի տնօրեն, բժշկուհի Անահիտ Աղաջանյանը հավելելով, որ գրեթե բոլորի մոտ, ֆիզիկական վնասվածքներից բացի, հոգեբանական վնասվածքներն ավելի խորն են:

«Հոգեբանական խնդիրները շատ են, բայց փորձում ենք այնպես անել, որ ֆիզիկական կարողությունների վերականգնումից բացի նաև տղաների ժպիտը վերադարձնենք»,-նշում է բժշկուհին ընդգծելով՝ տղաներից շատերը վերականգնումից հետո ցանկություն են հայտնում շարունակել ծառայությունը: «Ապշեցնող է՝ ինչքան կամք, ինչպիսի ոգի ու հայկականություն կա մեր տղաների մեջ»,-ասում է Անահիտ Աղաջանյանը:
Սարգիս Սարգսյանը սպա է, վիրավորվել է կասետային ռումբի պայթյունից հոկտեմբերի 14-ին՝ Մատաղիսում: Առաջնային բուժումը ստացել է «Աստղիկ» բժշկական կենտրոնում:

Արդեն երկու ամիս է՝ կենտրոնում է, ու արդյունքը Սարգիսը տեսանելի է համարում:
«Բուժումը դրական արդյունք է տվել, վստահ եմ ՝ ևս 1 ամիս, ու մատներս կկարողանամ ազատ շարժել ու վերադառնալ մարտական ծառայության»,-նշում է երիտասարդը:
Մուշեղ Մարտիրոսյանը ևս սպա է, 23-ամյա երիտասարդը ծառայել է հակաօդային պաշտպանության զորքերում, վիրավորումը ստացել է պատերազմի հենց առաջին օրը՝ Մարտակերտի շրջանում: Վերականգնողական բուժման երկրորդ ամիսն է:

«Երբ նոր էի եկել, քայլել չէի կարողանում, հիմա արդեն լավ քայլում եմ: Նպատակս ամբողջովին վերականգնվելն է, որից հետո կմտածեմ, թե ինչ մասնագիտություն ընտրել. վիրավորումներիս պատճառով, ցավոք, այլևս չեմ կարող ծառայությունս շարունակել»,-ասում է երիտասարդը:
Վերականգնողական կենտրոնում բուժվողներից շատերը դժգոհում էին՝ վիրավորումների պատճառով այլևս չեն կարող վերադառնալ ծառայության, թեև իրենք իրենց գործն ավարտած չեն համարում:

«Ուզում են ինձ զորացրեն, բայց ես ինձ դեռ ոչ պիտանի չեմ համարում, ու վերականգնողական կուրսն անցնելուց հետո կկարողանամ շարունակել ծառայությունս, իմ երազանքը հիմա միայն դա է: 11 տարի ես մարտական ծառայություն եմ իրականացրել ու հիմա չեմ կարող թողնել»,-նշում է Պետրոս Հուրիխանյանը։
Հավելենք, որ Գյումրու վերականգնողական կենտրոն գալիս են զինվորական կենտրոնական հոսպիտալի հանձնաժողովի կողմից տրված ուղեգրով:
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր` մարտի 5-ին հարավային շրջաններում, 7-ի կեսօրից հետո, 8-ին, 9-ի գիշերը շրջանների զգալի մասում, 9-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով։ Մարտի 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան՝ 5-10 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 5-6-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, 8-ի ցերեկը նույնքան կնվազի։
Երևան քաղաքում մարտի 5-6-ը, 7-ի գիշերը, 9-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-ի երեկոյան ժամերին, 8-ին, 9-ի գիշերը սպասվում են տեղումներ:
«Հորս արև, ես հայերեն չեմ խոսում», կամ 22-ամյա իրաքցի Ալաայի առօրյան Երևանում


