Ժողովուրդ. ՊՆ-ն ազատվում է Սեյրան Օհանյանի կադրերից
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կադրերը մեկը մյուսի հետևից լքում են իրենց պաշտոնները: Մասնավորապես` թերթի հավաստի աղբյուրները հայտնում են, որ ռազմական ոստիկանության պետի տեղակալ Արմեն Հարությունյանը, որը Օհանյանի հետ բարեկամական կապեր ունի, ազատվել է աշխատանքից: Իսկ Օհանյանի անվտանգության պետի պաշտոնը զբաղեցրած Սերգեյ Հայրապետովը այլ աշխատանքի է տեղափոխվել:
«Չի բացառվում, որ այս զարգացումները կապված լինեն ՊՆ-ում տարեսկզբին իրականացված կոռուպցիոն բացահայտումների հետ: Հիշեցնենք, որ նշված երկուսը ռազմական ոստիկանության շենքում ծեծի էին ենթարկել ՊՆ աշխատակցին` ստիպելով իրենց համար ցանկալի ցուցմունքներ տալ: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մանրամասներ պարզել ՊՆ-ից: Մեր հարցին ի պատասխան՝ նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց. «Այդ օղակի պաշտոնական նշանակումներն ու ազատումները մենք պաշտոնապես չենք մեկնաբանում»»,- գրում է թերթը:
Հրապարակ. ՀԱԿ-ը հայտնվել է ծանր վիճակում
Թերթը գրում է, որ ընդդիմությունը եռանդուն բանակցություններ է վարում՝ տարբեր գործիչներ այցելում են միմյանց և ճշտում, թե ով ում հետ կմիանա։ ՀԱԿ-ը, որն ի սկզբանե հայտարարել էր, որ համախմբումը կարող է տեղի ունենալ միայն իր առանցքի շուրջ, հայտնվել է ծանր վիճակում՝ նրա առաջարկները մնում են օդում կախված։
«Մեր տեղեկություններով, ՀԱԿ-ից համագործակցության առաջարկներ են անում ոչ միայն քաղաքական կուսակցություններին, այլև անհատ անձանց, շարժումներին։ Օրինակ` բանագնացներ են այցելել գործարար Խաչատուր Սուքիասյանին, առաջարկել են վերադառնալ «հայրական տուն», դրական պատասխան առայժմ չեն ստացել։ Այցելել են նաեւ Ամարասի Արթուրին՝ առաջարկել միանալ։ Սակայն պայման են դրել՝ ցուցակը պետք է գլխավորի Լևոն Տեր-Պետրոսյանը, ինչը դժվարացրել է հետագա խոսակցությունը։ «Միասնական Արմենիայից» պատասխանել են, որ այդ դեպքում այլ ուժ իրենց չի միանա»»,- գրում է թերթը:
Հայկական ժամանակ. Խոզաբուծությունը կկենտրոնանա օլիգարխների ձեռքում
Թերթը գրում է, որ Հայաստանում խոզաբուծությամբ զբաղվող փոքր և միջին տնտեսվարողները մեծ վտանգներ են տեսնում իրենց բիզնեսի համար: Նրանց համոզմամբ՝ հաջորդ տարվա գարնանից ՀՀ-ում խոզաբուծությունը կկենտրոնանա մի քանի օլիգարխների ձեռքում:
«Խնդիրն այն է, որ մի քանի ամիս առաջ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը կտրուկ հզորացրել է իր խոզաբուծական ֆերմաները: Խոզի մսի մթերման գնի նվազման պատճառով ֆերմերները չեն ստանալու իրենց ակնկալած եկամուտները: Նրանք հույս ունեն, որ գոնե Ամանորի նախաշեմին կկարողանան արագ իրացնել իրենց արտադրանքը, բայց պատկերացում չունեն, թե ինչ են անելու դրանից հետո: Ամենապարզ հաշվարկները ցույց են տալիս, որ մթերման ցածր գինը խոզաբուծությունը դարձնում է անեկամտաբեր»,- գրում է թերթը:
Ժողովուրդ. «Միկան» սնանկ է ճանաչվել
Թերթը գրում է, որ հայտնի գործարար Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Միկա քորփորեյշնլ» ընկերությունը սնանկ է ճանաչվել։ Օրաթերթին հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետարանը դիմել է դատարան` ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով, քանի որ 1,2 մլն. դրամ պարտք է քաղաքապետարանին հողի հարկի գծով։
«Նշենք, որ դիզվառելիքի և բենզինի վաճառքով զբաղվող այս ընկերությունը 2014 թվականից չի գործում։ Իսկ աշխատակիցներն ընկերության սնանկ ճանաչվելու մասին տեղեկությունը իմացան «Ժողովուրդ» օրաթերթից։ Հիշեցնենք, որ 2014-ին Բաղդասարովի երբեմնի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը ևս սնանկացավ, մոտ երկու տարի է` ընկերության աճուրդի հանված գույքը չի վաճառվում, որ պարտքերը մարվեն։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 360–ով և դարձել 172816։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 4889 մարդ (+189), կատարվել է 739116 (+2526) թեստավորում, առողջացել են վարակվածներից 163906-ը (+168)։ Գրանցվել է մահվան 3202 դեպք (+2)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1-ով և հասել 819-ի։
Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։
Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։
Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։
2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Որոշ սահմանափակումներ մեղմացվեցին, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակեց գործել։
Գիտնականներն ասել են, թե մարդկությունը քանի տարի է կորցրել կորոնավիրուսի պատճառով
Հաշվի առնելով կորոնավիրուսի 3–րդ ալիքի գոյությունն աշխարհում և այն փաստը, որ Հայաստանում վարակակիրների թիվը շարունակում է բարձր մնալ` 2021թ.–ի հունվարի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց երկրում կարանտինային ռեժիմը երկարաձգել ևս 6 ամսով։ Այն կտևի մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար:
Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում ձյուն է գալիս։
Ստեփանակերտի օդանավակայանն ու Ալիևի ավիացիոն պլանները. իրավիճա՞կ է փոխվել
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 500 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Արմավիրի մարզում ճակատ–ճակատի բախվել են Opel Astra–ներ. վիրավորների մեջ երեխաներ կան
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանն այսօր խորհրդարանում ներկայացնելու է Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուներին:
Բայց մինչ պատգամավորները կսկսեին թեկնածուներին հարցեր տալ նրանց ապագա գործունեության մասին, օգտվելով առիթից` սկսեցին իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները պահանջել Վարդազարյանից:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից Արթուր Հովհաննիսյանը հիշեց ԲԴԽ նախագահի՝ 2020 թ-ի նոյեմբերի 15-ի հայտարարությունը և փորձեց ճշտել՝ արդյո՞ք այն քաղաքական չէր՝ հիշեցնելով, որ այդ օրը պետք է տեղի ունենար ԱԱԾ նախկին տնօրեն ու Վարդազարյանի վաղեմի ընկեր Արթուր Վանեցյանի կալանքի հարցով դատական նիստը:
ԲԴԽ նախագահը հիշեցրեց, որ իր ղեկավարած կառույցը հաշվետու չէ ԱԺ-ին ու հավելեց. «Հետևաբար ես պարտավոր չեմ պատասխանել քաղաքական բնույթի հարցերի: Պատրաստ եմ պատասխանել բոլոր այն հարցերին, որոնք վերաբերում են այն թեկնածուներին, որոնց ներկայացնելու համար ես այսօր ներկայացել եմ»:
ԱԺ նիստը վարող փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ԲԴԽ նախագահին կոչ արեց պատասխանել հարցերին:
«Կարող եք ընդհանրապես չպատասխանել, և մենք ու քաղաքացիները մեր հետևություններ կանենք, բայց ես կոչ եմ անում այնուամենայնիվ պատասխանել»,- ասաց նա:
ԲԴԽ նախագահին ուղղված հարցերի տարափից զայրացած անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն էլ տեղից հարց ուղղեց Վարդազարյանին. «Ինչո՞ւ է աղմկում գետը»:
Ալեն Սիմոնյանը խնդրեց տեղից չմիջամտել. «Պարոն Պետրոսյան, ես ձեր հարցերի խորությունը մշտապես նկատել եմ, բայց ձեր գետի հետ կապված խնդրում եմ տեղից չխոսել»:
«Իմ քայլի» պատգամավոր Արեն Մկրտչյանն էլ հարց ուղղեց ԲԴԽ նախագահին. «Դուք գիտե՞ք` որտեղ եք գտնվում»:
Վարդազարյանն էլ հայտնեց, որ որևէ կանոն չի խախտել ու նշեց դատավորների գործունեության ու վարքագծի կանոնները սահմանող մի շարք օրենքների հոդվածներ:
«Այդ վարքագծի կանոններից ելնելով՝ ես ունեմ զսպվածության սահման, և այդ զսպվածության սահմանը որևէ կերպ չեմ անցնելու, որքան էլ ինձ փորձեք դրդել դեպի քաղաքական քննարկում»,- ասաց ԲԴԽ նախագահը:
Նշենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի և Արսեն Մկրտչյանի թեկնածությունները, որոնք նախատեսվում է քննարկել ընթացող քառօրյա նիստերի օրակարգում:



