Մամիկոն Խուրշուդյան, Մանուշակ Ստեփանյան

2017թ. գնում ենք ցավը սրտում, բայց ոչ կոտրված

73
(Թարմացված է 16:52 10.12.2016)
2016թ-ը ցավի ու հաղթանակի տարի էր, այն հավերժ մնալու է հայ ազգի պատմության ու այն վերապրածների հուշերում: Իսկ 2017թ. գնում ենք ցավով, բայց ոչ կոտրված:

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի — Sputnik. 2016-ը փորձություններով լի տարի էր, որոնց միջով հայ ժողովուրդն անցավ պատվով, բռունցքված ու հաղթանակած: Նման կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեցին հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները՝ որպես տարվա կարևոր իրադարձություն առանձնացնելով ապրիլյան պատերազմը:

ՙՄեր երկիրը 2016-ին ցույց տվեց իր միասնականությունը, ցույց տվեց մի բան, որ գուցե 1988-ին տեսած չլինենք, ցույց տվեց երիտասարդության մեկ բռունցք դառնալը, համախմբումը: Ապրիլյան քառօրյայի հենց առաջին օրերին կամավորագրվել ցանկացողների քանակն ուղղակի ապշեցուցիչ էր, և մենք տեսանք, որ ամբողջ ազգը համախմբված գալիս էր, որպեսզի գնար ռազմաճակատ՚,- ասաց «Եռամիասնություն հանուն զարգացման» ՀԿ նախագահ Մամիկոն Խուրշուդյանը։

Պատերազմից հետո էլ ազգային համախմբումը նկատելի էր` արդեն զոհված հերոսների ընտանիքների կողքին: «Արշակ Դաբաղյանի անվան «Մայր Մանե» սոցիալական ՀԿ նախագահ Մանուշակ Ստեփանյանը կարևորում է, որ ազգին ու հայրենիքին որդի նվիրած ընտանիքները երբեք իրենց մոռացված ու անտեսված չզգան: Ընդ որում, սա ոչ միայն պետության, այլև հասարակության յուրաքանչյուր անդամի պարտքն է:

ՙՍովորաբար զոհված տղաների մայրերին հրավիրում են հուշ-երեկոների: Իսկ ինչո՞ւ ոչ տոնական միջոցառումների: Չէ՞ որ, եթե մենք այսօր տոն ունենք, այդ տղաների շնորհիվ է, նշանակում է, նաև տոնական օրերին նրանց մայրերը պետք է լինեն առաջին տեղում: Նրանց տանն արդեն ամեն օր, ամեն պահ հուշ-երեկո է, գոնե դրսում մի որոշ ժամանակով տոն չնվիրե՞նք նրանց՚,- ասաց Մանուշակ Ստեփանյանը՝ հավելելով, որ հասարակությունն ու պետությունը պետք է հոգան, որ հերոսի ընտանիքը լավ ապրի:

Արցախյան պատերազմի հաղթանակի շարունակությունը բանախոսների դիտարկմամբ, եղավ Ռիոյի օլիմպիադայում: Իսկ ամռանը, ՊՊԾ գնդի շուրջ ծավալված իրադարձությունները, նրանց բնորոշմամբ, ցավի վրա ցավ ավելացրեցին՝ բացահայտելով հասարակության մեջ կուտակված դժգոհությունն ու բողոքը:

ՀԿ-ների ներկայացուցիչների կարծիքով` Հայաստանը 2017 գնում է ցավով, բայց ոչ կոտրված:

 

73