ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի-Sputnik. Շուրջ մեկ ամիս առաջ Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրներին նվիրված միջոցառման ժամանակ Հայաստանի անունը հնչեց դրական համատեքստում։ Մեր երկիրն աշխարհում երկրորդն է, որտեղ բացառված է մորից երեխային ՄԻԱՎ վարակի փոխանցումը, ընդ որում, արդեն 8 տարի: ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային կենտրոնի ղեկավար Սամվել Գրիգորյանի խոսքով՝ սա Հայաստանի առողջապահական ոլորտի ձեռքբերումն է:
«Գաղնիք չէ, որ բոլոր հղի կանայք դիմում են կանանց կոսուլստացիաների կենտրոններ` հսկողություն անցնելու նպատակով: Այդ ժամանակ նրանց առաջարկվում է տարբեր հետազոտություններ անցնել։ Եթե կնոջ մոտ հայտնաբերվում է այդ վարակը, պարտադիր է, որ նա ընդունի հակառետրովիրուսային դեղեր, այնուհետև երեխային համապատասխան օշարակներ տա, չկերակրի կրծքի կաթով, այլ բացառապես կաթնախառնուրդներով ու պարբերաբար այցելի բժշկի»,-ասաց Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ եթե մայրը չհետևի բժշկի նշանակումներին կամ համապատասխան միջոցառումներ չիրականացնի, ապա 45 տոկոս հավանականությամբ երեխան կծնվի ՄԻԱՎ վարակակով: Բացատրությունն այն է, որ ծննդաբերության ժամանակ երեխան կարող է պտղաջրեր կամ արյուն կուլ տալ, վտանգ կա նաև կրծքով կերակրման ժամանակ:
«Իսկ հակառետրովիրուսային դեղերի ընդունումը բերում է նրան, որ վիրուսի քանակն արյան և այլ կենսաբանական հեղուկներում նվազում է: Այս դեպքում մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման հավանականությունը 1-2 տոկոս է դառնում»,-ասաց ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային կենտրոնի ղեկավարը:
Նա մանրամասնեց, որ միայն երեխայի ծննդից հետո կարելի է որոշել՝ նա վարակվա՞ծ է, թե՞ ոչ: 18 ամիս երեխան գտնվում է դիսպանսեր հսկողության ներքո: 18-րդ ամսում անցկացվում է վերջնական հետազոտություն, և երեխային հանում են հսկողությունից:
«2007 թվականից ի վեր շուրջ 150 երեխա է ծնվել ՄԻԱՎ վարակ ունեցող մայրերից, որոնք ստացել են կանխարգելիչ բուժում, և երեխաները ծնվել են առողջ»,-ասաց նա:
Գրիգորյանը մի կարևոր պահ էլ նշեց. ամեն տարի գրանցվում է գոնե մեկ ուշացած դեպք: Այսինքն՝ մայրերը հղիության ընթացքում հետազոտվում են, ու նրանց մոտ վարակ չի հայտնաբերվում: Երեխան ծնվում է, նա սկսում է կրծքով կերակրել, ու հանկարծ հայտնաբերվում է խնդիրը: Հավանաբար նման կանայք ծննդաբերությունից հետո են վարակվում: Մասնագետն իր հորդորն այս անգամ ուղղեց տղամարդկանց՝ պետք է զգոն լինել։
«Կան դեպքեր, երբ ամուսինը վերադառնում է արտագնա աշխատանքից ու վարակում կնոջը: Հայաստանում ՄԻԱՎ դեպքերի մեծ մասն արտագնա աշխատանքի մեկնողների շրջանում է: Ռուսաստանում ՄԻԱՎ-ի տարածվածությունը Հայաստանից մի քանի անգամ ավելի բարձր է»,-ասաց նա։
ՄԻԱՎ-ը կարող է ունենալ 8-10 տարվա վաղեմության շրջան: Լինում են դեպքեր, երբ ամուսիններից մեկը վարակված է, իսկ մյուսը՝ ոչ: Սակայն դա երկար ձգվել չի կարող: Վարակվելու առաջին իսկ օրվանից հիվանդությունը սկսում է զարգանալ: Իմունիտետն անմիջապես չի հանձնվում: Այդ պայքարը կարող է տևել մի քանի տարի, բայց ի վերջո իմունիտետը զիջում է դիրքերը։
«Նկատվում է քաշի կորուստ՝ մոտ 10 կգ, տևական լուծ: Մարդը դիմում է բժշկի արդեն մի քանի ուղեկցող հիվանդություններով: բուժման համար ամենաարդյունավետ շրջանն այն է, երբ մարդը վաղաժամ է դիմում բժշկի»,-ասաց Գրիգորյանը:
Նրա խորհուրդը հատկապես վերաբերում է այն մարդկանց, ովքեր ունեն ռիսկային վարքագիծ: Նրանք պետք է պարբերաբար հետազոտություններ անցնեն: Իսկ ռիսկային վարքագիծ ասելով` նա նկատի ունի ոչ միայն անկանոն սեռական հարաբերություններ ունեցողներին, այլև թմրամիջոցներ օգտագործողներին:
Ամբողջ աշխարհում ՁԻԱՀ-ի արմատական բուժում գոյություն չունի: Առկա բոլոր դեղերն օգտագործվում են վարակի բազմացումը կանխելու նպատակով: Եթե հիվանդի մոտ այն վաղ է ախտորոշվում ու անմիջապես սկսվում է բուժումը, նրա վիճակը բարելավվում է, աշխատունակությունը՝ վերականգնվում, նա կարողանում է ամուսնանալ և ունենալ ՄԻԱՎ չունեցող երեխաներ:
Գրիգորյանն ավելացրեց, որ հիվանդությունը կանխարգելելու կամ վաղ ախտորոշելու նպատակով այժմ գյուղական համայնքներում կան շրջիկ կլինիկաներ: Խոսքը վերաբերում է հատկապես այն գյուղերին, որտեղ բժշկական ծառայությունենրի հասանելիությունը ցածր է, իսկ աշխատանքային միգրացիան՝ տարածված:
Այն քաղաքացիները, ովքեր ունեն կասկածելի վարքագիծ, կարող են դիմել ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոն և անվճար հետազոտվել:
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար:
Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 500 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
«Export Armenia» փորձագիտական ասոցիացիան վերջերս առաջարկեց հետևյալ գաղափարը` եթե Հայաստանում որևէ ապրանք է արտադրվում, ապա ցանկացած խանութի տեսականու մեջ պետք է առկա լինի այդ արտադրանքի երաշխավորված նվազագույն քանակ։ Ընդ որում՝ առաջարկվում էր ցուցափեղկում տեղ երաշխավորել առհասարակ հայկական ապրանքների համար, ոչ թե նախապատվություն տալ որևէ կոնկրետ ապրանքանիշի։
«Export Armenia»-ի ներկայացուցիչները, որոնց թվում խոշոր ընկերությունների բիզնեսմեններ և մենեջերներ կան, կարծում են, որ մանրածախ վաճառքի հարցում պետք է աջակցել հայրենական արտադրության ապրանքներին, քանի որ շուկայում անհավասար պայմաններ են ստեղծվել նրանց համար։ Հայաստանում խոշոր բիզնեսն ավելի շատ ներդրում է անում առևտրի, ոչ թե սեփական արտադրության մեջ։ Առևտուրն ավելի շատ եկամուտ և ավելի քիչ հոգսեր է պահանջում` ի տարբերություն արդյունաբերության։
Բնականաբար, խոշոր ներկրողները տպավորիչ մարկետինգային ռեսուրսներ ունեն, ավելին՝ նրանք արտասահմանյան լուրջ ընկերություններ են ներկայացնում, որոնք է՛լ ավելի մեծ ռեսուրսներ ունեն։ Միասին աշխատելով` նրանք տեղական խանութներին զանազան բոնուսներ են առաջարկում դարակների վրա շահավետ տեղ ունենալու համար։ Հասկանալի է, որ «Mars»-ը, «Вимм-Билль-Данн»-ը և մի շարք ուրիշ հսկաներ «փրոմոուշընի» համար ավելի շատ ռեսուրսներ ունեն, քան կաթնամթերքի կամ շոկոլադի տեղական արտադրողը։ Ուստի խանութները հարգալից և քաղաքավարի են ներկրվող ապրանքների մատակարարների նկատմամբ։
Տեղական արտադրողի դեպքում այլ խոսակցություն է․ նրանց վճարները սովորաբար շաբաթներով ուշացնում են, իսկ ոչ մեծ, թույլ ընկերություններին հաճախ ամիսներով են քաշքշում (ավելի մանրամասն՝ այստեղ)։ Այս կանոնից դուրս են մնում կա՛մ շատ խոշոր ձեռնարկությունները (հայկական չափանիշներով, օրինակ, «Գրանդ Քենդին»), կա՛մ հենց առևտրային ցանցերի արտադրությունները։
Օրինակ՝ «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Սամվել Ալեքսանյանը մի քանի նմանատիպ արտադրություն ունի, ընդ որում՝ նրա ապրանքները վերցնում են նաև այլ խանութների ցանցերը, որպեսզի չփչացնեն գործարարի հետ հարաբերությունները։ Ալեքսանյանի ընկերությունն ամեն դեպքում պարենային ապրանքների ամենախոշոր ներկրողն է Հայաստանում, և նրա ներկրումից շատ խանութներ են կախված։
Իսկ եթե դուք Սամվել Ալեքսանյանը չե՞ք, այլ սկսնակ գործարար ու որոշել եք ոչ թե ռեստորան կամ խանութ բացել, այլ սեփական արտադրություն։ «Export Armenia»-ն դեկտեմբերին այդ հարցով դիմել էր էկոնոմիկայի նախարարությանը։
Եվ այսպիսի պատասխան է ստացել․ «Գտնում ենք, որ ազատ շուկայական տնտեսության շրջանակներում վաճառակետերում տեղական ապրանքատեսակների տեղադրման պարտադրմամբ (օրենքի կամ այլ իրավական ակտի տեսքով) վաճառքի խթանումը լավագույն տարբերակը չէ տեղական արտադրողին աջակցելու վերջիններիս կողմից արտադրվող ապրանքների վաճառքի ծավալներն ավելացնելու հարցում: Ըստ մեզ` տեղական արտադրողին աջակցելու առավել արդյունավետ մեխանիզմ կարող է հանդիսանալ պետության կողմից աջակցության գործիքակազմի միջոցով ներմուծվող ապրանքների նկատմամբ տեղական արտադրանքի մրցունակության, ներկայացվածության և գրավչության բարձրացումը»։
«Export Armenia»-ի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց` դժվար է պատկերացնել, թե տեղական արտադրողներն ինչպես են «արդյունավետ մրցակցելու» խոշոր ներկրողների և նրանց հետևում կանգնած է՛լ ավելի խոշոր միջազգային կորպորացիաների հետ։
«Բայց եթե պետության քաղաքականությունն ավելի արդյունավետ լինի, քան մեր առաջարկները, մենք միայն ուրախ կլինենք։ Միայն թե այդ քաղաքականությունը գործնականում աշխատի, ոչ թե խոսք մնա։ Այս բոլոր տարիների ընթացքում, ցավոք, պետությունը դիտորդի կարգավիճակում է եղել»,-նշեց Ստեփանյանը։
Այդ պատճառով տեղական ընկերություններն արտադրությունը շատ ավելի թույլ են զարգացնում, քան կարող էին։ Ամենաշատը դա վերաբերում է մսամթերքի և հատկապես կաթնամթերքի արտադրողներին, որոնց համար արտահանման հնարավորությունները սահմանափակ են։ Շուկան ոչ միայն փոքր է, այլև ներկրողներն ու խանութները գրավել են այն։
Ստացվում է` խոշոր տնտեսվարողներն ամիսներ շարունակ «քնացնում» են արտադրողների ֆինանսական միջոցները՝ դրանով իսկ զրկելով պետությանը հարկեր, բանկերին վարկեր, աշխատակիցներին աշխատավարձեր վճարելու հնարավորությունից, իսկ արտադրության զարգացման համար՝ սարքավորումներ գնելու հնարավորությունից։ Ինչպե՞ս զարգանալ նման պայմաններում:
Դրա փոխարեն պետությունը բիզնեսին սուբսիդավորված տոկոսներով վարկեր է տրամադրում։ Սակայն հին խնդիրների դեպքում նոր վարկերը միայն խորացնում են պարտքերի փոսը, որից ոմանք արդեն երբեք դուրս չեն գա։
«Այդ պատճառով թող կառավարությունը բիզնեսին նույնիսկ ուղղակի չօգնի։ Սկզբի համար թող հոգ տանի, որ խանութները ժամանակին վճարեն մատակարարներին։ Չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ արտադրողների մոտ մշտապես խանութների դեբիտորական պարտքեր կան մի քանի միլիոն դոլարի չափով։ Այդ փողերն ուղղակի «քնած են», այսինքն՝ որևէ կերպ չեն ծառայում տնտեսությանը»,-ավելացրեց Ստեփանյանը։
Իշխանությունները (ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս) այսպես թե այնպես ոչ մի կերպ չեն օգնում արտադրողներին` հպարտ քայլելով ազատ մրցակցության դրոշի ներքո։
Նշենք, որ Արևմուտքի մեծ երկրներում տեղական արտադրությանն աջակցելու տարբեր եղանակներ են գործում։ Մի քանի օրինակ բերենք։
Իտալիայում, ինչպես Հայաստանում, գործում է կորոնավիրուսային ճգնաժամից տուժած ռեստորանատերերի և ֆերմերների աջակցության ծրագիր։ Միայն թե, ի տարբերություն Հայաստանի, ծրագիրը նրանց ներառում է մեկ օղակում․ ռեստորանները պետությունից մինչև 10 հազար եվրո փոխհատուցում են ստանում իտալական ապրանքներ գնելու դեպքում։
Մյուս օրինակը շատ հայտնի է․ դա ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նոր ծրագիրն է, որը վերաբերում է ամերիկյան ապրանքների պետական գնմանը (բայց կարևոր է հիշել, որ այդ ծրագիրը երբեք էլ չի դադարել և գործում է 30-ականներից)։ Հետաքրքիր է, որ այդպիսի օրինակ է ցույց տալիս ոչ միայն պետությունը, այլև մասնավոր ընկերությունները։
Ամենահայտնի օրինակը «Walmart» ցանցի ընկերությունն է։ Վերջինս հայտարարել է, որ 2013-2023թթ․ 250 միլիարդ դոլարի ամերիկյան ապրանք կգնի (և կվաճառի գնորդներին)։ Եվ չնայած, ըստ որոշ կազմակերպությունների ուսումնասիրությունների, «Buy American» հայտարարությունները ոչ միշտ են համապատասխանում իրականությանը, սակայն արդեն իսկ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ այնպիսի հսկաները, ինչպիսիք են «Walmart»-ը և «Carrefour»-ը, պատրաստ են «Գնի՛ր տեղականը» կոչը դարձնել իրենց գովազդի մի մասը և լուրջ ռեսուրսներ ծախսել դրա վրա։
Կարո՞ղ եք պատկերացնել, որ նման բան անեն Հայաստանի սուպերմարկետները։ Վատ չէր լինի։


