Նորածին

Դժբախտությունն ուրիշինը չի լինում. ինչպես է հայն օգնում ղրղըզ կնոջը

86
(Թարմացված է 10:32 06.04.2017)
Երիտասարդ կինը չի կարողանում վերադառնալ հայրենիք, և նա իր 3 ամսական որդու հետ ստիպված ապրում է վագոն–տնակում։ Կա մի բարի մարդ, որն այս կնոջը մենակ չի թողել դժբախտության հետ։

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի — Sputnik. Ղրղըզստանցի Գուլսանայը 12 հազար ռուբլի է պարտք ծննդատանը, այդ պատճառով էլ նրա երեխան ծննդյան վկայական չի ստացել։ Երիտասարդ կնոջ ծնողները նույնպես չեն կարող օգնել իրենց դստերը։ Այս մասին պատմում է Sputnik Ղրղըզստանը։ Գուլսանայի խոսքով` հայրենիք վերադառնալ չի կարող և ապրում է մետրոյի «Ռեչնոյ վոկզալ» կայանի մոտ գտնվող վագոն-տնակում։

22-ամյա կինը պատմում է, որ որդին ծնվել է հունվարի 15-ին, երեխայի հոր հետ պաշտոնապես ամուսնացած չեն եղել, ու նա անհետացել է զավակի ծնվելուց անմիջապես հետո։

«Ամուսինս հայտնեց, որ հունվարի վերջին նրան Ռուսաստանից արտաքսել են Ղրղըզստան։ Ավելի ուշ գրեց, որ Սանկտ Պետերբուրգում է, աշխատանք է գտել, բայց մեզ մոտ գալ չի ուզում։ Հիմա մենք չենք շփվում»,- ասել է Գուլսանայը։

Կինն ապրում է մի հայի մոտ, որի հետ ժամանակին աշխատել են Գուլսանայի բարեկամները։ Կնոջ եղբայրը խնդրել է օգնել քրոջը, և հայը չի մերժել։

«Ծննդատնից հետո այստեղ եմ եկել։ Տանտերն օգնում է, վարձ չի ուզում, նույնիսկ տակաշորեր ու մանկական կեր է գնում երեխայի համար»,- պատմել է կինը։

Նա նշել է, որ ձմեռը հաղթահարելը դժվար է նույնիսկ Ղրղըզստանում, իսկ «ռուսական ցրտերի մասին բոլորը գիտեն»։

Զարմանալի չէ, որ երեխան հիվանդացել է, բայց Գուլսանայը չի կարող դիմել բժիշկներին, քանի որ փոքրիկը ծննդյան վկայական չունի, և փոքրիկին կարող են վերցնել համապատասխան մարմինները։

«Երբ երկունքի ցավերը սկսվեցին, ինձ շտապօգնության մեքենայով տեղափոխեցին վճարովի ծննդատուն։ Քանի դեռ ես 12 հազար ռուբլի չեմ վճարել, ծննդյան վկայական չեն տա։ Բայց ես հիմա մի կոպեկ էլ չունեմ»,- ասել է կինը` չթաքցնելով արցունքները։

Գուլսանայը պատմել է նաև, որ անցած տարի մահացել է բարեկամներից մեկը, որը նույնպես Ռուսաստանում է բնակվել։ Նրա մարմինը հայրենիք տեղափոխելու համար կնոջ ծնողները վարկ են վերցրել ու չեն կարողանում պարտքերից ազատվել, այդ պատճառով էլ չեն կարողանում օգնել նաև երիտասարդ կնոջը, որպեսզի նա վերադառնա Ղրղըզստան։

Русская версия

86