ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի-Sputnik. ՀՀ ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանը վստահ է, որ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի որդիների ունեցվածքը նրանց բիզնես գործունեության արդյունքն է, բայց մանրամասներ հայտնել չի կարող, քանի որ այդ ժամանակահատվածում ՊԵԿ-ում չի աշխատել։
Խաչատրյան ընտանիքի ունեցվածքի, մասնավորապես` ԱՄՆ-ում ձեռք բերած անշարժ գույքի մասին մամուլում հրապարակված լուրերը Հովսեփյանը հրաժարվեց մեկնաբանել։ Փոխարենը նա մեկնաբանեց իր ընտանիքի ունեցվածքն ու իր հայտարարագրերում հրապարակած տեղեկությունները։
«Երբ ես նշանակվել եմ, իմ ունեցվածքի, իմ հայտարարագրի մասին բազմաթիվ հրապարակումներ են եղել»,- ասաց ՊԵԿ նախագահը` հավելելով, որ առաջին անգամ հայտարարագիր է լրացրել 2002 թվականին, երբ զբաղեցրել է նախագահի աշխատակազմի կադրերի վարչության պետի պաշտոնը: Հետագա տարիներին ու պաշտոնների փոփոխությունից հետո, նրա հավաստմամբ, իր հայտարարագրերում նշված տեղեկություններն առանձնապես չեն փոխվել։
«Հայտարարագրում այն ժամանակվանից մինչև հիմա՝ 14 տարի հետո, մեծ բան չի փոխվել: Գրել, որ ես հարստացել եմ կամ իմ եկամուտների հայտարարագրում կան մեծ գումարներ, դա փորձել համադրել իմ զբաղեցրած պաշտոնների հետ, բացարձակապես իրականությանը չի համապատասխանում»,- ասաց նա։
Իսկ ինչ վերաբերում է իր եկամուտների ծագմանը, Հովսեփյանը հայտարարեց, որ իրեն ճանաչող ցանկացած մարդ գիտի, թե որտեղից են դրանք։
«Մեր ընտանիքը հարուստ է, և ես դրանով միայն հպարտ եմ»,- ասաց ՊԵԿ նախագահը։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik․ Իրավապահները բացահայտել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքը, պարզել իրացման մեխանիզմն ու գտել թաքստոցները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Դեռ 2020 թվականի հոկտեմբերին Երևան քաղաքի 46-ամյա բնակիչը Սյունիքի մարզում ձեռք էր բերել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 4964 գրամ «Ափիոն», 4982 գրամ «Հերոին», 3965 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցներ։ Թմրամիջոցները «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենայի սրահում Երևան տեղափոխելու ճանապարհին խմբաքանակը հայտնաբերվել էր ՀՀ ոստիկանության Կապանի բաժնի աշխատակիցների կողմից՝ ավտոմեքենայի զննությամբ: Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ բացի թմրամիջոցի հիշյալ խմբաքանակից, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ են իրացվել նաև այլ անձանց միջոցով:
Մասնավորապես, Կոտայքի մարզի 33-ամյա բնակչի կողմից շահագործվող «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայով պետք է Հայաստանի տարածքով թմրամիջոց տեղափոխվեր: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ավտոմեքենան հայտնաբերվել է, որի խուզարկությամբ առգրավվել են առանձնապես խոշոր չափերի՝ «Ափիոն», «Մեթամֆետամին», «Հերոին» տեսակի թմրամիջոցներ:
Տվյալներ են ստացվել նաև հարևան Իրանից Հայաստան թմրամիջոց տեղափոխելու վերաբերյալ: Իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում՝ Իրանից Հայաստան ուղևորված ավտոմեքենայում խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է առանձնապես խոշոր չափերով «Ացետիլացված ափիոն» տեսակի թմրամիջոց:
