Գագիկ Սուրենյան

Առաջիկա 5 օրերին արգելափակող անտիցիկլոնի ուժը չի թուլանալու

428
ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը հայտնում է, որ Արարատյան դաշտի համար չարիք դարձած հզոր անտիցիկլոնն առաջիկա 5 օրերին չի թուլանալու:

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի — Sputnik. Հայաստանի տարածքի վրա ձևավորված հզոր անտիցիկլոնը, որը մթնոլորտային բարձր ճնշման գոտի է, նրանում պարունակված օդային հոսանքները ունեն մեծ խտություն ու կշիռ և հիմնականում կատարում են վարընթաց շարժում(այսինքն մթնոլորտի վերին շերտերից իջնում են դեպի ներքին շերտեր), դարձել է իսկական չարիք Արարատյան դաշտի և նրան հարող նախալեռնային գոտիների համար: ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը այս մասին գրառում է կատարել Ֆեյսբուք սոցիալական ցանցում:

«Նախ այն ստեղծել է օդային պատնեշ, որը արգելափակում է արևմուտքից տեղումնաբեր ցիկլոնների մուտքը դեպի Հայաստն և արդեն 20-րդ օրն է ինչ Արարատյան դաշտը և նրան հարող նախալեռնային գոտիները գտնվում են խիտ մառախուղի և լճացած սառը օդային զանգվածների մեջ»,- գրել է Սուրենյանը:

Ըստ նրա՝ քանի որ առաջիկա 5 օրերին այդ արգելափակող անտիցիկլոնի ուժը չի թուլանալու, հետևաբար եղանակային պայմանների լուրջ փոփոխություններ չեն սպասվում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռնային գոտիներում ինչպես նաև Երևանում մառախուղը կպահպանվի, մառախուղից կտեղա նաև թույլ ձյուն, իսկ մյուս շրջաններում սպասվում է փոփոխական ամպամածություն և առանց տեղումների եղանակ:

 

428