Գյումրու Պուշկինի անվան փողոցում ապրիլյան պատերազմում զոհված փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի անվան փոքրիկ պուրակ

Թե ինչու է Աստղիկը երազում զինվորական բժշկուհի դառնալ

184
(Թարմացված է 20:39 03.07.2016)
Գյումրու Պուշկինի անվան փողոցում ապրիլյան պատերազմում զոհված փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի անվան փոքրիկ պուրակ բացվեց: Փոխգնդապետի հարազատ փողոցում տեղադրվեց նաև հուշակոթող` նրա դիմաքանդակով

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Երկու տարեկան Հովհաննես Առաքելյանը զարմացած էր՝ այնքա՜ն մարդ էր հավաքվել իր պապի տան փողոցում՝ նոր կառուցված հուշակոթողի մոտ, որտեղ նաև աղբյուր կար ու խաչքար: Նստարանին մայրիկի ու տատիկի հետ նստած` նայում էր շուրջբոլորը: Փոքրիկ տղայի համար անհասկանալի էր՝ այդքան մարդ կար, իսկ հայրիկը՝ Ալեքսանը, չէր եկել:

Հովհաննեսի հայրը` Ջեբրայիլում զոհված 33-ամյա փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանը, այլև չի վերադառնա, կմնա միայն հարազատների ու իր զինվորների հիշողություններում:

Հուշահամալիրը բացեցին փոքրիկ Հովհաննեսը, նրա իննամյա քույրը` Աստղիկը ու երկու «անծանոթ» մարդիկ։ Երբ մեծանա, այն ժամանակ փոքրիկը կիմանա, որ իրեն գրկեց և օգնեց հայրիկի նկարը բացել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Մյուս տղամարդն Արմեն Բադեյանն էր, ում նախաձեռնությամբ էլ կառուցվել է հուշակոթողը: 

Ի տարբերություն Հովհաննեսի` 9 տարեկան Աստղիկը ոչ միայն հասկանում, այլև արդեն որոշել է ՝ հայրիկի հետքերով է գնալու:

«Իմ երազանքն է` մեծանամ ու զինվորական բժշկուհի դառնամ»,- անկեղծացավ փոքրիկ աղջիկը։

Նա ասաց, որ հայրիկը երազում էր մեծ բակով, ծառերով սեփական տան մասին, որտեղ իրենք նապաստակ էլ կունենան: Աստղիկը նաև հիշեց հայրիկի՝ Սևանում ընտանիքով հանգստանալու երազանքը:

Ծնունդով գյումրեցի փոխգնդապետը ծառայության ընթացքում այնպես էր կապվել Արցախի հող ու ջրին, որ վերջին տասնամյակում ընտանիքի հետ բնակվում էր Արցախում:

Առաքելյանն իր 5 զինակից ընկերների հետ զոհվել է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը` թեժ կռվի ժամանակ: Քաջ հրամանանատարը չիմանալով, որ դիրքերն արդեն գրավված են, հայտնվել էր ադրբեջանցիների դիմաց: Նա իր զինվորներին հետ էր ուղարկել ու շարունակել էր կռվել, վիրավորվել էր նախ` ուսից, հետո փորձելով փրկել զինվորներին` մահացու էր վիրավորվել։ Առաքելյանը միշտ է աչքի ընկել իր քաջությամբ, թշնամուն սարսափեցնող հրամանատարին Մառոզ մականունն էին տվել։

ՀՀ պաշտպանության նախարարն Առաքելյանին անձամբ է ճանաչել. խոնարհվում է ինչպես նրա, այնպես էլ մյուս զինվորների հիշատակի առջև:

«Այսօր, Ալեքսան Առաքելյանի հիշատակին տուրք տալով, հիշում ենք ապրիլյան քառօրյա գործողությունների ժամանակ զոհված մեր բոլոր ընկերներին, հիշում ենք 2014-2015 թթ. մեզ պարտադրված դիվերսիոն գործողություններում զոհված մեր բոլոր ծառայակից ընկերներին և ընդհանրապես բոլորին, ովքեր իրենց կյանքը տվել են հանուն այսօրվա մեր խաղաղ արարման: Նժդեհն այսպես էր բնութագրում հաղթական գործողությունները. «Հաղթանակները պտղաբերում են, երբ դաշտերը ոռոգված են արյամբ»»- նշեց Օհանյանը:

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի ձեռամբ կատարվեց օրհնության արարողություն:

«Երանի թե ամեն մարդու մահով սկսվի իր անմահությունը: Կան մարդիկ, ովքեր մահանում են, և դրանից հետո սկսվում է նրանց անմահությունը: Մեր ապրիլյան հերոսները եղան այդպիսի հերոսներ, որոնք իրենց մահով հաղթեցին մահին, և սկսվեց իրենց անմահության շրջանը»,- նշեց Միքայել սրբազանը:

Որոշ ժամանակ անց ծանոթ ու անծանոթ մարդիկ գնացին, ու մինչ Հովհաննեսն աղբյուրից ջուր էր խմում ու հորեղբոր ուսերին բարձրանում, Աստղիկը նայում էր հայրիկի դիմաքանդակին՝ փորձելով գտնել նմանություն իր հիշողության մեջ դաջված Ալեքսան հայրիկի հետ:

184
Ճանապարհ

Ջերմուկում ձյուն է գալիս, Սյունիքի ճանապարհները տեղ–տեղ պատվել են մերկասառույցով

0
(Թարմացված է 09:31 03.03.2021)
Ի՞նչ է կատարվում Հայաստանի ճանապարհներին, ո՞ր հատվածներն են փակ։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը թարմ տեղեկություն է հայտնում և վարորդներին հիշեցնում, որ պետք է երթևեկել ձմեռային անվադողերով։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար:

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 500 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

0
Խանութ

Լիբերալ անուշեղեն․ ինչու է Հայաստանի իշխանությունը մերժել բիզնեսին օգնելու նոր գաղափարը

20
(Թարմացված է 12:50 02.03.2021)
Հայկական խանութներում տեղական ապրանքների քանակն առայժմ չի ավելանա։ Էկոնոմիկայի նախարարությունը մերժել է Export Armenia փորձագիտական ասոցիացիայի նախաձեռնությունը։

«Export Armenia» փորձագիտական ասոցիացիան վերջերս առաջարկեց հետևյալ գաղափարը` եթե Հայաստանում որևէ ապրանք է արտադրվում, ապա ցանկացած խանութի տեսականու մեջ պետք է առկա լինի այդ արտադրանքի երաշխավորված նվազագույն քանակ։ Ընդ որում՝ առաջարկվում էր ցուցափեղկում տեղ երաշխավորել առհասարակ հայկական ապրանքների համար, ոչ թե նախապատվություն տալ որևէ կոնկրետ ապրանքանիշի։

«Export Armenia»-ի ներկայացուցիչները, որոնց թվում խոշոր ընկերությունների բիզնեսմեններ և մենեջերներ կան, կարծում են, որ մանրածախ վաճառքի հարցում պետք է աջակցել հայրենական արտադրության ապրանքներին, քանի որ շուկայում անհավասար պայմաններ են ստեղծվել նրանց համար։ Հայաստանում խոշոր բիզնեսն ավելի շատ ներդրում է անում առևտրի, ոչ թե սեփական արտադրության մեջ։ Առևտուրն ավելի շատ եկամուտ և ավելի քիչ հոգսեր է պահանջում` ի տարբերություն արդյունաբերության։

Բնականաբար, խոշոր ներկրողները տպավորիչ մարկետինգային ռեսուրսներ ունեն, ավելին՝ նրանք արտասահմանյան լուրջ ընկերություններ են ներկայացնում, որոնք է՛լ ավելի մեծ ռեսուրսներ ունեն։ Միասին աշխատելով` նրանք տեղական խանութներին զանազան բոնուսներ են առաջարկում դարակների վրա շահավետ տեղ ունենալու համար։ Հասկանալի է, որ «Mars»-ը, «Вимм-Билль-Данн»-ը և մի շարք ուրիշ հսկաներ «փրոմոուշընի» համար ավելի շատ ռեսուրսներ ունեն, քան կաթնամթերքի կամ շոկոլադի տեղական արտադրողը։ Ուստի խանութները հարգալից և քաղաքավարի են ներկրվող ապրանքների մատակարարների նկատմամբ։

Տեղական արտադրողի դեպքում այլ խոսակցություն է․ նրանց վճարները սովորաբար շաբաթներով ուշացնում են, իսկ ոչ մեծ, թույլ ընկերություններին հաճախ ամիսներով են քաշքշում (ավելի մանրամասն՝ այստեղ)։ Այս կանոնից դուրս են մնում կա՛մ շատ խոշոր ձեռնարկությունները (հայկական չափանիշներով, օրինակ, «Գրանդ Քենդին»), կա՛մ հենց առևտրային ցանցերի արտադրությունները։

Օրինակ՝ «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Սամվել Ալեքսանյանը մի քանի նմանատիպ արտադրություն ունի, ընդ որում՝ նրա ապրանքները վերցնում են նաև այլ խանութների ցանցերը, որպեսզի չփչացնեն գործարարի հետ հարաբերությունները։ Ալեքսանյանի ընկերությունն ամեն դեպքում պարենային ապրանքների ամենախոշոր ներկրողն է Հայաստանում, և նրա ներկրումից շատ խանութներ են կախված։

Իսկ եթե դուք Սամվել Ալեքսանյանը չե՞ք, այլ սկսնակ գործարար ու որոշել եք ոչ թե ռեստորան կամ խանութ բացել, այլ սեփական արտադրություն։ «Export Armenia»-ն դեկտեմբերին այդ հարցով դիմել էր էկոնոմիկայի նախարարությանը։

Եվ այսպիսի պատասխան է ստացել․ «Գտնում ենք, որ ազատ շուկայական տնտեսության շրջանակներում վաճառակետերում տեղական ապրանքատեսակների տեղադրման պարտադրմամբ (օրենքի կամ այլ իրավական ակտի տեսքով) վաճառքի խթանումը լավագույն տարբերակը չէ տեղական արտադրողին աջակցելու վերջիններիս կողմից արտադրվող ապրանքների վաճառքի ծավալներն ավելացնելու հարցում: Ըստ մեզ` տեղական արտադրողին աջակցելու առավել արդյունավետ մեխանիզմ կարող է հանդիսանալ պետության կողմից աջակցության գործիքակազմի միջոցով ներմուծվող ապրանքների նկատմամբ տեղական արտադրանքի մրցունակության, ներկայացվածության և գրավչության բարձրացումը»։

«Export Armenia»-ի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց` դժվար է պատկերացնել, թե տեղական արտադրողներն ինչպես են «արդյունավետ մրցակցելու» խոշոր ներկրողների և նրանց հետևում կանգնած է՛լ ավելի խոշոր միջազգային կորպորացիաների հետ։

«Բայց եթե պետության քաղաքականությունն ավելի արդյունավետ լինի, քան մեր առաջարկները, մենք միայն ուրախ կլինենք։ Միայն թե այդ քաղաքականությունը գործնականում աշխատի, ոչ թե խոսք մնա։ Այս բոլոր տարիների ընթացքում, ցավոք, պետությունը դիտորդի կարգավիճակում է եղել»,-նշեց Ստեփանյանը։

Այդ պատճառով տեղական ընկերություններն արտադրությունը շատ ավելի թույլ են զարգացնում, քան կարող էին։ Ամենաշատը դա վերաբերում է մսամթերքի և հատկապես կաթնամթերքի արտադրողներին, որոնց համար արտահանման հնարավորությունները սահմանափակ են։ Շուկան ոչ միայն փոքր է, այլև ներկրողներն ու խանութները գրավել են այն։

Ստացվում է` խոշոր տնտեսվարողներն ամիսներ շարունակ «քնացնում» են արտադրողների ֆինանսական միջոցները՝ դրանով իսկ զրկելով պետությանը հարկեր, բանկերին վարկեր, աշխատակիցներին աշխատավարձեր վճարելու հնարավորությունից, իսկ արտադրության զարգացման համար՝ սարքավորումներ գնելու հնարավորությունից։ Ինչպե՞ս զարգանալ նման պայմաններում:

Դրա փոխարեն պետությունը բիզնեսին սուբսիդավորված տոկոսներով վարկեր է տրամադրում։ Սակայն հին խնդիրների դեպքում նոր վարկերը միայն խորացնում են պարտքերի փոսը, որից ոմանք արդեն երբեք դուրս չեն գա։

«Այդ պատճառով թող կառավարությունը բիզնեսին նույնիսկ ուղղակի չօգնի։ Սկզբի համար թող հոգ տանի, որ խանութները ժամանակին վճարեն մատակարարներին։ Չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ արտադրողների մոտ մշտապես խանութների դեբիտորական պարտքեր կան մի քանի միլիոն դոլարի չափով։ Այդ փողերն ուղղակի «քնած են», այսինքն՝ որևէ կերպ չեն ծառայում տնտեսությանը»,-ավելացրեց Ստեփանյանը։

Իշխանությունները (ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս) այսպես թե այնպես ոչ մի կերպ չեն օգնում արտադրողներին` հպարտ քայլելով ազատ մրցակցության դրոշի ներքո։

Նշենք, որ Արևմուտքի մեծ երկրներում տեղական արտադրությանն աջակցելու տարբեր եղանակներ են գործում։ Մի քանի օրինակ բերենք։

Իտալիայում, ինչպես Հայաստանում, գործում է կորոնավիրուսային ճգնաժամից տուժած ռեստորանատերերի և ֆերմերների աջակցության ծրագիր։ Միայն թե, ի տարբերություն Հայաստանի, ծրագիրը նրանց ներառում է մեկ օղակում․ ռեստորանները պետությունից մինչև 10 հազար եվրո փոխհատուցում են ստանում իտալական ապրանքներ գնելու դեպքում։
Մյուս օրինակը շատ հայտնի է․ դա ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նոր ծրագիրն է, որը վերաբերում է ամերիկյան ապրանքների պետական գնմանը (բայց կարևոր է հիշել, որ այդ ծրագիրը երբեք էլ չի դադարել և գործում է 30-ականներից)։ Հետաքրքիր է, որ այդպիսի օրինակ է ցույց տալիս ոչ միայն պետությունը, այլև մասնավոր ընկերությունները։

Ամենահայտնի օրինակը «Walmart» ցանցի ընկերությունն է։ Վերջինս հայտարարել է, որ 2013-2023թթ․ 250 միլիարդ դոլարի ամերիկյան ապրանք կգնի (և կվաճառի գնորդներին)։ Եվ չնայած, ըստ որոշ կազմակերպությունների ուսումնասիրությունների, «Buy American» հայտարարությունները ոչ միշտ են համապատասխանում իրականությանը, սակայն արդեն իսկ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ այնպիսի հսկաները, ինչպիսիք են «Walmart»-ը և «Carrefour»-ը, պատրաստ են «Գնի՛ր տեղականը» կոչը դարձնել իրենց գովազդի մի մասը և լուրջ ռեսուրսներ ծախսել դրա վրա։

Կարո՞ղ եք պատկերացնել, որ նման բան անեն Հայաստանի սուպերմարկետները։ Վատ չէր լինի։

20
թեգերը:
խանութ, բիզնես, Հայաստան
Ըստ թեմայի
Ամուլսարը` Փաշինյանի պահուստային տարբերակ. Հայաստանը կնստի հանքարդյունաբերության ասեղի վրա
Ստորջրյա քարեր «Հյուսիս–Հարավ» ճանապարհին. պե՞տք է արդյոք այն հիմա
Փակման մասին խոսակցությունները փուչ են. ԱԷԿ-ում ամրապնդելու են ռեակտորի պաշտպանությունը