Երևան

Հոգեբան. «Հայերը չեն կարողանում գումարը ճիշտ ծախսել և Նոր տարի նշել»

21
(Թարմացված է 22:44 10.01.2017)
Ոչ պաշտոնական վիճակագրության համաձայն` հայերի մեծ մասը Նոր տարվա տոներից 3-5 օր անց աղբաման է նետում Ամանորի համար գնած մթերքի 2/3–ը։ Հոգեբանի կարծիքով` չմտածված ծախսերը բացասաբար են ազդում տրամադրության վրա և կարող են դեպրեսիայի պատճառ դառնալ։

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի — Sputnik. Ամանորի սեղանի ճոխությունն ու շռայլությունը հայկական ընտանիքներում հաճախ չեն համապատասխանում աշխատավարձի և ընտանիքի եկամտի չափին, վստահեցնում է հոգեբան Ռուբեն Աղուզումցյանը։

Նրա խոսքով` Նոր տարին նշելու մոտեցումը սխալ է ոչ միայն ավելորդ և չարդարացված ծախսերի տեսանկյունից, այլ նաև այն պատճառով, որ մեր ժողովուրդը հանգստանալ չի սիրում։

«Մենք շատ մեծ պահանջներ ունենք Ամանորից, ուզում ենք, որ մեր սեղանները շքեղ լինեն` տարատեսակ ու բազմաքանակ ուտեստներով։ Բայց մթերքների 2/3-ը մենք պարզապես նետում ենք աղբամանը», — նշեց Աղուզումցյանը։

Հոգեբանը խորհուրդ է տալիս ավելի լուրջ վերաբերվել գումարը ծախսելու հարցին։ Բացի այդ, մասնագետի խոսքով, հայերից շատերը նորմալ հանգստանալ չեն կարողանում։ Խոսքը հատկապես վերաբերում է կանանց։ Հայ կանայք հանգստյան օրերին ավելի շատ են աշխատում, քան աշխատանքային օրերին, ինչը վկայում է, որ մեզ մոտ բացակայում է հանգստանալու մշակույթը։

Սպասումներ և իրականություն

Ինչպես նշեց Աղուզումցյանը, Նոր տարին կապված է սպասումների հետ, իսկ դա բավական հզոր հոգեբանական գործիք է, քանի որ մարդն առանց սպասումների և հավատի ապրել ու աշխատել չի կարող։

«Հենց այդ պատճառով Նոր տարին սկսելուն պես բոլորը սպասման մեջ են հայտնվում, ուզում են երջանիկ լինել և սպասում են նոր հաջողությունների ու ձեռքբերումների։ Այդ պատճառով Նոր տարին ամենակարևոր տոներից մեկն է համարվում։ Կարևոր է հավատալ, որ երբ ինչ-որ բանի ես սպասում և շատ ցանկանում, անպայման իրականանում է, քանի որ օրգանիզմի հոգևոր և ֆիզիկական բոլոր ուժերն ուղղվում են կոնկրետ նպատակի իրականացմանը», — ասաց Աղուզումցյանը։

Փորձագետը նշեց, որ դեպրեսիայից խուսափելու համար պետք է ճիշտ գնահատել սեփական հնարավորությունները։ Սպասումները պետք է համապատասխանեն իրականությանը։

Կյանքը հիասքանչ է. մի՛ տխրիր

Աղուզումցյանի խոսքով` պետք է կարողանալ գնահատել կյանքի փոքր ուրախությունները։ Բոլորն էլ ինչ-որ երազանք ունեն, բայց այդ երազանքը չպետք է կտրի իրականությունից։ Եվրոպական երկրներում «սթրես» և «դեպրեսիա» բառերն ավելի հազվադեպ են հնչում, քան Հայաստանում, քանի որ սոցիալական և հոգեբանական ծառայություններն այնտեղ լավ են զարգացած։ Հոգեբանի խոսքով` նաև պետք է սովորական վատ տրամադրությունը տարբերել դեպրեսիայից։

Հոգեբան Քրիստինե Ավետիսյանն իր հերթին, պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, նշեց, որ սթրեսն ու դեպրեսիան եվրոպական երկրներում լայն տարածում ունեն, սակայն մասնագետներին այցելելու շնորհիվ մարդիկ իրենց ավելի երջանիկ են զգում։

Նյութի ռուսերեն տարբերակը

21