ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik. ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է առաջիկա շաբաթվա եղանակային կանխատեսումը։ Նա մասնավորապես գրել է.
«Այսօր, հատկապես Լոռիում, Տավուշում կտեղա թույլ ձյուն, մյուս մարզերում էական տեղումներ չեն սպասվում: Վաղը կեսօրից հետո հանրապետության տարածքին մոտենում է հաջորդ ցիկլոնը: Հունվարի 31-ին կեսօրից հետո հանրապետության բոլոր մարզերում կսկսվի ձյուն և կշարունակվի մինչև փետրվարի 1-ի երեկո: Առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ, լեռնային առանձին գոտիներում նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն:
Փետրվարի 2-ի գիշերվա առաջին կեսից տեղումները կդադարեն և փետրվարի 3-4-ին հանրապետության ողջ տարածքում կլինի պարզ առանց տեղումների եղանակ:
Փետրվարի 2-ի լույս 3-ի գիշերը եղանակի պարզեցմամբ և արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժմամբ պայմանավորված` օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի: Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային գոտիներում գիշերը հասնելով —25….-30, Լոռիում —22…-27, Տավուշում —15….-20, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում —17….-20, Սյունիքի հովիտներում —10…-15, Սյունիքի նախալեռներում —18…-23, Արցախում —12…-16, Արարատի և Արմավիրի մարզերում —20…-25, Երևանի բարձրադիր գոտում —16…-18, ցածրադիր գոտում —23…-25 աստիճանի:
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Արմավիրի փոխմարզպետ, պահեստազորի գեներալ–մայոր Ալեքսան Ալեքսանյանը հրաժարվում է պաշտոնից` միանալով Գլխավոր շտաբի` վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։ Բաղրամյան պողոտայում ընթացող Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՅԴ–ական Գեղամ Մանուկյանը` ընթերցելով Ալեքսանյանի հայտարարությունը։
«Պետության առջև ծառացած մարտահրավերները հանրության համախբման, միասնական դաշտի ստեղծման խնդիր են առաջացրել։ Մինչդեռ երկրի իշխանությունը լծված է հանրությունը բաժանելու և պիտակավորելու գործին։ Որդեգրված այս ուղին անհարիր է մեր ազգին։ Ելնելով ստեղծված իրավիճակից` իմ անհամաձայնությունն եմ հայտնում տեղի ունեցողի վերաբերյալ և հրաժարվում եմ փոխմարզպետի պաշտոնից»,–նշված է Ալեքսանյանի հայտարարության մեջ։
Ալեքսանյանը, միաժամանակ, իր աջակցությունն է հայտնում արժանավոր բոլոր սպաներին և հատկապես իր զինակից ընկերոջը` Օնիկ Գասպարյանին։
Հիշեցնենք, որ մարտի 1-ին էլ հայտնի դարձավ, որ բանակի ստեղծման ակունքներում կանգնած գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը հեռանում է Գեղարքունիքի մարզպետի աշխարհազորի գծով տեղակալի պաշտոնից` միանալով ԶՈւ ԳՇ-ի հայտարարությանը։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի- Sputnik. Հայաստանն առաջիկայում կունենա բազմազավակ ընտանիքների մասին օրենք, որի համաձայն` պաշտոնապես բազմազավակ կճանաչվեն 4 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքները։
Տեղեկությունն այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին ասաց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը` շեշտելով, որ օրենքի նախագիծն արդեն դրվել է հանրային քննարկման։
«Այս նախագծով նախարարությունը փորձում է բազմազավակ ընտանիքներին լրացուցիչ պետական երաշխիքների և աջակցության տրամադրման նոր ծրագրեր իրականացնել, որոնք հնարավորություն կտան հստակեցնել բազմազավակ ընտանիքների սոցիալական կարգավիճակն ու երաշխիքները, բարձրացնել այդ ընտանիքներին տրվող պետական աջակցության արդյունավետությունը, խրախուսել ընտանիքում չորրորդ և հաջորդ երեխայի ծնունդը»,- ասել է Առաքելյանը:
Նրա խոսքով` առաջարկվող օրենքը ենթադրում է դրամական աջակցություն, առողջության ապահովագրություն, բնակարանային պայմանների բարելավման աջակցություն, բնակարանի կամ ապաստանի տրամադրում, կրթության վճարի փոխհատուցում, պատմական և մշակութային կենտրոններ այցելությունների վճարի փոխհատուցում, աշխատող բազմազավակ ծնողներին ամենամյա լրացուցիչ արձակուրդի տրամադրում:
Հայաստանում ծնվել է արցախցի բազմազավակ ընտանիքի 8-րդ զավակը
Առաքելյանի կարծիքով` այսպիսով բազմազավակության խրախուսման այս ծրագիրը կնպաստի ծնելիության խթանմանը, բազմազավակ ընտանիքների թվի ավելացմանը:


