ՀՀ քննչական կոմիտե

Մեկ անձ ձերբակալվել է`Սոթքի ոսկու հանքում արձակված կրակոցների գործով

28
(Թարմացված է 17:46 02.12.2016)
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Սոթքի ոսկու հանքի տարածքում հնչած կրակոցների դեպքի առթիվ, պարզվել է կասկածյալի ինքնությունը։

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի — Sputnik.  2016թ. դեկտեմբերի 1-ին` ժամը 23:10-ին, ահազանգ էր ստացվել այն մասին, որ Սոթքի ոսկու հանքի տարածքում կրակել են հանքի անվտանգության աշխատակցի վրա, կա վիրավոր:

Նախնական քննությամբ պարզվել է, որ դեկտեմբերի 1-ին` ժամը 23:00-ի սահմաններում, «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊ Ը-ին պատկանող Սոթքի ոսկու հանքի տարածքում, առերևույթ հանցագործություն կատարած անձը «ԱԿՄ» տեսակ ինքնաձիգով կրակոցներ է արձակել, որի հետևանքով հանքի անվտանգության աշխատակիցը ձախ ոտնաթաթի հատվածում ստացել է մարմնական վնասվածք և տեղափոխվել բժշկական կենտրոն: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Կատարվել է դեպքի վայրի զննություն: Պարզվել է, որ դեպքի կատարվել է Սոթքի ոսկու հանքի թիվ 40 հանքախորշի հարակից տարածքում, որտեղ զննությամբ հայտնաբերվել են պարկուճներ:

Նախաքննության ընթացքում Սոթքի ոսկու հանքի անվտանգության պետը ներկայացրել է «ԱԿՄ»  մոդելի ինքնաձիգ և հայտնել, որ այն վերցրել են կրակոցներ արձակած անձի մոտից` նրան բռնելու պահին:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով դեկտեմբերի 2-ին  ձերբակալվել է:

Նշանակվել են դատաբժշկական, մատնադրոշմային, դատաձգաբանական փորձաքննություններ: Հարցաքննվել են մի շարք վկաներ:

Նախաքննությունը շարունակվում է:

28