Արսեն Համբարձումյան

Համեստ մաթեմատիկոս տղայի անհամեստ նվաճումները

392
(Թարմացված է 15:47 31.08.2016)
Միջազգային օլիմպիադաների հաղթող Արսեն Համբարձումյանը տարբեր քաղաքների բուհերից սովորելու հրավերներ է ստացել, սակայն ընտրել է Երևանի պետհամալսարանը։ Այսօր նա նաև Սերժ Սարգսյանի հյուրն է լինելու, քանի որ նախագահն իր նստավայրում ընդունելու է տարվա ընթացքում ուսման մեջ լուրջ հաջողություններ գրանցած աշակերտներին։

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Արսեն Համբարձումյանը 17 տարեկան է, բայց արդեն հասցրել է հանրապետական ու միջազգային այնքան օլիմպիադաների ու մրցումների մասնակցել, կոչումներ ստանալ, որ մի քանիսը նույնիսկ չի կարող մտաբերել:

Արսենն առանձնացնում է միայն իր կյանքում անչափ կարևոր չորսը՝ 2014 թվականին «Սինոփսիս Արմենիայի» կողմից տարվա լավագույն աշակերտ կոչումը, 2015 թվականին Թաիլանդում կայացած մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայի բրոնզե, 2016 թվականին Ղազախստանում` արծաթե և Հոնկոնգում` օլիմպիադայի բրոնզե մեդալները:

Арсен Амбарцумян с друзьями
© Sputnik/ Armenuhi Mkhoyan
Արսեն Համբարձումյան

Ուսման մեջ ցուցաբերած բարձր առաջադիմության ու միջազգային օլիմպիադաներում ունեցած գերազանց արդյունքների համար Արսենն օրերս արժանացավ նաև «Գյումրու քաղաքապետարանի հուշամեդալի». այս պարգևին նման երիտասարդ տարիքում դեռ ոչ ոք արժանացել։ Արդյունքում՝ աշխարհի տարբեր կողմերից սովորելու հրավերներ՝ դեռ 9-րդ դասարանում՝ Մոսկվայի տնտեսագիտության բարձրագույն դպրոցից, Լոմոնոսովի անվան պետական համալսարանից, Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարանից, Ղազախա-բրիտանական համալսարանից, նաև` Մայամիից և շատ այլ վայրերից ու համալսարաններից։ Սակայն Արսենն ընտրեց Երևանի պետական համալսարանը. «Նախ կփորձեմ հայրենիքում, ապա նոր հնարավորության դեպքում կմեկնեմ արտերկիր»:

«Արսենն ասում է, որ իր ապագան այստեղ՝ լուսավոր Հայաստանում է տեսնում, անկեղծ ասած` ես չէ, ես ուզում եմ, որ ինքն ընտրի այն լավագույն համալսարաններից, որոնցից հրավերներ է ստացել, գնա սովորի, հետո, եթե ուզում է, թող վերադառանա, բայց Արսենն այս հարցում անխախտ է»,-նշեց մայրը՝ Ալիսա Համբարձումյանը։

Նա նշեց`ամենավատն այն է, որ Հայաստանը Արսենի նման երեխաներին տարկետման իրավունք չի տալիս, որ ազատ գնան սովորելու:

Математик Арсен Амбарцумян
© Sputnik/ Armenuhi Mkhoyan
Արսեն Համբարձումյան

Մաթեմատիկան Արսենի համար միայն գիտելիք՝ տեսության իմացություն ու դրա կիրառումը չէ, այլ ավելին՝ սեփական տրամաբանությունը զարգացնելու գերազանց հնարավորություն:

«Մաթեմատիկան ոչ միայն գիտելիք է, այլև կյանքի հիմք ու տրամաբանության նոր ձև»,- պարզաբանեց Արսենը:

Փոքր հասակից է Արսենը սիրել այս առարկան, թեև ընտանիքում մաթեմատիկոսներ չկան, իսկ նախկին դպրոցում առանձնապես ուշադրություն չեն դարձրել տղայի մաթեմատիկական ունակությունների վրա:

Ամեն ինչ փոխվեց, երբ Արսենը տեղափոխվեց Գյումրու «Ֆոտոն» վարժարան, ուր ամեն ինչ այլ էր՝ իր նման երեխաները շատ, սովորելն ու տարբեր մրցույթներին մասնակցելը` սովորական երևույթ: Հենց առաջին իսկ ամիսներին Արսենին նկատեցին վարժարանում ու ավելի մեծ հնարավորություն տվեցին մասնակցելու նախ` հանրապետական, ապա, ընդգրկվելով միջազգային օլիմպիադաների հավաքական կազմում, նաև միջազգային օլիմպիադաներին:

Նույնիսկ արդեն հասցրել է սիրելի ուսուցչուհու՝ Մանյակ Մուտաֆյանի հետ գրել շատերի համար անհասկանալի թվացող «Կարճագույն ճանապարհների որոշման խնդիրներ տարածական մարմինների մակերևույթներով» հոդվածը:

Բայց ասել, որ այսքանին հասած տղայի համար ողջ օրն անցնում է մաթեմատիկական խնդիրներ լուծելով, սխալ է.

«Պատկերացումներն այնքան էլ ճիշտ չեն, որ արդյունքի հասնելու համար ողջ օրը նվիրելու ես գիտությանը: Անխոս, աշխատանք պետք է, բայց ամեն ինչի համար էլ ժամանակ գտնում եմ»,-նշեց Արսենը՝ անկեղծանալով, որ գիրք կարդալ չի սիրում, մինչդեռ կինոման է ու հատկապես շատ է սիրում հայկական ֆիլմերը:

«Երբ նոր էի որդուս տարել «Ֆոտոն» վարժարան, նախանձով էի նայում այն բոլոր ծնողներին, ում երեխաները հաջողությունների էին հասել: Չէի պատկերացնում, որ Արսենն այսքան առաջ է գնալու»,- նշեց մայրը՝ հավելելով` միակ բանը, որ այս դեպքում պահանջվում է ծնողից, հետևողական լինելն է:

Արսենից փորձեցինք իմանալ` արդյոք վատ չի՞ զգում, երբ երբեմն «անտեսվում» է, մինչդեռ մարզիկների հաղթանակներն ավելի տեսանելի են ու ավելի մեծ պատվի են արժանանում:

Математик Арсен Амбарцумян
© Sputnik/ Armenuhi Mkhoyan
Արսեն Համբարձումյան

«Դրա համար հասկանալու ունակություն է պետք՝ մարզիկների հաղթանակը բոլորը տեսնում են, մերը՝ ոչ: Այսուհետ կաշխատեմ ոչ միայն մեդալներով զարմացնել, այլև հայտնագործություններով»,- հասուն մարդու նման պատասխանեց երիտասարդ մաթեմատիկոսը:

Թեև Արսենին ինֆորմատիկան ու ֆիզիկան նույնպես հեշտությամբ են տրվում, բայց մաթեմատիկան նրա համար բոլորովին այլ աշխարհ է:

© Sputnik. Արմենուհի Մխոյան
Չնայած արտասահմանյան բուհերից ստացված բազմաթիվ հրավերներին` Արսեն Համբարձումյանն ընտրել է Երևանի պետհամալսարանը
392