ԵՐԵՎԱՆ, 17 մարտի — Sputnik. ՀՀ ԳԱԱ գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքներին նվիրված տարեկան ընդհանուր ժողովի ընթացքում ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը ներկայացրել է ակադեմիայի կազմակերպությունների գիտական կարևորագույն արդյունքներն ու կիրառական մշակումները, անդրադարձել հաշվետու տարում միջազգային համագործակցության ուղղությամբ իրականացված աշխատանքներին, գիտական կադրերի պատրաստման և գիտական հետազոտությունների ակտիվացման գործում ԳԱԱ ծրագրերին ու մի շարք այլ ուղղություններով 2016 թվականին ակադեմիայի գործունեությանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Հանրապետության նախագահը նշել է՝ նկատի առնելով, որ հանրապետությունում այժմ նախընտրական քարոզչության ժամանակաշրջան է, զերծ կմնա ելույթից և պատրաստակամություն է հայտնել պատասխանել ժողովի մասնակիցներին հետաքրքրող հարցերին, լսել նրանց առաջարկությունները:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր նաև շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ԳԱԱ իսկական անդամ, պրոֆեսոր Սերգեյ Համբարձումյանին ծննդյան 95-ամյակի կապակցությամբ՝ այդ նշանակալի հոբելյանի առթիվ մաղթել նրան առողջություն և ազգանվեր գործունեությունը շարունակելու ուժ ու կորով:
Նախագահի շնորհավորական խոսքում ասված է.
«Անուրանալի է Ձեր ավանդը ճարտարագիտության, մեխանիկայի և կրթության ասպարեզներում, որն իր արժանի գնահատականն ու ճանաչումն է ստացել ինչպես Խորհրդային Միությունում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:
Գնահատելի է Ձեր երկարամյա մանկավարժական գործունեությունը: Տասնամյակներ շարունակ հիմնարար գիտության լավագույն ավանդույթները երիտասարդ սերնդին փոխանցելու առաքելությունը Դուք կատարել եք պատվով և մեծ բծախնդրությամբ: Գիտական հետազոտությունների կազմակերպչի տաղանդը լավագույնս բացահայտվել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում և Երևանի պետական համալսարանում Ձեր աշխատելու տարիներին:
Մեծ գնահատանքի է արժանի նաև Ձեր հասարակական և քաղաքական գործունեությունը: Անգամ ամենադժվարին պահին Դուք երբեք չընկրկեցիք և հայ մտավորականին վայել արժանապատվությամբ պաշտպանեցիք Հայաստանի ազգային շահերը, հատկապես՝ Արցախի հարցում»: