Երկրաշարժ

Երկրաշարժ Հայաստանում. ողբերգություն, որը միավորեց բոլորին

42
(Թարմացված է 01:37 03.12.2016)
Սպիտակում տեղի ունեցած ողբերգությունը, որի 28-րդ տարելիցը կլրանա մի քանի օրից, անտարբեր չթողեց երբեմնի միասնական երկրի բնակիչներին: Հայերի ցավին արձագանքեցին շատերը: Նրանցից մեկն էլ մեր օսեթ բարեկամն էր` Վալերի Ավագիմովը:

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի — Sputnik. Երկրաշարժից տուժածներին օգնելու եկան ԽՍՀՄ-ի գրեթե բոլոր պետություններից: Այս մասին գրում է Sputnik Օսեթիան:

Կամավորների թվում էր նաև Վալերի Ավագիմովը, որը մասնակցում էր փրկարարական գործողություններին: Հիշում է, որ երկրաշարժի պահին ընտանիքի հետ տանն էր, Ցխինվալում: Թեև հարյուրավոր կիլոմետրերով հեռու էին երկրաշարժի էպիկենտրոնից, բայց ստորգետնյա ցնցումները նրանք էլ զգացին:

«Այն ժամանակ ես չէի հասկանում՝ ինչ է կատարվում, մարդիկ վախով և շփոթված դուրս էին վազում իրենց տներից: Ավելի ուշ՝ երեկոյան կողմ, լուրերից տեղեկացանք, որ բարեկամ Հայաստանում սարսափելի երկրաշարժ է տեղի ունեցել, հազարավոր մարդիկ են տուժել», — պատմում է Ավագիմովը:

Թողնելով կնոջն ու երկու փոքրիկներին` որոշեց մեկնել օգնության, բայց չհասցրեց միանալ Հարավային Օսեթիայից ավտոբուսներով մեկնող կամավորների շարասյանը: Ստիպված ինքնուրույն հասավ Սպիտակ:

«Քաղաքն ամբողջությամբ ավերված էր, սառնամանիք էր, մարդիկ մնացել էին բաց երկնքի տակ: Նրանց աչքերում ցավ էր դրոշմված, վախ ու հուսահատություն: Մեծ մասը կորցրել էր ընտանիքի բոլոր անդամներին, ոմանց բախտը բերել էր. միայն տնից էին զրկվել», — հիշում է Վալերին:

Կամավորները բաժանվեցին առանձին բրիգադների, ամեն խմբում՝ տասական մարդ: Շարժվեցին ավերված քաղաքի տարբեր շրջաններ` ողջ մնացածներին փրկելու: Փրկարարական աշխատանքները սկսեցին բարձրահարկ, գրեթե գետնի տակ անցած շենքերից:

Կամավորների հետ աշխատում էին Ճապոնիայից ժամանած կինոլոգների հատուկ ջոկատները: Վալերիի խոսքով՝ 5 օր անց նրանց շնորհիվ փլատակների տակից հանեցին մի նորածնի, որը հրաշքով էր ողջ մնացել բետոնե ավերակների տակ:

«Հսկայական շենքի մնացորդների տակ մենք անհասկանալի ձայն լսեցինք, երեխայի լացի էր նման: Շները ցույց տվեցին, թե որտեղ է պետք փնտրել: Ձեռքերով սկսեցինք բարձրացնել հսկայական բեկորները: Ձայնը սկսեց ավելի հստակ լսվել: Հասկացանք, որ երեխա է: Մեր ուրախությունն ու զարմանքն անսահման էր, երբ տեսանք օրորոցի մեջ պառկած փոքրիկին, որի վրա անգամ քերծվածք չկար», — պատմում է Վալերին:

Երբ երեխային գրկեցին, սկսեց ճչալ, ասես մեղադրում էր, որ այդքան ուշ են օգնության հասել: Նորածնի ծնողների դիերը գտան ավելի ուշ, օրորոցից քիչ հեռու: Երջանիկ աստղի տակ ծնված փոքրիկին հանձնեցին բարեկամներին: Վալերին այսօր էլ չի կարողանում մոռանալ նրա մեծ-մեծ աչուկները…
Այդ օրերին ստիպված էին հոգեբանական ծանր փորձությունների միջով անցնել. օրական մոտավորապես 30 դիակ էին հանում փլատակների տակից՝ երեխաներ, ծերեր, երիտասարդներ:

Անցյալը հիշելիս չի կարողանում մոռանալ հայերի միասնականության մասին:

«Մենք տեղավորվել էինք վրաններում, ո՛չ սնունդ կար, ո՛չ կրակ: Բայց բոլորը կիսում էին իրենց մոտ եղածը, օգնում, ինչով կարողանում էին: Ստորգետնյա ցնցումները մեկ ամիս շարունակ չէին դադարում ու դժվարացնում էին փրկարարական աշխատանքները», — պատմում է Վալերին:

Սպիտակում գտնվելու ամբողջ ընթացքում Ավագիմովի գլխավորած բրիգադը կարողացավ ընդամենը 7 մարդու փրկել, որոնց հետագա ճակատագրի մասին, ցավոք, ոչինչ չգիտի…

42