Գագիկ Սուրենյան

Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ կանխատեսումներ է ներկայացրել

71
(Թարմացված է 15:50 29.12.2016)
Հայպետհիդրոմետը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 29–ին, 30–ին և 31–ին Հայաստանի ամբողջ տարածքում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ։ Անցյալ տարվա առատ տեղումների համեմատ, 2017 թվականին ճանապարհներն անցանելի կլինեն։

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանի ողջ տարածքում օդի ջերմաստիճանն առաջիկա երեք օրվա ընթացքում զգալի փոփոխությունների չի ենթարկվի, հինգշաբթի լրագրողներին ասաց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Նրա խոսքով` հունվարի մեկին Միջերկրական ծովի տարածքից թեթև արտահայտված ցիկլոն կտեղափոխվի Հայաստան։ Հունվարի 1-ին և 2-ին երկրի ողջ տարածքը կհայտնվի թույլ ցիկլոնների ազդեցության տակ։

«Արարատյան դաշտում, Շիրակում, Կոտայքում և Վայոց Ձորի, Արագածոտնի նախալեռնային շրջաններում առավոտյան և գիշերային ժամերին խիտ մառախուղը կպահպանվի։ Այդ պատճառով ճանապարհներին մերկասառույց կառաջանա», — ասել է Սուրենյանը։

Նա ավելացրեց, որ Հայաստանում հունվարի 1-ին և 2-ին ամպամած կլինի, հատկապես` Շիրակի, Կոտայքի, Արագածոտնի մարզերում, իսկ Երևանում, Արմավիրում և Վայոց Ձորում հնարավոր է թույլ ձյուն, որը կդադարի հունվարի 3-ին։

«Հունվարին ավելի տաք կլինի, քան դեկտեմբերին, սակայն չի նշանակում, որ գարնանային եղանակ է սպասվում։ Հունվարին ջերմաստիճանը կտատանվի», — նշեց օդերևութաբանը։

«Հիդրոմետի» տվյալով` Ուրալում սիբիրյան անտիցիկլոն է զարգանում, որը նույնպես գալիս է դեպի Հայաստան։ Երկրի տարածքը հունվարին կլինի սիբիրյան անտիցիկլոնի ազդեցության տակ, որը մեզ մոտ կուղղվի Ղազախստանի կողմից։ Սուրենյանն ավելացրեց, որ Երևանում օդի միջին ջերմաստիճանը կկազմի 4-5 աստիճան տաքություն, իսկ տեղումները կլինեն նորմայի սահմաններում։

Ընդ որում` նա հայտնեց, որ Հայաստանում մառախլապատ եղանակը սկսվել է դեկտեմբերի 26-ին, և սա ամպամածություն չէ, այլ, այսպես կոչված, «Արարատյան դաշտի էֆեկտ»։ Այդ երևույթը նկատվում է այն ժամանակ, երբ Արարատյան դաշտում սառը օդի լճացում է առաջանում, և հարավ-արևելքից հանրապետության տարածք են ներթափանցում տաք օդային հոսանքները, այդ ընթացքում տեղի է ունենում «բախում», ինչն էլ մառախուղ է առաջացնում։

Նյութի ռուսերեն տարբերակը

71