Գրիպ

Սպասենք մինչև ապրիլ կամ երբ կազատվենք սուր շնչառական վարակներից

27
(Թարմացված է 12:59 21.03.2017)
Հայտնի է, որ սուր վարակիչ հիվանդությունների տարածման համար գարնան առաջին երկու ամիսները «բարենպաստ միջավայր» են ստեղծում։ Այս տարին բացառություն չէ։ Սուր վարակիչ հիվանդությունների տարածման ընթացքին մշտապես հետևող Լիանա Թորոսյանը զգուշացնում է` այդ հիվանդությունները դեռ չեն նահանջում։

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի — Sputnik. Վերջին տեղեկություններով` Հայաստանում առավել տարածված է «B» տեսակի գրիպը։

«Հիմա սուր վարակիչ հիվանդությունների տարածման շրջան է: Տարվա ընթացքում ունենում ենք սուր շնչառական հիվանդությունների երկու պիկ, մեկը տեսանք նոյեմբեր ամսին, երկրորդը սկսվել է փետրվար ամսից և շարունակվում է նաև այսօր»,- ասաց ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը։

Իսկ սուր վարակիչ հիվանդությունների կանխարգելիչ միջոցառումները նույնն են` հագնվել եղանակին համահունչ, սահմանափակել շփումները հիվանդ անձանց հետ ու հաճախակի լվանալ ձեռքերը։ Հիվանդանալու դեպքում էլ չպետք է զբաղվել ինքնաբուժությամբ, փոխարենն անհրաժեշտ է դիմել բժշկի օգնությանը։ Թվում է, թե այս կանոնները գիտեն բոլորը։ Իրականում դիտարկումները ցույց են տալիս, որ տեսականորեն դրանք գիտեն բոլորը, բայց գործնականում քչերն են կիրառում։

Лиана Торосян
© Sputnik/ Asatur Yesayants
Լիանա Թորոսյան

«Վարակն ակտիվ կլինի մինչև ապրիլ»,- շտապեց տեղեկացնել Լիանա Թորոսյանը։

Առողջապահության նախարարության ներկայացուցիչը հայտնեց, որ նախորդ տարվա համեմատ հիվանդանոցներում ծանրաբեռնվածությունը թուլացել է։ Հոսպիտալացվածների հիմնական հատվածը մինչև 5 տարեկան երեխաներն են։

27