Մամուլ

Մամուլի տեսություն. Նոր կառավարությունն արմատական փոփոխությունների խնդիր չունի

265
(Թարմացված է 09:39 19.10.2016)
Sputnik Արմենիան ներկայացնում է հոկտեմբերի 19–ի մամուլի տեսությունը

Չորրորդ իշխանություն. Կիսատ-պռատ քայլեր

Թերթի վերլուծությամբ` նոր կառավարությունը խնդիր չունի արմատական փոփոխություններ անելու։

«Խնդիրը ձևակերպվել է մոտավորապես այսպես. ինչպե՞ս անել, որ պետական համակարգը մնա ծայրից ծայր կոռումպացված, արտոնյալ և «դաբրո» ունեցող օլիգարխները շարունակեն աշխատել ստվերում, ազգային հարստության կեսից ավելին շարունակի պատկանել մի քանի տասնյակ ընտանիքների, բայց բյուջեում այնքան փող լինի, որ հնարավոր լինի պետության գոնե նվազագույն կարիքները հոգալ։ Կարեն Կարապետյանն էլ մտել է այդ բեռան տակ ու փորձում է ինչ-որ բան անել։ Եվ ամենևին պատահական չէ, որ վարչապետի կարգավիճակով իր վերջին ելույթում խոսեց «պրիմիտիվ» գողությունները դադարեցնելու մասին։ Ավելի մեծ գողությունների դեմ պայքարելը նրա իրավասություններից դուրս է»,-գրում է թերթը։

Հրապարակ. Չեմ կարող մի երիտասարդի ձեռքի տակ աշխատել

Թերթը տեղեկություններ ունի, որ նախագահական ապարատը չէր կանխատեսել Վիկտոր Դալլաքյանի` աշխատանքից ազատվելն ու կուսակցություն ստեղծելը։ Նոյեմբերին նախատեսված է Դալլաքյանի «Շրջադարձ» կուսակցության համագումարը, որի ընթացքում Սեյրան Օհանյանն ընտրվելու է կուսակցության նախագահ, իսկ Դալլաքյանը` քաղխորհրդի նախագահ։

«Դա պայմանավորված քայլ չէ՞ր նախագահի հետ` հարցրինք նախագահականի մեր աղբյուրին։ «Բացառեք, անհնար է, դուք ի՞նչ է, կարծում եք Սեյրան Օհանյանի` այդ կառույցին «ինտեգրումը» կարող է դու՞ր գալ որևէ մեկին, էլ չեմ ասում` նախագահին»։ Ի դեպ, Սերժ Սարգսյան-Սեյրան Օհանյան «նեպրիյազնը» շատ ավելի վաղ է սկսվել, երբ, իմանալով Օհանյան ընտանիքի ֆեյսբուքյան ակտիվության մասին, Սերժ Սարգսյանը նկատողություն է արել, որին ի պատասխան` Սեյրան Օհանյանն ասել է` դա իր կնոջ անձնական գործն է։ Երբ նախագահականից Օհանյանին առաջարկել են ազատման դիմում գրել, նա կատեգորիկ հրաժարվել է` ասելով. Դուք հրաման տվեք, ես չեմ գրելու։ Իսկ երբ առաջարկվել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնը, ասել է` ես չեմ կարող մի երիտասարդի ձեռքի տակ աշխատել»,-գրում է թերթը։

Առավոտ. «Եթե լինի ագրեսիա, մենք ուժգին հակահարված ենք տալու»

Թերթին տված հարցազրույցում ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն ասել է, որ ամեն ինչ անելու են երկարատև ռազմական գործողություններն Ադրբեջանի խորքեր տեղափոխելու համար։

«Բլից կրիգ. սա է ագրեսորի էությունը։ Երկարատև պատերազմի պատրաստվում է պաշտպանվող կողմը։ Մենք որևէ ձևով չենք ասել, որ պատրաստվում ենք հարձակվել կամ թե ագրեսիվ քաղաքականություն ենք վարում։ Բայց դա չի նշանակում, որ անտեսում ենք ադրբեջանական վտանգը»,- գրում է թերթը։

Ժամանակ. Դեպի ԱԺ` նոր կուսակցությամբ

«Ժամանակ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀԿ շարքերը շուտով կլքի նաև տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը։

«Բեգլարյանն ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու և ԱԺ-ում իր տեղն ունենալու ցանկություն ունի։ Հնարավոր է` նա գլխավորի դաշտի ճոռոմ անվանմամբ «անպետք» կուսակցություններից մեկը։
Բեգլարյանը վստահ է, որ իր հնարավորություններով միայն Երևանում, առավելապես կենտրոնում հավաքվելիք ձայներով կլուծի ԱԺ-ում սեփական ֆրակցիայով անցնելու հարցը։ Ի դեպ, պաշտոնազրկումից ի վեր Բեգլարյանը չի կարողանում հանդիպել և իր ծրագրերը քննարկել ո՛չ Սերժ Սարգսյանի, ո՛չ Կարեն Կարապետյանի հետ, ովքեր մշտապես համարվել են իր ընկերները»,-գրում է թերթը։

Ժողովուրդ. Ազգովի խնդրելու գործընթաց

Թերթը տեղեկություններ ունի, որ ԲՀԿ ակտիվը ծրագրում է ՀԱՕԿ նախագահ և իրենց նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին «ազգովի խնդրելու» գործընթաց կազմակերպել։

«Մի քանի հազար ԲՀԿ-ականներ երթով գնալու են Ծառուկյանի մոտ և խնդրեն նրան` վերադառնալ քաղաքականություն։ ԲՀԿ-ում հույս ունեն, որ դրանից հետո Գագիկ Ծառուկյանն առանց կաշկանդվելու կհայտարարի քաղաքականություն վերադառնալու մասին»,-գրում է թերթը։

265