ԵՐԵՎԱՆ, 22 մարտի — Sputnik. «Ջնար» ավանդական երաժշտության անսամբլը մարտի 20-ին համերգով հանդես եկավ ՀՀ Կոտայքի մարզի Լուսակերտի հրետանային ուսումնական զորամասում, որտեղ կրտսեր հրամանատարներ են պատրաստվում: Այս մասին հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը։
Համերգի սկզբում զորամասի հրամանատարի անձնակազմի գծով տեղակալ, փոխգնդապետ Հ. Գևորգյանը ներկայացրեց զորամասի ստեղծման պատմությունը և անցած մարտական ուղին, ինչից հայտնի դարձավ, որ զորամասը բազմիցս լավագույն է ճանաչվել և պարգևատրվել «Լավագույն ուսումնական զորամաս» պատվոգրով:
Անսամբլի ելույթը ոգևորությամբ ընդունվեց և արժանացավ բարձր գնահատականի ու բուռն ծափողջյունների: Համերգի ավարտին ելույթ ունեցան նույն զորամասի շնորհալի զինվորներից մի քանիսը, որոնք անսամբլի նվագակցությամբ հայրենասիրական երգեր երգեցին:
Ընդհանուր միջոցառումն ավարտվեց դհոլի և զուռնայի ուրախ պարեղանակներով, որոնց ընթացքում զինվորները հայկական ավանդական պարեր պարեցին:
Համերգի ավարտին գնդապետ Ա. Պետրոսյանը «Ջնար» ավանդական երաժշտության անսամբլի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հ. Սահակյանին հանձնեց պատվոգիր՝ բանակ ու հասարակություն՝ մշակութային կապերի ամրապնդման համար: