Երևան

Երբ կատուները մտերմացնում են

40
Դմիտրի Պիսարենկո
Ես երկար ժամանակ Երևանից հեռու էի ապրել: Վերջին 15 տարվա ընթացքում միայն արձակուրդների ժամանակ էի գալիս: Այս ընթացքում շատ բան է փոխվել, մանկության ընկերներիցս բակում մեկ–երկուսն է մնացել:

Օրերս սոցիալական ցանցում պատանեկության տարիների ընկերուհուս հաղորդագրությունը տեսա: Նա գրել էր, որ իր որդին գերազանցիկ է, ուղարկել էր գնահատականների ցուցակը և գովասանագիրը: Տղան ավարտել էր 5-րդ դասարանը:

Ես ի պատասխան կատակեցի, որ հիմա պետք է բակի ավագ ընկերները քննություն անցկացնեն, բայց իմ հումորը չհասկացվեց: Ընկերուհիս ուղարկեց հինգ հարցական նշան: Ես փորձեցի բացատրել, որ դպրոցում ընդամենը սովորեցնում են կարդալ, գրել և հաշվել, իսկ բակում տղաները գիտելիքներ են ձեռք բերում, որոնք օգտակար են ողջ կյանքի ընթացքում (իմ փորձից գիտեմ), և հաղորդագրությունս ուղեկցեցի ժպիտներով: Տեքստը երկար ժամանակ հավաքելուց հետո ընկերուհիս ուղարկեց ընդամենը երկու բառ՝ ի՞նչ բակ:

Նա ապրում է քաղաքի կենտրոնում, և իր իսկ խոսքով` իրենց բակում հիմա վտանգավոր է զբոսնելը: Ինձ հասկացրեց, որ պետք չէ դատել իմ օրինալով, 30-35 տարի առաջ ամեն ինչ ուրիշ էր: Հին հարևաններից գրեթե ոչ ոք չի մնացել: Բակն արդեն այն չէ…

Ես երկար ժամանակ Երևանից հեռու էի ապրել: Վերջին 15 տարիներին միայն արձակուրդների ժամանակ էի գալիս: Այս ընթացքում շատ բան է փոխվել, մանկության ընկերներիցս բակում մեկ-երկուսն են մնացել: Մեր ժամանակ տղաների համար նույնպես սպառնալիքներ ու վտանգներ կային՝ հարևան բակերի տղաներն իրենց պարսատիկներով, քարերով, հեծանիվների շղթաներով: Այդ ամենին կարելի էր դիմակայել միայն միասնությամբ, ընկերությամբ և համերաշխությամբ:

Այդ ամենը հետագայում վերածվեց բարիդրացիական ամուր հարաբերությունների: Մարդիկ չէին փակում դռները և միմյանց տուն մտնում էին առանց դուռը թակելու: Իսկ հիմա, երբ տարիներով իրենց բնակարաններում ապրած ընտանիքները տեղափոխվել են, շենքերում հայտնվել են շատ նոր մարդիկ, որոնցից շատերը ժամանակավոր են ապրում՝ վարձով, հազվադեպ ես բարևում հարևաններին: Եվ այն էլ` գլխի թեթև շարժումով, որովհետև անծանոթի հանդիպելիս սովորաբար հայացքդ մի կողմ ես թեքում…

Բայց ահա մեր շենքում այսպիսի դեպք պատահեց: Վերևի իմ հին հարևանն ինձ հրավիրեց ընթրիքի: Մենք բնակվում ենք չորրորդ հարկում, նրանք՝ վեցերորդ: Նրանք մեծ բաց պատշգամբ ունեն` մանղալով, որտեղ կարելի է խորոված պատրաստել: Որոշ ժամանակ անց, երբ պատշգամբից տարածվեց ախորժալի բույրը, մանղալի մոտ հայտնվեց անծանոթ մի կատու:

Տանտերերը սեփական կատուն ունեին, և դժվար չէր նրան օտարից տարբերելը: Անկոչ չորքոտանու անբռնազբոսիկ և ազատ պահվածքը համոզեց, որ նա տան կատու է, ապրում է հարևանությամբ: Նա պարգևատրվեց` նման զվարճալի կերպով հայտնվելու համար. ստացավ խորովածի իր կտորը և միսն ատամների արանքում` հեռացավ:

Մեր խնջույքը շարունակվում էր, երբ կատուն կրկին հայտնվեց` վզին ինչ-որ ժապավեն կապած: Տանտիրուհին նկատեց, որ դա հասարակ ժապավեն չէ, մեջը թուղթ կա: Կատուն դեմ չէր, որպեսզի իրեն ձեռք տային: Պարզվեց` թղթի մեջ հետևյալ գրությունն էր. «Մի հատ էլ քյաբաբ կուղարկեք, մենք էլ ուտենք, էլի. փիսոյի տերեր»: Վերջում սրտիկ էր նկարված: Նշանակում է՝ ի սրտե էր գրված, սիրով:

Записка
© Sputnik/ Дмитрий Писаренко
Կատվի բերած գրությունը

Ես գուշակեցի, որ նրանք մեր հինգերորդ հարկի հարևաններն են: Վարձով են ապրում: Մի անգամ նրանց կատուն մնացել էր ձեղնահարկում, երկար ժամանակ մլավում էր: Հարևանը փորձում էր դուրս բերել նրան, ես օգնության գնացի աստիճանով, այդպես էլ ծանոթացանք: Պարզվեց՝ հարևանս հնչյունային ռեժիսոր է: Ընդ որում` մենք կարող էինք ծանոթանալ դեռ անցած աշնանը, երբ նրանց կատուն գիշերը մտավ մեր պատշգամբ և սկսեց անդադար մլավել: Բայց այդ ժամանակ ես դեռ Երևանում չէի: Ծնողներս դուռը չէին բացել անծանոթի առջև, և նա ստիպված էր եղել փրկարարների կանչել: Ծնողներս նրանց առջև էլ դուռը չէին բացել:

Այդ ժամանակ ԱԻՆ փրկարարները ստիպված էին եղել տանիքից իջնել պատշգամբ: Մոլորված կենդանուն փրկելու գործողության ընթացքում փչացել էր լվացքը չորացնելու մեր հարմարանքը: Հարևանը ցույց էր տվել փրկարարներին կանչելու արձանագրությունը և առաջարկել փոխհատուցել վնասը: Բայց ես հրաժարվեցի` մարդասիրական նկատառումներից ելնելով. չէ՞ որ կյանքն ավելի թանկ է ինչ-որ երկաթից: Իսկ քյաբաբ ուղարկելու գրությունն այս անգամ բերել էր նրա ընկերուհին: Ահա այսպես էլ մենք ծանոթացանք նոր հարևանների հետ, որոնք ավելի ուշ միացան մեզ` ոչ դատարկ ձեռքով: Հարևանությունը շենքում ավելի ուրախ դարձավ:

40