Երևան

Երևանի գրեթե բոլոր բակերում և միջբակային տարածքներում քաղաքապետարանն անելիք ունի

13
Համապատասխան ծառայություններին հանձնարարվել է խստորեն վերահսկել բակերի և միջբակային տարածքների ձնամաքրման և ձնահեռացման աշխատանքները։

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Այս տարվա աշխատանքային առաջին խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով մասնավորապես տոնական և հետտոնական օրերին ձնամաքրման աշխատանքերին, հանձնարարել է ուժեղացված աշխատակարգով շարունակել գործընթացը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

«Այսօր վստահաբար կարող ենք փաստել, որ մայրաքաղաքի կենտրոնական բոլոր փողոցները մաքրված են և երթևեկելի: Բայցև արձանագրում ենք, որ մասնավորապես երկրորդական շատ փողոցներում, մայթերին, գրեթե բոլոր բակերում և միջբակային տարածքներում դեռ ունենք անելիքներ: Տևական ցուրտ եղանակն էլ իր հերթին է նպաստել, որ ոչ պատշաճ իրականացված աշխատանքների արդյունքում մասնավորապես բակային տարածքներում գոյանան սառույցի շերտեր, որոնք մեծ անհարմարություններ են պատճառում մեր համաքաղաքացիներին: Ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակը մայրաքաղաքում սանմաքրման աշխատանքներն իրականացնող ընկերության թերի աշխատանքի արդյունք է», — ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետը հանձնարարել է խստորեն վերահսկել նշված ուղղություններով իրականացվող աշխատանքների ողջ ընթացքը, այդ թվում նաև հետևելով, որ ընկերությունը բոլոր համատիրություններին ապահովի աղի և ավազի խառնուրդի անհրաժեշտ պաշարով:

«Պարզ է, որ եղանակային այս պայմաններում դեռևս հնարավոր չէ սառույցից ամբողջությամբ մաքրել նշված տարածքները, այդուամենայնիվ աղի և ավազի խառնուրդով դրանց պարբերաբար մշակման աշխատանքները պետք է իրականացվեն պարտադիր: Բացի այդ, ԱԻՆ-ի հետ համագործակցելով, զուգահեռաբար շարունակեք նաև բազմաբնակարան, ինչպես նաև հասարակական շենքերի ու շինությունների տանիքներին առաջացած սառցալեզվակների հեռացման աշխատանքները»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

13