Հայկական դրամ

Բարեգործությունից մինչև անբարոյականություն. հիվանդ երեխայի անունը շահարկելու սահմանը

55
(Թարմացված է 15:01 05.06.2016)
Բարեգործության անվան տակ կատարվող կեղծ դրամահավաքն անբարոյականություն է, Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում կեղծ բարեգործներին այս որակումը տվեց «Հայ մայրեր» բարեգործական ՀԿ նախագահ Նարինե Մանուկյանը

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի — Sputnik. Բարեգործության անվան տակ հիվանդ երեխաների համար փողոցում գումար հավաքողները կասկածելի են թվում ոչ միայն անցորդներին, այլև բարեգործական կազմակերպություններին:

«Երբ փորձում ես այդ կազմակերպությունների հեռախոսահամարները կամ ֆեյսբուքյան էջերը գտնել կամ կապ հաստատել ՀԿ-ի նախագահի հետ, շատ հաճախ պարզվում է` ինֆորմացիա չկա, սահմանները շատ լղոզված են: Կարծում եմ` սա շատ տգեղ, անբարոյական երևույթ է»,- ասաց «Հայ մայրեր» բարեգործական հասարակական կամակերպության նախագահ Նարինե Մանուկյանը:

Нарине Манукян
«Հայ մայրեր» բարեգործական ՀԿ նախագահ Նարինե Մանուկյան

Ի տարբերություն մյուսների` հասարակական այս կազմակերպության դրամահավաք անցկացնող անդամների մոտ պարտադիր առկա է ՀԿ-ի գրանցման վկայականի պատճենը և տվյալները: Մանուկյանը չի թաքցնում, որ եղել են մարդիկ, ովքեր չեն հավատացել, զանգահարել են, այցելել գրասենյակ, հանդիպել հիվանդ երեխաների ծնողներին ու համոզվելով` դարձել կազմակերպության մշտական բարերարներ: Կազմակերպությունն իր կատարած աշխատանքի ու ծախսած գումարների մասին տեղեկատվությունն ամեն ամիս տեղադրում է նաև իր պաշտոնական կայքում:

Մանուկյանն անբարոյական է համարում նաև դրամահավաքի համար նախատեսված արկղերի վրա հիվանդ երեխաների լուսանկարները փակցնելը` անցորդների մոտ խղճահարություն առաջացնելու համար: 

«Այդ երեխան կարող է շատ լուսավոր նկարներ ունենալ, որտեղ անգամ չի երևում նրա հաշմանդամ լինելը, բայց վերցնում են ամենավատ նկարը, որտեղ երեխան շատ խղճալի տեսք ունի»,- ասաց նա ու հավելեց, որ դա անընդունելի է անգամ այն դեպքում, եթե կազմակերպությունն իրոք բարեգործական նպատակով է գումար հավաքում:

Այսօր մեծ տարածում են գտել նաև հիվանդ երեխային իբր օգնելու համար հեռախոսով տարբեր ամսագրեր գնելու առաջարկները: Մանուկյանը, ով ինքն էլ է նման հեռախոսազանգեր ստանում, սա ևս կասկածելի ու ստվերային գործընթաց է համարում, քանի որ որևէ տվյալ պահանջելու դեպքում զանգահարողներն ուղղակի անջատել են հեռախոսն ու անհասանելի դարձել:

«Հայ մայրեր» բարեգործական կազմակերպության նախաձեռնած վերջին դրմահավաքն ուղղված էր օգնելու արցախյան ապրիլյան պատերազմում զոհված երկու զինծառայողների` ինքնակամ նռնակը պայթեցրած Արմենակ Ուրֆանյանի և նրա կողքին մնացած, բայց գերեվարված ու գլխատված եզդի զինծառայող Աղասի Ասատրյանի ընտանիքներին:

«Հայտարարեցինք դրամահավաք իմ ֆեյսբուքյան էջում: 3700 մարդ հենց իմ էջից տարածեց հայտարարությունը: Անծանոթ մարդիկ արձագանքեցին, մեր վարորդը 3 օր շարոնակ շրջում էր քաղաքում ու ծրարներով հավաքում գումարները, որոնք ես անմիջապես նկարում ու հրապարակում էի, որ մադիկ տեսնեն` իրենց տված գումարը տեղ է հասել: 1 800 000 դրամ տարանք Ուրֆանյանների ընտանիքին և 1 527 000` Ասատրյանների ընտանիքին»,- պատմեց Մանուկյանը։

Նա հավելեց, որ գումարը փոխանցելիս պարզել են, որ Ասատրյանները նույնիսկ սեփական բնակարան չունեն, բնակվում են հարազատների տանը, ուստի այս ընտանիքների օգնելու դրամահավաքը շարունակում է:

Իսկ ՀԿ-ի հիմնական առաքելությունն ուղեղային կաթված ունեցող երեխաներին աջակցելն է: Հավաքված գումարներն ընդհանուր բյուջեից հատկացվում են ամենահրատապ աջակցության կարիք ունեցող երեխաներին` վերականգնողական բուժման համար անհրաժեշտ գումար, գույք կամ օրթոպեդիկ կոշիկ տրամադրելով:

55