ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik. Գործատուների մոտ աշխատող 16-19 տարեկան երիտասարդների թվաքանակը նախորդ երեք տարիներին աճել է 13.1 տոկոսով։ Այս մասին տեղեկացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Աշխատանքի և սոցիալական հարցերի ազգային ինստիտուտի» տնօրեն Արման Սարգսյանը։
Նրա տեղեկացմամբ` գործատուների 67 տոկոսի մոտ միջին աշխատավարձը 55-100 հազար դրամ է։ 100-150 հազար դրամ աշխատավարձ է ստանում երիտասարդների 21.3 տոկոսը։
«Առաջիկա 3 տարիներին, որպես առավել պահանջարկված աշխատատեղեր, գործատուները նշել են գյուղատնտեսական աշխատողներին, վարսահարդարներին ու վարորդներին»,-ասաց Սարգսյանը։
Ի տարբերություն գործատուների պահանջակի` Հայաստանում ուսանողները նախընտրում են հումանիտար գիտությունները, տնտեսագիտությունն ու կառավարումը, մանկավարժությունը։ Արման Սարգսյանն ուշադրություն հրավիրեց մի կարևոր փաստի վրա` կա պահանջարկի ու առաջարկի անհամապատասխանություն։
Մի հետաքրքիր տվյալ ևս` 2011-2015 թթ. բարձրագույն կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների թիվը նվազել է` 68-ից հասնելով 60-ի։ Նույն ժամանակահատվածում նվազել է և սովորողների թիվը` 95.3 հազարից հասնելով 84.6 հազարի։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Արմավիրի փոխմարզպետ, պահեստազորի գեներալ–մայոր Ալեքսան Ալեքսանյանը հրաժարվում է պաշտոնից` միանալով Գլխավոր շտաբի` վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։ Բաղրամյան պողոտայում ընթացող Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՅԴ–ական Գեղամ Մանուկյանը` ընթերցելով Ալեքսանյանի հայտարարությունը։
«Պետության առջև ծառացած մարտահրավերները հանրության համախբման, միասնական դաշտի ստեղծման խնդիր են առաջացրել։ Մինչդեռ երկրի իշխանությունը լծված է հանրությունը բաժանելու և պիտակավորելու գործին։ Որդեգրված այս ուղին անհարիր է մեր ազգին։ Ելնելով ստեղծված իրավիճակից` իմ անհամաձայնությունն եմ հայտնում տեղի ունեցողի վերաբերյալ և հրաժարվում եմ փոխմարզպետի պաշտոնից»,–նշված է Ալեքսանյանի հայտարարության մեջ։
Ալեքսանյանը, միաժամանակ, իր աջակցությունն է հայտնում արժանավոր բոլոր սպաներին և հատկապես իր զինակից ընկերոջը` Օնիկ Գասպարյանին։
Հիշեցնենք, որ մարտի 1-ին էլ հայտնի դարձավ, որ բանակի ստեղծման ակունքներում կանգնած գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը հեռանում է Գեղարքունիքի մարզպետի աշխարհազորի գծով տեղակալի պաշտոնից` միանալով ԶՈւ ԳՇ-ի հայտարարությանը։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի- Sputnik. Հայաստանն առաջիկայում կունենա բազմազավակ ընտանիքների մասին օրենք, որի համաձայն` պաշտոնապես բազմազավակ կճանաչվեն 4 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքները։
Տեղեկությունն այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին ասաց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը` շեշտելով, որ օրենքի նախագիծն արդեն դրվել է հանրային քննարկման։
«Այս նախագծով նախարարությունը փորձում է բազմազավակ ընտանիքներին լրացուցիչ պետական երաշխիքների և աջակցության տրամադրման նոր ծրագրեր իրականացնել, որոնք հնարավորություն կտան հստակեցնել բազմազավակ ընտանիքների սոցիալական կարգավիճակն ու երաշխիքները, բարձրացնել այդ ընտանիքներին տրվող պետական աջակցության արդյունավետությունը, խրախուսել ընտանիքում չորրորդ և հաջորդ երեխայի ծնունդը»,- ասել է Առաքելյանը:
Նրա խոսքով` առաջարկվող օրենքը ենթադրում է դրամական աջակցություն, առողջության ապահովագրություն, բնակարանային պայմանների բարելավման աջակցություն, բնակարանի կամ ապաստանի տրամադրում, կրթության վճարի փոխհատուցում, պատմական և մշակութային կենտրոններ այցելությունների վճարի փոխհատուցում, աշխատող բազմազավակ ծնողներին ամենամյա լրացուցիչ արձակուրդի տրամադրում:
Հայաստանում ծնվել է արցախցի բազմազավակ ընտանիքի 8-րդ զավակը
Առաքելյանի կարծիքով` այսպիսով բազմազավակության խրախուսման այս ծրագիրը կնպաստի ծնելիության խթանմանը, բազմազավակ ընտանիքների թվի ավելացմանը:


