Սուրբ Սարգիս

Վալենտին VS Սուրբ Սարգիս. ո՞րն է ավելի հոգեհարազատ հային

847
(Թարմացված է 16:18 11.02.2017)
Փետրվարի 11-ին, առաջավորաց պահքից հետո, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդները նշում են Սուրբ Սարգիս զորավարի՝ հայ եկեզեցու և հայ ժողովրդի կողմից ընդունված արագահաս սրբի տոնը, իսկ մի շարք երկրներում փետրվարի 14-ին ընդունված է տոնել Վալենտինի կամ սիրահարների օրը, որը, հատկապես վերջին տարիներին, Հայաստանում էլ է տարածում գտել:

Արմենուհի Մխոյան, Sputnik.

Ինչ անե՞լ՝ աղի բլիթներ թխել ու երազներին հավատալը, թե՞ կարմիր սրտիկների գնել, գեղեցիկ փաթեթավորել ու սիրային քառյակներով սիրելիին նվիրել:

Եթե ոմանք Վալենտինի տոնը պարզապես սրտիկների ու գեղեցիկ փաթեթավորման հրապուրանք են ընդունում և ոչ որպես եկեղեցական տոն, ապա շատ հայ քրիտոնյաների համար սա մտահոգիչ երևույթ է՝ ազգայինը կորցնելու վտանգ: Այս պարագայում մեր ազգային տոնը ընդունողները խորհուրդ են տալիս նժարի վրա դնել ո՞վ է Սուրբ Սարգիսը և ո՞վ Վալենտինը հարցերի պատասխանները:

Ս. Սարգիս զորավարն ամենասիրված սրբերից է: Իր որդու` Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նա նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Ս. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Այդ օրը հիշատակելի սովորույթններից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին և սպասել Ս. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: 

Վալենտինի օրը, որպես սիրո տոն, նշվում է փետրվարի 14-ին: Քրիստոնյա Վալենտինի կյանքի մասին համարյա ոչինչ հայտնի չէ:

Празднование Дня святого Валентина
© Sputnik / Евгения Новоженина

Լեգենդը պատմում է, որ Տերնի եպիսկոպոսը, որը մի երիտասարդ էր, հատուկ մոտեցում էր ցուցաբերում երիտասարդ սիրահարներին, օգնում էր գրել նամակներ`սիրո խոստովանությամբ, հաշտեցնում էր խռովածներին, տալիս էր ծաղիկներ երիտասարդ հարսնացուներին: Բայց այդ ժամանակ հռոմեական կայսրը արգելում էր կայսերական զինվորներին սիրահարվել և ամուսնանալ, իսկ Վալենտինը գաղտնի պսակադրում էր զինվորներին: Ամեն դեպքում, Վալենտինը սրբացված չէ՝ երկրպագվելու համար, ու ամբողջ աշխարհում այս տոնը նշվում է որպես սիրո համար խելահեղ քայլեր կատարելու տոն:

Հավանաբար, հենց սերն արտահայտելու յուրահատուկ տարբերակն է պատճառը, որ Վալենտինն ավելի շատ ընտրում են երիտասարդները:

Այն, որ տոնը կմնա ազգային, եթե դա ժողովրդական տարածում ունենա, նշում է հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ազգագրագետ Կարինե Սահակյանը՝ Սբ Սարգսի տոնը անվանելով դարերի փորձություն բռնած տոն: «Խնդիրն այն է, թե մենք ինչքանով ենք իրազեկ Սբ Սարգսի տոնի մասին, Սուրբ Սարգսին առնչվող ժողովրդական ավանդույթները, հավատալիքները ծիսական ու դիացաբանական կերպարները ինչքանո՞վ է ամրագրված մեր մեջ: Պետք է ասեմ, որ Շիրակի մարզում այս ավանդական տոներն ավելի ամրագրված են, քան մյուս մարզերում, քանի որ Գյումրին ավանդապահ ու ավանդույթները հարգող քաղաք է:

  • Սբ Սարգսի տոնի փոխինդ
    Սբ Սարգսի տոնի փոխինդ
    © Sputnik / Armenuhi Mkhoyan
  • Սբ Սարգսի տոնի բլիթ
    Սբ Սարգսի տոնի բլիթ
    © Sputnik / Armenuhi Mkhoyan
  • Սբ Սարգսի տոնի տոնական սեղան
    Սբ Սարգսի տոնի տոնական սեղան
    © Sputnik / Armenuhi Mkhoyan
1 / 3
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Սբ Սարգսի տոնի փոխինդ

Այդ առումով էական չէ՝ մեզանից քանի տոկոսն է Վալենտինը նշում, քանիսը՝ Սբ Սարգիսի: Սուրբ Սարգիսը մեր ենթագիտակցման մեջ մտած տոնն է և ավելի հոգեհարազատ է մեզ, այն մեր գենետիկայի մեջ է,-նշում է Կարինե Սահակյանը՝ մեջբերելով տոնի հավատալիքներից մեկը՝ նախատոնակին պետք է կտրել մազերց մի փունջ ու հանձնել քամուն՝ ասելով՝ Թող Սբ Սարգիսը տանի մեր բոլորի ցավերը և կատարի մեր բոլոր երազանքները: Այդ օրը պետք է տան դուռը բաց թողնել, չի կարելի մազ սանրել՝ Սբ Սարգսի ձիու ոտքին թնջուկ կլինի: Շատ էական են նաև սրբի հետ կապված երազները:

«Բնական է, որ մենք շատ ավելի տեղեկացված ենք Սբ Սարգիս զորավարի մասին, քան Վալենտինի, մինչև վերջ էլ պարզ չէ, ով է Վալենտինը, նա ընդամենը սրբացվել է 5-րդ դարում, իսկ 1969 թվականին կաթոլիկ եկեղեցին Վալենտինին հանեց իր սրբերի շարքից: Այստեղ՝ Վալենտինի պարագայում, մենք գործ չունենք պաշտանմունքի հետ, մինչդեռ Սբ Սարգսի դեպքում հենց պաշտանմունքի հետ գործ ունենք:

Վալենտինի պարագայում մենք գործ ունենq կոմերցիոն կողմի հետ, երբ պետք է վաճառել կարմիր վարդ կամ սրտիկ և ստանալ գերշահույթ և սա ընդամենը բիզնես է և դրա համար հակադրել այս երկու տոները պետք չէ»,-նշում է պատմաբան Լիլիթ Ասոյանը:

Ամեն դեպքում, նույնիսկ նրանք, ովքեր կողմ են Վալենտինի տոնին սրտիկներ ու ծաղիկներ նվիրելուն, հավատացնում են՝ Սբ Սարգսի օրը եկեղեցի են այցելում և դիմում են զորավարի բարեխոսությանը: Իսկ ծաղիկ ստանալ ու սիրո խոստովանություն լսել հաճելի է տարվա բոլոր օրերին:

Русская версия

847