Հնդկուհիներ

Հայ իրականության հնդկական կինոն

287
(Թարմացված է 16:26 14.01.2017)
Ի՞նչ պատահեց հանկարծ, որ բրազիլա-մեքսիկական ու հայկական սերիալները փոխարինվեցին հնդկականով:

Աննա Վարդանյան, Sputnik.

Ազատությունների ու գենդերների դարաշրջանում դեպի եվրոպական անսահմանություն ձգտող Հայաստանն իրար հետևից հնդկական սերիալներ է ցուցադրում, որոնց ընթացքում քարոզվում է կանանց իրավունքների ու խոսքի սահմանափակում, սեռով պայմանավորված աբորտներ, անգամ արդեն ծնված աղջիկ երեխաների անմարդկային ձևով սպանություն, աղջիկ ունեցող հարսների ընտանիքից վտարում, երեխաների առք ու վաճառք, թրաֆիքինգ, ստրկություն և բազում այլ արատավոր երևույթներ:

Եթե մեքսիկական ու բրազիլական սերիալներով գոնե գեղեցիկ ինտերիեր ու նորաձևության ինչ-ինչ պատառիկներ էր ցուցադրվում, չհաշված օտարմոլ ու մեր ազգային սովորույթներին հակասող երևույթները, ապա հնդկականների դեպքում միայն անճաշակություն է ու գռեհկություն. լայն բացված ոտքերով նստելուց մինչև ընտանիքի կանանց ու հարսների՝ իրենց ամուսինների ոտքերը համբուրելը:

Հետաքրքիր է` որն է հնդկական սերիալների նման առատության պատճառը: Էժանությո՞ւնը, թե՞ հայ-հնդկական մշակութային սերտ համագործակցությունը: Գուցե այդ համագործակցության ընթացքում Հայաստանն այս «մշակութային ժառանգությունը» նվիրատվություն է ստացել: Կամ գուցե ընտրություններից առաջ որոշվել է հասարակությանը շեղել հայկական իրականությունից ու ցույց տալ, որ վատից վատն էլ կա:

Հնդկական սերիալների բարձր վարկանիշը չի վրիպել անգամ քաղաքական գործիչների ուշադրությունից. օրինակ` Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում այսպիսի գրառում է արել.

«Հաշվի առնելով հնդկական սերիալների առատությունն ու հեռուստավարկանիշը՝ կարծում եմ, եթե որևէ կուսակցություն հիմա հայտարարի, որ հնդկաստանամետ է, ապա 5%-ի շեմը հաստատ կհաղթահարի»:

ՀՀԿ գործչի գրառումը լայն քննարկման առարկա է դարձել, որոշ ընթերցողներ խորհուրդ են տվել ՀՀԿ —ին չհապաղել ու հայտարարել:

Մի քանի մեկնաբանություն` առանց խմբագրման.

  • «Մի հապաղեք, հայտարարեք ՃՃՃ»:
  • «ՀՀԿ-ի համար իսկապես լավ շանս է»:
  • «Դե հայտարարեք, ձեր 65 % կդառա 70, խախտումներն էլ մի քիչ կպակասի»:

Այնպես, որ չի բացառվում, որ քարոզարշավի ընթացքում կին քարոզիչներին տեսնենք սարիներով, իսկ տարբեր կուսակցությունների հայտնի դեմքերին` դխոտիներով:

Русская версия

287