Առողջապահություն

Հայաստանը կարող է վերցնել Սլովակիայի և Մերձբալթիկայի փորձը բժշկության ոլորտում

49
(Թարմացված է 18:59 07.11.2016)
Հայաստանում քննարկման առարկա են ոչ միայն երկրում զարգացած վիրաբուժությունը և հայ բժիշկների ձեռքբերումները, այլև ոլորտում առկա բացթողումները, հատկապես օրենսդրական մակարդակում։

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի — Sputnik. Սլովակիայի և Մերձբալթյան երկրների փորձն առողջապահական հարցերի կարգավորման ոլորտում կարող է օրինակ ծառայել Հայաստանի համար, Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն Արտաշես Ջավադյանը։

Նրա խոսքով` Մերձբալթյան երկրները հասցրել են շատ ճիշտ քայլեր կատարել, և հայ բժիշկների համար ավելի նպատակահարմար է վերցնել նրանց փորձը, ինչպես նաև փորձել չկրկնել արդեն թույլ տրված սխալները։

«Կարելի է դիտարկել երկրների փորձը, որոնք մոտավորապես գտնվում են զարգացման նույն փուլում, ինչ Հայաստանը։ Պարտադիր չէ հաշվի առնել զարգացած երկրների փորձը, քանի որ դա պահանջում է մեծ ներդրումներ։ Մեզ համար Սլովակիայի, Մերձբալթյան երկրների փորձը լավ տարբերակ է»,- ասաց Ջավադյանը։

Նա կարծում է, որ այդ առումով կարևոր դեր ունի նաև իրավական կարգավորման հարցը, քանի որ հենց դրանից է կախված բժշկական սպասարկման որակը, ինչպես նաև նախապատրաստման մակարդակը և բժիշկների փորձը։

Ջավադյանի խոսքով` Երևանում նոյեմբերի 7-9-ը կազմակերպված «Առողջապահությունը և մարդու իրավունքները» թեմայով միջազգային համաժողովը թույլ կտա գործակցություն սկսել առողջապահության ոլորտում իրավական կարգավորման հարցում։ 

Քննարկվող հարցերի թվում են այցելուների և բուժաշխատողների իրավունքները, պետությունների պարտավորություններն այդ խնդիրների լուծման հարցում։ Նրա խոսքով` այդ դեպքում ցանկացած առաջին քայլ ճիշտ կլինի, եթե այն սկսվի ռեսուրսների գույքագրումից։ Նախ մասնագետները պետք է լավ ուսումնասիրեն օրենսդրական դաշտը և հասկանան, թե հիմա ինչ ունեն։

Ջավադյանը կարծում է, որ անհրաժեշտ է վերանայել այն իրավական ակտերը, որոնք հնացել են, պահանջում են առաջնահերթ կատարելագործում, ինչպես նաև այն երկրների փորձի ուսումնասիրում, որոնք մոտավորապես գտնվում են զարգացման նույն փուլում, ինչ Հայաստանը։

«Առողջապահությունը և մարդու իրավունքները» թեմայով առաջին միջազգային համաժողովին Երևանում մասնակցում են իրավաբաններ և բուժաշխատողներ, որոնք քննարկում են հրատապ հարցեր, բացթողումներ և ոլորտի ամենագլխավոր խնդիրների լուծումները։ Համաժողովի շրջանակում տարբեր երկրների մասնագետները հնարավորություն կունենան փոխանակել փորձը. Ուկրաինայի, Վրաստանի, Լիտվայի, Ղազախստանի, Մակեդոնիայի և այլ երկրների իրավաբանները կպատմեն, թե իրենց երկրներում որքանով են պաշտպանված բժիշկների և հիվանդներիի իրավունքները, ինչ խնդիրներ կան, և ինչպես են դրանք լուծվում։

49