Wi-Fi-ինտերնետ

Համացանցի «բանականությունը» կլանել է մարդուն

25
(Թարմացված է 16:58 10.12.2016)
Համաշխարհային ցանցը փոփոխվող և զարգացող օրգանիզմ է: Դեռ մի քանի տարի առաջ դժվար էր պատկերացնել, որ մեր կյանքում «խելացի գաջեթներ», մեծ հնարավորություններով բարձր արագություն ունեցող ինտերնետ ծառայություններ կհայտնվեն: Այսօր մեզ համար զարգացման հերթական աստիճանը հասարակ բան է դարձել:

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի — Sptunik. Ինտերնետի նման զարգացումը կարելի էր կանխատեսել` դատելով ժամանակակից տեմպերից: Իսկ այս միտումները թելադրում են բացարձակ նոր «ցանցի» անհրաժեշտություն, որը կարող է «բանականություն» ունենալ: Այս մասին Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց Լոմոնոսովի անվան ՄՊՀ հաշվողական մաթեմատիկայի և կիբեռնետիկայի ֆակուլտետի հաշվողական մեթոդների ամբիոնի դոցենտ Վլադիմիր Տերնովսկին:

Նրա խոսքով` աշխարհում ինտերնետի օգտատերերը գնալով շատանում են: Համացանցն արհեստական ուղեղ է, որը դեռ ինքն իրեն «չի հասկացել»:

«Այդ ուղեղն իր «հիվանդություններն» ունի` վիրուսներ, որոնք երբեմն ապրում են հազարամյակներով: Սակայն այն կենդանի օրգանիզմ է, որը դեռ բանականություն չունի: Որքանով ինձ հայտնի է` գիտնականները ցանկանում են արհեստական բանականություն և ինտելեկտ ստեղծել», — պարզաբանեց փորձագետը:

Տերնովսկին կարծում է, որ մարդիկ փորձում են հասկանալ, թե ինչպես է ի հայտ եկել բանականությունը: Սակայն դրա առաջացման գաղտնիքները դեռ հասանելի չեն մեզ:

«Երբ կստեղծվի մի ծրագիր, որը ընդունակ կլինի ինքն իրեն հասկանալու, այն ժամանակ ինտերնետը կդառնա բանական: Բայց բանական դառնալով` այն նաև վտանգավոր կդառնա: Ինտերնետին ռեսուրսներ և էներգիա է պետք, այլապես սերվերները չեն կարողանա աշխատել», — ասաց նա:

Տերնովսկու խոսքով` հեռավոր ապագայում ինտերնետը մարդուն «կուլ կտա»:

«Սեփական թշնամուն մարդն ինքն է ստեղծել: Եվ այդ գործընթացն արդեն կանգնեցնել հնարավոր չէ: Ես ինքս փորձում եմ այնպիսի ծրագիր ստեղծել, որը ինքն իրեն կուղղի: Երբ դա ստացվի` միանգամից կհայտնվի ինտերնետում», — ասաց ՄՊՀ-ի դասախոսը:

Տերնովսկին խորհուրդ տվեց ՏՏ ոլորտի մյուս մասնագետներին մտածել այդ հարցի շուրջ, քանի որ նրանք, օրինակ` Ռուսաստանում, հնարավորություն կունենան ֆինանսավորում ստանալ այդ գաղափարի համար:

Փորձագետն ավելացրեց, որ ինտերնետը մարդու էվոլյուցիայի մի մասն է:

 

25