Զինվորների ծնողները մեկնում են ոգևորելու ծառայող որդիներին

Ինչքան վտանգավոր, այնքան մարտական. ծնողները մեկնեցին Արցախ ոգևորելու զինվորներին

243
(Թարմացված է 11:11 22.10.2016)
Երեկ՝ հոկտեմբերի 21-ին, զինծառայողների ծնողները Երևանից Արցախ մեկնեցին: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ նրանք այցելելու են տարբեր զորամասեր տեսնելու համար, թե ինչ պայմաններում են ծառայում իրենց որդիները:

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի — Sputnik. Գոհար Սարգսյան. Ապրիլյան պատերազմից հետո Կարեն Ստեփանյանը որդուն դեռ չի տեսել: Հիմա մտովի ժամանակն ուզում է առաջ տալ, որպեսզի որքան հնարավոր է շուտ հասնի Թալիշում ծառայող որդու մոտ: Ասում է՝ անկախ ծառայության վայրի վտանգավորությունից, որդին միշտ բարձր տրամադրություն ունի ու մարտական է տրամադրված, քանի որ հայ զինվոր է:

«Հույս եմ տալիս ու հպարտ եմ, որ նման որդի ունեմ: Նա շատ տրամադրված, դուխով էր գնում ծառայության: Հեռախոսով պատմում է՝ լավ եմ, ողջ եմ, խնդիր չկա: Ավելորդություն թույլ չի տալիս»,- պատմեց նա:

Карен Степанян
© Sputnik/ Asatur Yesayants
Կարեն Ստեփանյան

2013 թվականից ի վեր Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Երևանից ծնողներ են մեկնում Արցախ՝ այցելելու այնտեղ ծառայող իրենց որդիներին: Այս անգամ նրանց թիվը 1200-ն է: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը վստահեցրեց, որ այս ծրագիրը շարունակական է լինելու:

«Բանակ-հասարակություն կապը պետք է ակտիվացնենք: Շուրջ 1200 ծնող այցելելու է սահմանամերձ գոտիներ՝ տեսնելու իրենց որդիներն ինչ պայմաններում են ծառայում: Շնորհակալ ենք ճանապարհային ոստիկանությանն ու առողջապահական բլոկին, որ ուղեկցում են ծնողներին ԼՂՀ, Ստեփանակերտի քաղաքապետին, մարզպետներին, որ աջակցում են այս ամենը կազմակերպելու համար: Այս անգամ Երևանի վարչական շրջանների ղեկավարները ցանկություն են հայտնել մեկնել ԼՂՀ, օրինակ՝ Ավան, Նոր-Նորք, Աջափնյակ վարչական շրջանների ղեկավարները հիմա ծնողների հետ կշարժվեն դեպի ԼՂ»,-ասաց Տարոն Մարգարյանը:

Արցախում ծառայող զինվորների ծնողներին ճանապարհելու էր եկել նաև պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը: Նա նշեց, որ պաշտպանության նախարարությունը կարևորում է նմանատիպ նախաձեռնությունները: Հայտնեց, որ նախարար Վիգեն Սարգսյանն Արցախում է, իսկ դա նշանակում է, որ մեկնաբանության կարիք չկա: Sputnik Արմենիային էլ ասաց, որ ինքն անձամբ հաճախ է այցելում արցախյան դիրքեր ու վստահեցրեց, որ այնտեղ գտնվող զինծառայողների մարտունակությունը բարձր նշաձողի վրա է:

«Բարձր ոգևորություն կա, մասնավորապես ապրիլյան գործողություններից հետո: Ինչքան դիրքն ավելի վտանգավոր է, այնքան ավելի ոգևորությունը բարձր է, հավատացեք»,- ասաց Տոնոյանը:

Давид Тоноян
© Sputnik/ Asatur Yesayants
Դավիթ Տոնոյան

Մեկնելուն անհամբերությամբ էր սպասում էր նաև տիկին Կարինեն: Այս նախաձեռնությամբ նա արդեն երկրորդ անգամ էր մեկնում Արցախ՝ որդուն տեսակցելու: Մի կարևոր հանգամանք նշեց՝ եթե այս նախաձեռնությունը չլիներ, դժվար թե կարողանար այդքան մեծ ճանապարհ կտրեր ու տեսակցեր որդուն:

«Եթե մեզ մնա, չեմ կարողանա գնալ. մանկապարտեզում եմ աշխատում, 60 հազար աշխատավարձ եմ ստանում, իսկ հիմա մեկնելն անվճար է, գոնե դրա հաշվին երեխուս սնունդ եմ առել»,-ասաց նա:

Մոտավորապես 23:00-ին Արացախում ծառայող զինվորների ծնողները ճանապարհ ընկան՝ բարձր տրամադրությամբ ու մեծ պատրաստակամությամբ: Նրանք իրենց առաքելություններից են համարում որդիներին քաջալերելն ու ոգեշնչելը:

Карине
Asatur Yesayants
Տիկին Կարինեն

 

 

243