Պոլիէթիլենային տոպրակներ

Բնապահպան. տոպրակի 10 դրամը թող մեկ ծառ դառնա

24
Արդյոք ճի՞շտ է պոլիէթիլենային տոպրակների համար վճարել 10 դրամ, ու՞ր են գնում այդ գումարները, Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում այս խնդիրը փորձել են պարզաբանել Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի բնապահպանության ծրագրերի համակարգող Արևիկ Մկրտչյանը։

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik. Ցելոֆանե տոպրակները և պլաստիկե շշերը բնության մեջ քայքայվում են հարյուրավոր տարիների ընթացքում, այրելիս էլ շատ թունավոր նյութեր են արտադրվում, և այդ հարցը դարձել է համաշխարհային պրոբլեմ, նշեց Արմեն Պողոսյանը` հավելելով, որ Եվրոպայում այդ տոպրակները վաղուց արգելված են, փոխարենը գնորդին առաջարկվում են թղթե տոպրակներ։

«Պոլիէթիլենային տոպրակները գումարով դարձելու որոշումը դրական է, սակայն պետք էր բացատրական աշխատանք տանել։ Դժվար չէ պայուսակում տոպրակ ունենալ։ Հայաստանում, որը փոքր պետություն է, տարեկան 1 մլն տոննա աղբ է հավաքվում։ Դա սարսափելի է։ Պատկերացրեք մեծ պետությունների վիճակը»,- նշեց նա։

Սակայն, նրա խոսքով, սխալ է այն, որ բնապահպանականի անվան տակ շատ կազմակերպությունները պարզապես շահույթ են ստանում։

«Հին ասացվածք կա. «Դժոխք տանող ճանապարհը բարի նպատակներով է սալահատակված»։ Բարի նպատակը վերածել են մոլորության և խաբեության։ Պետք է կամ տոպրակի իրական արժեքը հաշվել, կամ թղթե տոպրակներ առաջարկել, կամ ուտիլիզացիայի խնդիր լուծել` աղբը հավաքել տարբերակված ու վերամշակել, ինչպես Եվրոպայում»,- նշեց Պողոսյանը։

Նրա խոսքով` կասկած չկա, որ տոպրակի արժեքը 1 դրամից պակաս է, տնտեսվարողները դրանք ստանում են տոննաներով և վաճառում հատով` 10 դրամով։

«Եթե դրա վաճառքի գումարի մի մասը գնա էկոլոգիական խնդիրներին, կլինի լավագույն տարբերակը, բայց սպառողի նկատմամբ դա խաբեություն է»,- կարծում է Պողոսյանը։

Արևիկ Մկրտչյանն էլ նշեց, որ տոպրակի համար վճարված գումարը պետք է գնա կոնկրետ ֆոնդի, որը կզբաղվի աղբի տեսակավորմամբ ու վերամշակմամբ։ Օրինակ` աշխարհում պլաստիկից ստանում են վառելիք, բայց այստեղ այդ գումարը, նրա խոսքով, չգիտես ուր է գնում։

«Իմ կարծիքով` մենք սխալ կողմից ենք սկսել։ Քարոզարշավ է պետք տանել։ Պետք է լինեն հարկային արտոնություններ այն կազմակերպությունների համար, որոնք կվերամշակեն աղբը, տոպրակների գումարներն էլ պետք է ուղղվեն դրան։ Երկրորդ` ընկերությունները պետք է ասեն, թե ուր են գնում այդ գումարները։ Պետք է նաև հաշվարկվի, թե քանի տոպրակ է արտադրվում երկրում, պետք է լինի տոպրակի արտադրության քվոտա։ Այսինքն` ամեն ինչ պետք է լինի ուղղորդված»,- համոզված է բնապահպանը։

Բացի այդ, նրա խոսքով, այն տնտեսվարողները, որոնք հայտարարում են` 10 դրամ են հավաքում բնապահպանության համար, թող որդեգրեն այնպիսի կորպորատիվ սկզբունքներ, ինչպես, օրինակ, տարեկան մի քանի անգամ ծառատունկ կազմակերպելը։ Եթե 10 դրամը հետագայում դառնա մեկ ծառ, նրա խոսքով, ապա ինքը համաձայն է տոպրակի համար 10 դրամ վճարելուն։

 

24