Սամվել Աբգարյան

Բարի երթուղի. Սամվել Աբգարյանը Չելյաբինսկում գերազանցիկներին անվճար է տեղափոխում

22
(Թարմացված է 11:11 12.04.2017)
Չելյաբինսկի երթուղային տաքսիներից մեկում ուղևորների համար ոչ սովորական արտոնություններ են գործում, որոնք սահմանել է Սամվել Աբգարյանը։

ԵՐԵՎԱՆ, 12 — Sputnik. Չիտայից Չելյաբինսկ տեղափոխված Սամվել Աբգարյանը գերազանց սովորող դպրոցականներին անվճար երթևեկելու հնարավորություն է ընձեռել, գրում է «Аргументы и Факты. Челябинск» թերթը։

Ըստ պարբերականի` Աբգարյանը Չիտայից Չելյաբինսկ է տեղափոխվել մեկուկես տարի առաջ։ Չելյաբինսկում երթուղայինով նա անվճար տեղափոխում է գերազանցիկներին, հղի կանանց, իսկ «չորս» ստացողների համար էլ նվազեցնում է ուղեվարձի գինը։

Պարբերականը նշում է, որ վարորդի համբավն արագ տարածվել է Չելյաբինսկում, և երթուղայինն այժմ մեծ պահանջարկ ունի տեղի բնակիչների շրջանում։

«Բելի Խուտոր միկրոշրջանի երեխաները, օրագրերը բռնած, սպասում են մեքենային։ «Հինգի» դեպքում կարելի է անվճար տուն հասնել, «չորսի» դեպքում` զեղչով (15 ռուբլով)։ Կլոր փորիկի առկայության դեպքում էլ զեղչ է հասնում հղի կանանց»,- գրում է պարբերականը։

Վարորդն ասում է, որ իր արածը ոչ մեկանգամյա ակցիա է, ոչ էլ պոպուլիզմ։

Նա երկու որդի ունի։ Ի դեպ, փոքրը հաջորդ տարվանից նույնպես սկսելու է հոր հետ երթուղայինով դպրոց գնալ։

Աբգարյանն աշխատանքի է գնում պատշաճ տեսքով` դասական տաբատ և սպիտակ վերնաշապիկ. սա է բարի վարորդի համազգեստը։

Ռուսաստանում տրանսպորտային ոլորտում աշխատող հայերն արդեն բազմաթիվ անգամ են հայտնվել լրագրողների ուշադրության կենտրոնում։ Օրինակ` «Վոլգոգրադ-Վոլժսկի» №123 երթուղային ավտոբուսի վարորդ Ուսուբ Քոչարյանը մեծ զեղչեր է անում այն ուղևորների համար, որոնք երթուղային մտնելիս բարևում են ու ժպտում։ Իսկ Արմենակ Մովսիսյանը Կրասնոդարում անվճար տեղափոխում է հղի կանանց։

Русская версия 

22