Լեոնարդո Դի Կապրիո

Դի Կապրիոյի նվիրաբերած գումարը կմեկնի Լոռու մարզ

508
(Թարմացված է 21:47 10.01.2017)
Հայտնի է դարձել, թե ինչ նպատակների է ծառայելու Լենարդո Դի Կապրիոյի՝ հայ մանուկներին նվիրաբերած գումարը:

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի — Sputnik, Գոհար Սարգսյան. 2016 թվականի դեկտեմբերի 9-ին Հայաստանի մանուկներ հիմնադրամի տարեկան դրամահավաք-երեկույթին մասնակցեց օսկարակիր Լեոնարդո Դի Կապրիոն: 65 հազար դոլարով նա գնեց նկարիչ Ջո Բրադլիի նկարը, որն աճուրդի էր դրված:

Благотворительный ужин фонда Дети Армении (COAF)
Հայաստանի մանուկներ հիմնադրամի գալա–ընթրիքը

Հայաստանի մանուկներ հիմնադրամի մարքեթինգի գծով կոորդինատոր Հասմիկ Սարգսյանն այդ պահին Նյու Յորքում էր, հենց այն սրահում, որտեղ ժամանեց դի Կապրիոն: Բոլորի համար անկանկալ էր. ճիշտ է` գիտեին, որ նա խոստացել էր գալ, բայց չէին սպասում, որ խիստ զբաղված գրաֆիկով մարդը ժամանակ կհատկացնի ու կժամանի:

«Միջոցառմանը եկավ շատ ավելի ուշ, քան մյուս մասնակիցները, կարմիր գորգով չանցավ, համեստ մտավ սրահ, առանց իր անձի վրա լրացուցիչ ուշադրություն գրավելու, նստեց իր համար նախատեսված տեղում: Երբ տեսանք նրան, շատ ոգևորվեցինք, բայց փորձեցինք մեզ մի քիչ համեստ պահել»,- ժպիտով պատմեց մեր զրուցակիցը:

Դրամահավաք-երեկույթին ընդհանուր առմամբ հավաքվեց 3 միլիոն դոլար: Գումարն ուղղվելու է Լոռու մարզում ՍՄԱՐԹ կենտրոնի կառուցմանն ու ՍՄԱՐԹ ծրագրերի իրականացմանը։

«ՍՄԱՐԹ կենտրոնն ինովացիոն կրթական համալիր է լինելու, ոչ միայն զուտ տեխնոլոգիական կրթություն է ապահովելու, այլև գյուղական համայնքներին օգնելու է տարբեր հմտություններ ձեռք բերել, որոնք հետագայում զարգացման, մասնագիտական կողմնորոշման և լրացուցիչ եկամուտ ունենալու հնարավորություն կտան»,-պատմեց նա:

Դրամահավաքից առաջ տեսաուղերձ էր հրապարակել նաև ոչ պակաս հայտնի դերասան Թոմ Հենքսը: Նա հորդորել էր մասնակցել «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի գալա ընթրիքին` նշելով, որ անհարմար է զգում, որ ինքը չի կարողանալու մասնակցել այդ միջոցառմանը։

Հասմիկ Սարգսյանը հույս ունի, որ հաջորդ տարի Թոմ Հենքսն էլ ֆիզիկապես ներկա կլինի կազմակերպվելիք դրամահավաք-երեկույթին:

Լոռու մարզում կառուցվող ՍՄԱՐԹ կենտրոնը նախատեսվում է շահագործել ընթացիկ տարվա աշնանը: «Հայաստանի մանուկներ» հիմանդրամը նախատեսում է կրկնօրինակել ՍՄԱՐԹ մոդելը Հայաստանի տարբեր մարզերում:

Նյութի ռուսերեն տարբերակը

508