Ուսանողներ

Հայ երեխաներն ավելի շատ անգլերենն են ընտրում, քան ռուսերենը

19
(Թարմացված է 18:25 24.11.2016)
Ռուսերենը Հայաստանում երկրորդ պետական լեզու դառնալ չի կարող: Այսօր լրագրողներին նման կարծիք հայտնեց Լեզվի պետական տեսչության պետ Լավրենտի Միրզոյանը՝ հիշեցնելով, որ ՀՀ-ում ռուսալեզու բնակչության թիվը գերակշռող չէ:

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի — Sputnik. Որպեսզի ռուսերենը Հայաստանում երկրորդ պետական լեզու ճանաչվի, պետք է փոփոխություն կատարվի Սահմանադրության մեջ, իսկ այն իր հերթին պետք է ընդունվի հանրաքվեով: Անդրադառնալով վերջին օրերին հասարակական լայն քննարկման արժանացած հարցին` նշեց Լեզվի պետական տեսչության պետ Լավրենտի Միրզոյանը:

«Բայց Հայաստանում ո՞վ պետք է ռուսերեն սովորի, բնակչության 98 %-ը հայեր են, ուրեմն մեր պետական լեզուն հայերենն է: Համոզված եմ, որ անգամ հանրաքվեի դրվելու դեպքում մեր ժողովուրդն «այո» չի ասի, որովհետև մենք ունենք սփյուռքի խնդիր»,- ասաց նա:

Անգամ ԽՍՀՄ տարիներին Հայաստանում առաջին տեղում միշտ եղել է հայերենը, հիշեցրեց Միրզոյանը, միաժամանակ, սակայն, ցավով նշելով, որ անկախության առաջին իսկ տարիներին ռուսաց լեզուն դուրս մղվեց գործածությունից, ինչի հետևանքով այսօր երիտասարդներից քչերն են տիրապետում լեզվին: Ռուսերեն ավելի շատ օգտագործում են ավագ սերնդի ներկայացուցիչները, իսկ երիտասարդներն ընտրում են օտար լեզուները:

«Ինչքան էլ մենք ռուսներին սիրենք, հարգենք, մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ կառուցենք, այդուհանդերձ ռուսերեն իմանալու համար պարտադիր չէ պետական լեզվի կարգավիճակ տալը»,- ասաց Միրզոյանը:

Իսկ ռուսաց լեզվի խորացված ուսուցմանը կրթական հաստատություններում հայ լեզվաբանը դեմ չէ:

Կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն էլ հասարակությանը հուզող այս հարցին ի պատասխան նշեց, որ օտար լեզուներով խորացված ուսուցում Հայաստանում այսօր էլ տարվում է: ՙ

Թեքումով դպրոց ասվածը յուրաքանչյուր դպրոց կարող է լինել, որովհետև, եթե ուսումնական պլանում ռուսերենի դասաժամերն ավելացնեն, դառնում է ռուսերենի խորացված ուսուցմամբ դպրոց: Բայց, բացի այդ, մենք ունենք դպրոցների մի առանձին ցուցակ, որոնց հնարավորություն ենք տվել այլընտրանքային դասագրքերով ուսուցում կազմակերպել և այլընտրանքային միջոցառումների մասնակցել՚,- ասաց նա:

Մեր երկրում այսօր գործում են ոչ միայն ռուսերենի, այլև ֆրանսերեի, անգլերենի, իսպաներենի, չինարենի, պարսկերենի ու այլ օտար լեզուների խորացված ուսուցմամբ դպրոցներ:

Բայց հայաստանյան նոր սերունդն, այնուամենայնիվ, օտար լեզուների շարքում նախապատվությունը շարունակում է անգլերենին տալ: Հովհաննիսյանի խոսքով` օտար լեզվի քննության համար 12-րդ դասարանում ավելի շատ անգլերենն են ընտրում, քան ռուսերենը:

19