Կաշառք

Զինվորականն ու ոստիկանը բռնվել են կաշառք վերցնելիս

62
(Թարմացված է 20:16 10.01.2017)
Ոստիկանության պաշտոնյան, չարաշահելով պաշտոնական դիրքը, կաշառք է վերցրել քաղաքացուց։ Հարուցվել է քրեական գործ։

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի — Sputnik. Քրեական գործի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նոր անձնագիր ստանալու համար Գյումրի քաղաքի բնակիչ Հակոբ Ղ.-ին անհրաժեշտ է եղել վերականգնել կորցրած զինվորական գրքույկը, որի համար նա դիմել է ՀՀ ՊՆ Գյումրու զինվորական կոմիսարիատի պաշտոնյային` մայոր Արտեմ Մ.-ին: Վերջինս, սակայն, տարբեր պատճառաբանություններով ձգձգել է փաստաթղթի տրամադրումը և, իբր, գործընթացն արագացնելու համար Հակոբ Ղ.-ից պահանջել 200 ԱՄՆ դոլար կաշառք: Փաստի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործով Արտեմ Մ.-ն կալանավորվել է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ հատուկ քննչական մամուլի ծառայությունը։

Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ կաշառք վերցնելու պահանջը ներկայացվել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Գյումրու Մուշի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ Տիգրան Մ.-ի ներկայությամբ, ով, ի պաշտոնե պարտավոր լինելով կանխել հանցանքն ու մյուս իրավախախտումները, ոչինչ չի ձեռնարկել այդ ուղղությամբ:

Ավելին, չարաշահելով Հակոբ Ղ.-ի վստահությունը, արագ անձնագրավորելու պատրվակով նրանից խաբեությամբ պարբերաբար տարբեր չափերի գումարներ է պահանջել և ստացել:

Հաշվի առնելով վերոգրյալը` պաշտոնեական լիազորությունների չարաշահման և խարդախության դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 178-րդ հոդվածների 1-ին մասերով հարուցված նոր քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:

Նյութի ռուսերեն տարբերակը

 

62