ՄԱԿ

ՄԱԿ. Հայաստանը լիովին կասեցրել է ՄԻԱՎ–ի տարածումը երեխաների շրջանում

18
(Թարմացված է 10:05 09.06.2016)
ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ Հայաստանում վերացել է ՄԻԱՎ–ի տարածումը երեխաների շրջանում

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի — Sputnik. Հայաստանը, Բելառուսը, Կուբան ու Թաիլանդը կարողացել են ամբողջովին կանգնեցնել ՄԻԱՎ-ի տարածումը երեխաների շրջանում, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը։

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նիստում Պան Գի Մունն ասել է, որ վերջին 15 տարվա ընթացքում երեխաների` ՄԻԱՎ-ով վարակվելու նոր դեպքերը կրճատվել են ավելի քան երկու անգամ։

«Չորս երկիր դա վերացրել է ամբողջությամբ` Կուբան, Թաիլանդը, Հայաստանն ու Բելառուսը։ Հուսով եմ, որ վարակի տարածման նոր դեպքերի զրոյական աստիճան կգրանցենք», — ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։

ՄԻԱՎ-ի դեմ պայքարը 2000 թվականին ընդունված Հազարամյակների զարգացման նպատակների ցանկում էր։ Այդ ժամանակից ի վեր, ըստ Պան Գի Մունի, ՄԻԱՎ-ով վարակվելու դեպքերը նվազել են 35 %-ով, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հետ կապված մահացության դեպքերը, սկսած 2003 թվականից, նվազել են 43 %-ով։

Նա նշել է, որ համաշխարհային առաջնորդների` անցյալ տարվա ընդունած Կայուն զարգացման ծրագրի նպատակն էր մինչև 2030 թվականը վերջ դնել համաճարակին։ ՄԱԿ-ի գնահատականների համաձայն` դեռևս առաջիկա 14 տարվա ընթացքում 17.6 միլիոն հիվանդացության և 11 միլիոն վաղաժամ մահացության դեպքեր են կանխատեսվում։

2000 թվականից սկսած` յուրաքանչյուր 3-4 տարվա ընթացքում հակառետրովիրուսային թերապիա ստացող մարդկանց թիվը կրկնապատկվում է դեղորայքի ցածր գների և նոր ֆինանսավորման շնորհիվ։

«Այսօր ավելի քան 17 միլիոն մարդ է բուժում ստանում, ինչը միլիոնավոր մարդկանց կյանք ու միլիոնավոր դոլարներ է փրկում»,- ասել է Պան Գի Մունը։

Նա հիշեցրել է, որ աշխարհում ՄԻԱՎ-ի դեմ պայքարելու համար տարեկան 26 միլիարդ դոլար է անհրաժեշտ։

18