Մամուդ Շավերշյան

Ինչպես է Մամուդ Շավերշյանը «հաց բերող» դարձել Ռուսաստանում

84
(Թարմացված է 12:42 21.03.2017)
Ինժեներ Մամուդ Շավերշյանը Ռուսաստան է տեղափոխվել 25 տարի առաջ։ Սկզբում աշխատել է մասնագիտությամբ, հետո սկսել է բիզնեսով զբաղվել և մթերային խանութ է բացել։ Տեսնելով, որ տատիկները դրամարկղի մոտ կոպեկներն են հաշվում, որոշել է անվճար հացի կտրոններ տպել։ Բայց նախաձեռնությունը ոչ միայն երախտագիտության է արժանացել, այլ նաև վրդովմունքի։

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի — Sputnik. Ստրունինո քաղաքում մթերային խանութի սեփականատեր, Հայաստանում ծնված, ազգությամբ եզդի Մամուդ Շավերշյանն անվճար հաց է բաժանում աղքատներին, ինչի համար որոշ մարդիկ դիմել են դատախազություն, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատակազմ և խոստացել են բանտ ուղարկել նրան, գրում է «Կոմերսանտը»։

«Գյուղի բնակիչները վստահ են, որ գործարարը դա անում է ոչ թե սեփական ցանկությամբ, այլ նախագահի հրամանով, և իրենց նախատեսվածից քիչ է տալիս»։ Իր ձեռնարկատիրական գործունեության արշալույսին Մամուդը նկատել է, որ շատ տատիկներ բառացիորեն կոպեկներն են հաշվում դրամարկղի մոտ, որպեսզի վճարեն հացի համար։ Այդ ժամանակ նա որոշել է, որ պետք է օգնի բնակչության ամենախոցելի խավերից մեկին։

«Նա հաշվել է, որ միջին վիճակագրական տատիկին երկու օրվա համար մեկուկես հացը բավական է, իսկ երրորդ օրը նա նորից կգա թարմ հացի հետևից, և գործարարը հայտարարություն է գրել. «Ստրունինո քաղաքի Դուբկա միկրոշրջանի բոլոր թոշակառուներն ամսվա վերջին օրը կարող են անվճար հացի 10 կտրոն ստանալ»։ Սկզբում կտրոնները բաժանել են միայն թոշակառուներին, հետո սկսել են դիմել հաշմանդամություն ունեցող մարդիկ, բազմազավակ ծնողները։ Հիմա գալիս են հարևան գյուղերից», — գրում է հոդվածի հեղինակ Նատալյա Ռադուլովան։

Пенсионерка из Струнино
Գյուղի թոշակառուներից

Մամուդն իշխանություններից ոչ մի շնորհակալագիր չի ստացել։ Շատերը նրա մեջքի հետևում խոսում են` իզուր չէ, որ նա այդքան բարի է, նշանակում է` մեղքերն է քավում։

Խանութի աշխատողներից մեկը պատմում է, որ ժամանակին բողոքել է, ասել, որ մարդիկ չեն գնահատում Մամուդի բարությունը, իսկ նա միայն հանգստացրել է. «Աղջիկներ, այդ մարդկանց ոչ ոք երբեք չի օգնել, ուստի նրանք չեն հավատում բարությանը և չարանում են»։ Իսկ նրա կինը` Ռոզան, ասում էր. «Մամուդ, ինչո՞ւ ես այդքան փող և նյարդեր վատնում, չէ՞ որ քեզ միայն անիծում են այդ հացի համար», իսկ հետո տեսել է, թե ինչպես է մի ծերունի խանութում մոտեցել ու փորձել է համբուրել ամուսնու ձեռքը, իսկ վերջինս վախեցած է հետ է քաշել ձեռքը։ Ռոզան արտասվել է և ավելի ուշ խնդրել. «Մամուդ, խնդրում եմ, հանուն ինձ, հնարավորություն գտիր և ցուցակում ևս 50 հոգու ներառիր»։

Բացի այդ, Մամուդն արդեն տևական ժամանակ է` աջակցում է այն դպրոցին, որտեղ սովորել է։

Մամուդի պապիկը կռվել է Հայրենական մեծ պատերազմում ու զրկվել ոտքից։ Նրա պապն իր բոլոր որդիներին անվանել է ի պատիվ մարտական ընկերների։ Այդպես Մամուդի հորն անվանել են Մաքսիմ։ Մամուդ Շավերշյանը պարգևներ չի ակնկալում, նա պարզապես ուզում է, որ բոլորը կուշտ լինեն։

Русская версия

84