Արտեմ Ասատրյան

Արտեմ Ասատրյան. «Արմեն Սողոյանի գործին գնահատական կտան իրավապահ մարմինները»

31
(Թարմացված է 18:10 29.12.2016)
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն, այսօր, իր ամփոփիչ ասուլիսում խոսեց ոլորտի ձեռքբերումների և թերացումների մասին։

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ ստացվում է, որ տարեվերջյան ասուլիսին խոսելու եմ ոչ թե ձեռքբերումների, այլ այն բոլոր խնդիրների մասին, որոնք այս ընթացքում փորձել են էվոլյուցիոն ճանապարհով լուծել։

«Հաշմանդամություն ունենալը և հիվանդ լինելը տարբեր բաներ են և հստակ պիտի տարանջատվեն։ Չափորոշիչների ոչ հստակ լինելը հնարավորություն է տալիս ռիսկերի։ Այս առումով արմատական փոփոխությունների փաթեթ եմ առաջարկել»,-ասաց նախարարը և հավելեց, որ պետք է ձևավորել միասնական ընդունարաններ, որպեսզի քաղաքացին որոշում կայացնողի հետ շփում չունենա։ Հետևաբար` հանձնաժողովներում չեն իրականացվելու փորձաքննություններ, այլ կլինի քաղաքացիների ներկայացրած դիմումների հաշվառում, կենտրոնացված մարմին, որ կունենա փաստաթղթային փորձաքննություն։ «Մեր գնահատմամբ, որոշումների շուրջ 30 տոկոսը հնարավոր կլինի փաստաթղթային փորձաքննության շրջանակներում կայացնել»,-ասաց Արտեմ Ասատրյանը։

Անդրադառնալով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանի գործին, նախարարը նշեց, որ գնահատական կտան իրավապահ մարմինները:

«Ես այս պահին բացարձակ գնահատական չեմ տա դրան: Գործն իրավապահ մարմինների գործառույթների շրջանակում է, և մենք գիտենք, որ գործը քննության ընթացքում է: Իրավական գնահատականը կտան իրավապահները»:

Հարցին, թե նախարարը կամ նախարարի տեղակալները, ոլորտի պատասխանատուներից որևէ մեկը չի՞ իմացել` ինչ է կատարվում նախարարությունում, Արտեմ Ասատրյանը պատասխանեց. «Եթե նույնիսկ մի փոքր տեղեկացվածություն ունենայինք, նման բան հաստատ տեղի չէր ունենա, եթե մենք խոսում ենք երևույթի մասին»:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, կաշառք ստանալու կասկածանքով, դեկտեմբերի 28-ին ձերբակալվել էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանը: Վերջինս կալանավորվել է, և նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասով՝ պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալը, որը պատժվում է ազատազրկմամբ` 5-10 տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

31