Քննություն

Դպրոցական ավարտական քննությունները կարելի է հանձնել նաև դեկտեմբերին

63
(Թարմացված է 17:51 24.11.2016)
2016-2017 ուսումնական տարվա ավարտական որոշ քննություններ 12-րդ դասարանցիները կարող են հանձնել արդեն դեկտեմբերին: Նման որոշում է կայացրել ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի — Sputnik. ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով հաստատվել է 2016-2017 ուսումնական տարվա պետական ավարտական քննությունների ժամանակացույցը:

Համաձայն փաստաթղթի` 12-րդ դասարաններում այս տարի պետական ավարտական քննություններ կարող են անցկացվել ոչ միայն հունիսին, ինչպես նախկինում, այլև դեկտեմբերին: Ընդ որում, քննությունը նախապես հանձնելու որոշումը կայացնում է ինքը՝ երեխան, ազատվելով երկրորդ կիսամյակի ընթացքում որոշ առարկաներ ուսումնասիրելու պարտականությունից և հնարավորություն ունենալով ավելի շատ ժամանակ հատկացնել այն առարկաներին, որոնցից հունիսին միասնական քննություն պետք է հանձնի:

Երկրորդ կիսամյակում երեխան պարտադրանքից ազատվում է: Օրինակ, եթե գնում է տնտեսագիտական համալսարան և այնտեղ պետք է հանձնի հայոց լեզու, անգլերեն և մաթեմատիկա, ապա պատմություն առարկան կարող է հանձնել դեկտեմբերին, որից հետո ընտրել իրեն անհրաժեշտ երեք առարկաներն ու զբաղվել միայն դրանցով՚,- ասաց ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը։

Նրա խոսքով` այս խնդիրը տարիներ շարունակ բարձրացնում են երեխաներն ու նրանց ծնողները՝ ասելով` երկրորդ կիսամյակում երեխային ազատեք իր համար ոչ հիմանական առարկաներից: Բարձրացվում էր անգամ երեխայի առողջության խնդիրը, որ երեխան հոգնում է և չի հասցնում դպրոց գնալ, կրկնուսույցի մոտ պարապել:

Այս փոփոխությամբ, ոլորտի պատասխանատուների կարծիքով, դպրոցն իր վրա է վերցնում նաև կրկնուսույցի դերը, քանի որ դպրոցում երեխան կարող է շաբաթական մի քանի դասաժամ նվիրել միայն այն առարկաներին, որոնք ինքն ընտրել է ապագա մասնագիտության համար:

Այս տարի հաստատված ժամանակացույցով դեկտեմբերյան ավարտական քննությունները տեղի կունենան դեկտեմբերի 24-30-ը. հայոց լեզու և հայ գրականություն առարկան՝ դեկտեմբերի 26-ին, մաթեմատիկան՝ դեկտեմբերի 28-ին, հայոց պատմությունը՝ դեկտեմբերի 29-ին, ռուս գրականության, մայրենի լեզվի և գրականության բանավոր և Ֆիզկուլտուրա առարկայի քննությունները՝ 1-ին կիսամյակի վերջին շաբաթվա ընթացքում: Իսկ միասնական քննությունները կկայանան հունիսի 1-24-ը:

Ի դեպ, դեկտեմբերին ավարտական քննություն հանձնելով մի առարկայից` աշակերտը չի զրկվի այն նաև հունիսին վերահանձնելու իրավունքից, բայց այդ դեպքում ատեստատում կնշվի դեկտեմբերին ստացած գնահատականը:

Հանրակրթական ուսումնական հաստատությունների 4-րդ և 9-րդ դասարաններում պետական ավարտական քննությունները կանցկացվեն միայն հունիսի 1-24-ը:

Թե՛ դեկտեմբերյան, թե՛ հունիսյան քննությունները կսկսվեն առավոտյան ժամը 10:00-ին, աշակերտները պետք է քննության ներկայանան 1 ժամ շուտ՝ ժամը 9:00-ին:

63