Ալինա Խաչատրյան

Հայ ուղեղների ապագան Էդինբուրգի համալսարանի ուսանողուհու «ձեռքերում է»

1200
(Թարմացված է 11:08 07.02.2017)
Մի օր հայ ուսանողուհին սխալ հայտնաբերեց ուղեղի վրա ալկոհոլի ազդեցության մասին գիտական ուսումնասիրություններից մեկում:

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի — Sputnik, Դավիթ Գալստյան. Հայաստանից Ալինա Խաչատրյան անունով մի ուսանողուհի աշխարհի ամենաառաջադեմ համալսարաններից մեկում` Շոտլանդիայի Էդինբուրգի համալսարանում, ուսումնասիրում է նեյրոգիտության (ուղեղի մասին գիտության) գաղտնիքները:

Նա հույս ունի, որ իր գիտելիքները կնպաստեն Պարկինսոնի և Ալցհեյմերի հիվանդությունների բուժման ասպարեզում, այդ թվում՝ նաև Հայաստանում, որտեղ այս ոլորտը գրեթե զարգացած չէ:

Դիլիջանի ցատկահարթակ

Ալինան սովորում էր Հայաստանի փոքրիկ Մասիս քաղաքի սովորական դպրոցներից մեկում, այնուհետև ընդունվեց Դիլիջանի UWC դպրոցը: Սկզբում նա չէր հավատում, որ հնարավոր է հովանավոր գտնել և անվճար սովորել Դիլիջանում:

«Արդեն ընդունվելուց ես հասկացա, թե որքան է նա տարբերվում սովորական դպրոցներից: Դպրոցի առաջին սկզբունքներից մեկը բոլորին հավասարի նման նայելն է, ինտերնացիոնալ միջավայրում ապրելը: Այլազգի ներկայացուցիչների հետ շփումը թույլ է տալիս ավելի շատ բան իմանալ նրանց ավանդույթների, սովորույթների, մշակույթի մասին, ինչը ընդլայնում է մտահորիզոնդ: Սկսում ես հասկանալ, որ աշխարհն այդքան էլ փոքր չէ, որքան քեզ թվացել է առաջ», — ծիծաղով ասում է Ալինան:

Կրթության ձևաչափն էլ բացարձակ այլ է: Չկա «անգիր արեցիր-պատմեցիր» համակարգը, Դիլիջանի դպրոցի դասերին երեխաները քննարկում են նյութը: Նրա խոսքով` յուրաքանչյուր երեխա իրավունք ունի իր կարծիքն արտահայտելու, կարիք չկա ինչ-որ բան անգիր անել:

Էդինբուրգի համալսարան

Դեռ Դիլիջանի դպրոցում սովորելու ժամանակ Ալինան մի շարք բրիտանական համալսարաններ դիմեց, քանի որ հենց այնտեղ էր երազում սովորել:

«Ես հրավեր ստացա Լոնդոնից և Էդինբուրգից, սկզբում չէի կարողանում կողմնորոշվել՝ ուր գնամ, սակայն Անգլիայի մայրաքաղաք այցելելով՝ ես հասկացա, որ կրթությունս ավելի լավ է շարունակեմ ավելի փոքր քաղաքում` Էդինբուրգում: Բացի այդ, այստեղ ես կարող էի միանգամից երկրորդ կուրս ընդունվել», — ասում է Ալինան:

Աղջիկն արդեն կես տարի է այնտեղ է սովորում: Նա նեյրոգիտություն է ուսումնասիրում. Փորձում է իմանալ ինչպես է աշխատում մարդու ուղեղը, ուսումնասիրում է ուղեղի հետ կապված հիվանդությունները:

Ուսանողներին հնարավորություն է ընձեռնված գիտական ուսումնասիրություններ անցկացնել, շատ հնարավոր է, որ նրանք նույնիսկ որոշ բացահայտումներ կարողանան անել:

«Մեր դասախոսներն ամբողջ աշխարհում հայտնի գիտնականներ են, որոնք լուրջ գրքերի ու հետազոտությունների հեղինակներ են: Մենք կարող ենք ծանոթանալ մի շարք դեռ չհրապարակված աշխատությունների ու հետազոտությունների», — պատմում է Ալինան:

Հայաստանում ուղեղի ուսումնասիրությունը քիչ է զարգացած՝ հատկապես գիտական մակարդակում: Իսկ Էդինբուրգի նեյրոգիտության կենտրոնն աշխարհի ամենազարգացածներից է: Այնտեղ ուսումնասիրություններ են արվում այնպիսի հիվանդությունների բուժման վերաբերյալ, ինչպիսինն են Ալցհեյմերն ու Պարկինսոնը:

Առաջատար

Դասավանդման տարբերությունները Հայաստանում և Էդինբուրգում ահռելի են, ասում է Ալինան: Նա նշում է, որ ի տարբերություն հայկական բուհերի մեծամասնության, Էդինբուրգի համալսարանում դասախոսություններն անգիր չեն անում: Այն ինչ տալիս են բանավոր, կա նաև սլայդերի վրա: Մեծ ժամանակ է հատկացվում նաև փորձերին` շաբաթական 3-4 ժամ:

Բացի այդ, որպեսզի ուսանողները «չքնեն դասախոսությունների ժամանակ» նրանք անընդհատ առցանց թեստերի են պատասխանում տվյալ առարկայից, ինչը թույլ է տալիս դասախոսին հասկանալ, թե որքան լավ է ուսանողը սերտել առարկան:

«Մեծամասամբ մենք ոչ թե գրքեր ենք կարդում, այլ գիտական հոդվածներ, ուսումնասիրություններ, որոնք կատարվել են վերջին տարիներին, որպեսզի քայլենք ժամանակին համընթաց: Այսինքն՝ մենք շարունակում ենք աշխատել արդեն դրանց վրա, ոչ թե 70-ականների, 80-ականների կամ նույնիսկ 2000-ականների տեղեկատվության», — ասում է Ալինան:

Նա խոստավանեց, որ մի անգամ իգական սեռի մկների վրա ալկոհոլի ազդեցության ուսումնասիրության գրաֆիկում անճշտություն է հայտնաբերել: Մինչ այդ ոչ ոք չէր նկատել սխալը, պարզվեց, որ նա ճիշտ էր: Ալինան, դասախոսի հետ միասին, գրեց ուսումնասիրության հեղինակներին, որից հետո այնտեղ փոփոխություններ արվեցին:

Էդինբուրգի համալսարանում ուսանում է շուրջ 50000 մարդ: Նրանց թվում կան նաև հայեր: Ալինան ճանաչում է նրանցից ութին:

«Հայեր քիչ կան: Երբ ես ծանոթացա ղեկավարիս հետ, նա ասաց, որ ես առաջին հայն եմ իր պրակտիկայում: Իսկ նա այնտեղ աշխատում է արդեն 23 տարի», — ասում է Ալինան:

Ալինան ցանկանում է ուսումն ավարտելուց հետո վերադառնալ Հայաստան: Դիլիջանի դպրոցում և Էդինբուրգում նրան սովորել հաջողվեց Adibekyan Family Foundation for Advancement բարեգործական կազմակերպության և Մասիսի զարգացման հիմնադրամի շնորհիվ, դրա համար հայրենիք վերադառնալուն նա առանձնահատուկ նշանակություն է տալիս:

Русская версия

 

 

1200