Влюбленная пара толстяков

Հասմիկ Աբովյան. «Չուտելով անհնար է նիհարել»

74
(Թարմացված է 17:29 07.08.2016)
Դիետոլոգ Հասմիկ Աբովյանը Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում պատմել է, թե ինչպես է հնարավոր ճիշտ սնվելով քաշը նվազեցնել ու ամառային տապին չջրազրկվել։

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի — Sputnik. Հասմիկ Աբովյանը վստահեցնում է` միրգ ուտելով քաշը նվազեցնելն անհնար է։ Նրա խոսքով` միրգն իր մեջ պարունակում է հսկայական քանակությամբ շաքար, և անթաքույց ճշմարտություն է, որ մարդը գիրանում է հիմնականում շաքարից։ Նա խորհուրդ է տալիս միրգ ուտել մինչև օրվա երկրորդ կեսը, որպեսզի օրվա մնացած ժամանակահատվածում այն արագ յուրացվի։

«Երբ մարդն օգտագործում է պարզ գլյուկոզա, նա ավելի շուտ է հագենում։ Քանի որ մեր ուղեղը սնվում է միայն գլյուկոզայով, այն շատ արագ հայտնվում է արյան մեջ ու հասնում ուղեղի կենտրոններին. մարդն արագ հագենում է գլյուկոզայից։ Իսկ մրգերի մեջ պարունակվող ֆրուկտոզան շատ խորամանկ է այս առումով. մարդը ուտում է ու ուղեղը չի հագենում, նա կարող է ուտել շատ, բայց ի վերջո ֆրուկտոզան բերում է նույն գլյուկոզայի, պարզապես շատ ավելի մեծ քանակությամբ»,-ասաց նա։

Միաժամանակ դիետոլոգն ընդգծեց, որ միրգն օգտակար է հատկապես ամառվա տապին։ Այն օգնում է նաև, որ մարդու օրգանիզմը չջրազրկվի։

«Սովորական պայմաններում, ոչ շոգ ժամանակ մարդը հանգիստ վիճակում ծախսում է մոտ 1 լ հեղուկ քրտինքի տեսքով, որը նա չի նկատում։ Եթե մենք չլրացնենք, մենք կունենանք ջրազրկում, ինչը շատ վտանգավոր է»,-ասաց Աբովյանը։

Դիետոլոգն անդրադարձավ այն մարդկանց, որոնք ավելորդ քաշի խնդիր ունեն։ Նա անմիջապես հերքեց այն թյուրըմբռնումը, որ մարդը կարող է նիհարել չուտելով։ Եթե մարդը գրագետ է մոտենում իր սննդակարգին, գիտե ինչ ու երբ ուտել, ուրեմն նա երբեք չի գիրանա։ Օրինակ` երեկոյան ժամերին պետք է ուտել բացասական կալորիականությամբ մթերքներ։ Դրանց շարքն է դասվում բանջարեղենը։ Ի դեպ, տարբեր տեսակի բանջարեղենը նա անվանում է մթերք-փրկիչներ, քանի որ դրանց օգտագործման համար չկան ժամային ու քանակական սահմանափակումներ։

«Բանջարեղենը փրկիչ է այն մարդկանց համար, որոնք սովոր են մեծ ծավալներով ծանր կերակուրներ ուտել։ Այն կարելի է ուտել օրվա ցանկացած ժամի, անգամ` գիշերային։ Նպաստում է քաշի նվազեցմանը»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է մսամթերքին, ապա դիետոլոգը հայտնեց, որ այն երկար մարսվող սննդատեսակներից է։ Ստամոքսում մնում է մոտ 6 ժամ, եթե, իհարկե, արհեստականորեն չեն նպաստում դրա քայքայման պրոցեսին, օրինակ, գազավորված ըմպելիքներով։

«Մեր օրգանիզմում անընդհատ քայքայման ու ստեղծման պրոցեսներ են տեղի ունենում, եթե մենք չենք ուտում ընթրիքը, պատկերացրեք` քանի ժամ է օրգանիզմը մնում քաղցած։ Հատկապես ավելորդ քաշի առումով դա խստագույն ու ծանրագույն սխալ է։ Երկարատև քաղցը բերում է 2 վատ հետևանքի. մարդն արդեն ուտելու ժամանակ չի կարողանում իրեն կառավարել, բացի այդ օրգանիզմը միացնում է ճարպերը կուտակելու պոտենցիալը»,-ասաց նա։

Ճիշտ նիհարելու կարևոր նախապայմաններից մեկն էլ քնելու կուլտուրան է։ Պարզվում է`քնի ժամանակ արտադրվում են հորմոններ, որոնք այրում են ճարպը։ Եթե մարդը չի քնում ճիշտ ժամի ու բավարար քանակությամբ, նրա մոտ ընդգծվում է գիրանալու կամ չնիհարելու խնդիրը։

Դիետոլոգ Հասմիկ Աբովյանը խորհուրդ տվեց` ամեն ինչ ուտել, բայց ճիշտ չափաբաժիններով։ 

74