«Նախաքննության ընթացքում տեղեկություն է ձեռք բերվել նաև այն մասին, որ Սյունիքի մարզի Շվանիձոր գյուղում՝ թաքստոցում, տեղադրված է թմրամիջոց, որը Հայաստանի Հանրապետության տարածքով պետք է տեղափոխվեր Վրաստանի Հանրապետություն: Իրականացվել են մի շարք քննչական գործողություններ, որի ընթացքում հայտնաբերվել է «Հերոին» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված՝ մոտ 4290 գրամ ընդհանուր քաշով, «Ափիոն» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված՝ ընդհանուր 2100 գրամ քաշով, որոնք, նախաքննության տվյալներով, պետք է տեղադրվեին Երևան-Արտաշատ մայրուղու տարբեր հատվածներում. պարզվել է նաև այն անձանց ինքնությունը, որոնք նշված թմրամիջոցները պետք է վերցնեին թաքստոցներից»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հայաստանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթա է բացահայտվել
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ հինգ անձի մեղադրանք է առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար:
Նախաքննությունը շարունակվում է:
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Երկրում ստեղծված համաճարակային իրավիճակից ելնելով` ՀՀ առողջապահության նախարարությունը այսօր վերաբացել է շուրջ 250 մահճակալ հզորությամբ «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոնի ինֆեկցիոն մասնաճյուղը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը։
«Հանրապետության մահճակալային հզորությունները սահմանափակ են»,– Facebook–ի իր էջում գրել է նա։
Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը երեկ հայտնել էր, որ այժմ վիրուսի առկայությունը հաստատվում է թեստավորվածների 16 տոկոսի մոտ։
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 442–ով և դարձել 173 749։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Լեռնային Ղարաբաղի շուրջ հաղորդակցությունների ապաշրջափակում պետք է իրականացնեն բոլոր կողմերը, այլ ոչ թե միայն որևէ մեկը։ Այդ մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիան մամուլի կենտրոնում կազմակերպած Երևան-Մոսկվա տեսակապի ժամանակ հայտարարեց տնտեսական գիտությունների դոկտոր Աշոտ Թավադյանը։
«Ցավոք, ապաշրջափակման փոխարեն մեզ մոտ հակառակ գործընթացն է տեղի ունենում։ Փակ է Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը։ Դրան գումարած, ադրբեջանական կողմը փորձում է օրակարգում միայն մի ուղղություն պահել՝ Մեղրիով Նախիջևան տանող միջանցքը, որը ձեռնտու է Թուրքիային և Ադրբեջանին», - ասաց նա։
Սակայն, ըստ նրա, կան երթուղիներ, որոնց բացումը շահավետ է հայկական կողմի համար։ Դա Մեղրիով անցնող նույն ճանապարհն է, սակայն արդեն Նախիջևանով Արարատյան դաշտ, որը թույլ կտա ավելի արագ և հեշտ միմյանց կապել երկրի հարավային ու կենտրոնական շրջանները։ Այսօր Մեղրիից Երևան բեռնափոխադրումների վրա նույնքան ռեսուրս է ծախսվում, որքան Թբիլիսիից կամ Վրաստանի սևծովյան նավահանգիստներից, հավելեց նա։
Ավելի ընդարձակ համատեքստում դա Նախիջևանի երկաթուղու բացումն է, որը թույլ կտա Հայաստանի և Ռուսաստանի միջև ավելի շատ բեռնափոխադրումներ իրականացնել։ Խորհրդային տարիներին այդ երկաթուղին ՌԽՖՍՀ-ի ու անդրկովկասյան պետությունների միջև հիմնական բեռնափոխադրումային մայրուղին էր (Աբխազիայով ճանապարհը հիմնականում ուղևորատար էր)։ Հայաստանի և Ռուսաստանի միջև հաղորդակցությունը կարող է ամրապնդվել նաև շնորհիվ Իջևանից Ղազախ երկաթուղային ճանապարհի բացման, հիշեցրեց Թավադյանը։
«Այդ պատճառով բոլոր այդ հարցերը պետք է համալիր լուծում ստանան։ Հակառակ դեպքում գործընթացները տեղից չեն շարժվի», - ընդգծեց Թավադյանը։
Նշենք, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ հաղորդակցման ուղիների բացման վերաբերյալ քննարկումների համար եռակողմ աշխատանքային խումբ է ստեղծվել, որը գլխավորում են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները։



