Աֆղանացի ոստիկաններ

ՌԴ-ն հատուկջոկատայինների համատեղ զորավարժությունների շարք կանցկացնի Աֆղանստանի սահմանին

76
(Թարմացված է 22:07 19.07.2021)
Ռուսաստանը և Կենտրոնական Ասիայի նրա դաշնակիցները պետք է պատրաստ լինեն Աֆղանստանում զինված առճակատման զարգացման վատագույն սցենարներին: Ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրոլենկոն վերլուծում է ԱՄՆ–ի հեռացումից հետո Աֆղանստանում տիրող իրավիճակը։

Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան

Աֆղանստանում իրավիճակն արագ հետընթաց է ապրում, աճում է հարևան պետություններում անկայունության պրոյեկցիայի վտանգը։ Մոսկվան ձեռքը պահում է տարածաշրջանի զարկերակի վրա, շփման մեջ է թալիբների հետ` նախազգուշացնում է նրանց զգալի կորուստների մասին` ՌԴ դաշնակից Կենտրոնական Ասիայի երկրներ էքսպանսիայի դեպքում, շատ չի վստահում ահաբեկչական կազմակերպության «քաղաքական գրասենյակի» խոստումներին և աննախադեպ համատեղ զորավարժություններ է կազմակերպում տարածաշրջանային դաշնակիցների հետ աֆղանական սահմանի մերձակայքում։

Ռուսաստանի ԶՈւ հատուկ և խաղաղապահ ջոկատներն օգոստոսին և սեպտեմբերին Ուզբեկստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի զորքերի հետ համատեղ 9 հակաահաբեկչական զորավարժություն կանցկացնեն։ 2021 թվականի ապրիլին ուկրաինական սահման մի քանի ռուսական դիվիզիաների և բրիգադների տեղափոխման մասշտաբների հետ համեմատելի տպավորիչ շարքը կավարտվի Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) երկրների ԶՈւ «Խաղաղ առաքելություն-2021» ռազմավարական մանևրումներով, որոնց կմասնակցի ավելի քան 4000 զինծառայող։ Եթե իհարկե Աֆղանստանում տիրող իրավիճակը շտկումներ չմտցնի ծրագրերում։

Կենտրոնական Ասիայի ուղղությամբ կարող է նախատեսվել ու կենտրոնանալ Ռուսաստանի հատուկ զորքերի գրեթե ողջ էլիտան։ Զորաշարժերի մասնակիցների ցանկում ընդգրկված են համազորային բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները, հատուկ նշանակության 2-րդ և 24-րդ առանձին բրիգադները (Պսկովի և Նովոսիբիրսկի տեղակայման), 31-րդ առանձին դեսանտագրոհային բրիգադը (Ուլյանովսկ), 55-րդ լեռնային բրիգադը (Կիզիլ), 15-րդ խաղաղապահ բրիգադը (Սամարայի մարզ), որի մասնագետները Արցախում խնդիրներ են կատարում։ Բացի այդ, կներգրավվեն Ղրղզստանում և Տաջիկստանում ռուսական ռազմակայանների ավիախմբեր, 201-րդ ռազմակայանի կազմից С-300 զենիթահրթիռային համակարգեր։ Հավանաբար, Ուզբեկստանը, Տաջիկստանն ու Ղրղզստանը նույնպես ներկայացված կլինեն ստորաբաժանումներով, որոնք հատուկ նախապատրաստված են դժվարամատչելի լեռնային տեղանքում գործողություններ իրականացնելու համար։

Իսլամաբադում առևանգել են Աֆղանստանի դեսպանի դստերը և կտտանքների ենթարկել նրան

Անկախ «Թալիբանի»* ներկայացուցիչներից ստացած անվտանգության երաշխիքներից՝ Ռուսաստանն ու Կենտրոնական Ասիայի նրա դաշնակիցները պետք է նախապատրաստվեն Աֆղանստանում զինված դիմակայության զարգացման վատագույն սցենարին։ Վառոդն ավելի լավ է չոր պահել, իսկ զորքերը` պատրաստ արդյունավետորեն ոչնչացնելու ապօրինի ռազմական խմբավորումները։ Հարևան Իսլամական պետությունում տիրող բարդ իրավիճակից, մարտական գործողությունների քաոսից կարող են օգտվել երեք տասնյակ ահաբեկչական խմբավորումների զինյալները։

Իրականությանը մոտ լեգենդներ

Օգոստոսի սկզբին՝ առաջին փուլում ՌԴ–ի և Ուզբեկստանի Հանրապետության միացյալ զորախումբը մարտական գործողություններ կմշակի Ուզբեկստանի Սուրխանդարյայի մարզում` Աֆղանստանի սահմանի անմիջական հարևանությամբ։ Ռուսաստանը կներկայացնեն Կենտրոնական ռազմական օկրուգի հատուկ նշանակության 24-րդ առանձին բրիգադի հետախուզական խմբերը և 15-րդ առանձին խաղաղապահ բրիգադի ստորաբաժանումները։ Զորքերի մասնագիտացումն ու պրոֆեսիոնալ բարձր մակարդակը համապատասխանում են գրոհայիններին ոչնչացնելու խնդիրներին և տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը կարճ խաղաղապահ գործողությունների ձևաչափում։ Միևնույն ժամանակ օդից աջակցություն կապահովի անձնակազմի կողմից կառավարվող անօդաչու հարվածային ավիացիան։

Ուզբեկստանի Թերմեզ զորավարժարանում ռուսական հատուկ նշանակության զորքերը մարզվում են կանոնավոր կերպով։ Որպես կանոն, այստեղ մշակվում է սահմանն անցնելուց և Ուզբեկստանի բնակավայրերից մեկը գրավելուց հետո ահաբեկչական խմբավորման օպերատիվ չեզոքացման սցենարը։

Երկրորդ փուլում համատեղ զորախմբի գործողությունները կծավալվեն Ղրղզստանի «Էդելվեյս» ուսումնական կենտրոնում։ «Սահման-2021» հատուկ զորավարժությունների ձևաչափում Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի արագ տեղակայման կոլեկտիվ ուժերը (ՀԱՊԿ) կմշակեն հարավից ներխուժած ահաբեկչական ջոկատների շրջափակումն ու ոչնչացումը։ ՌԴ զորքերը ներկայացված կլինեն 55-րդ առանձին մոտոհրաձգային լեռնային բրիգադով և Կանտում տեղակայված ռուսական ավիաբազայի Су-25СМ գրոհիչների անձնակազմերով։ Այդ ինքնաթիռներն արդեն հուլիսին Ղրղզստանի լեռնային տեղանքում սկսել էին որոնել «ահաբեկիչների» քողարկված բազաները։

Ի՞նչ շահ է հետապնդում Թուրքիան Աֆղանստանում. պատրա՞ստ է Հայաստանը հնարավոր զարգացումներին

Թեժ կլինի ամռան վերջն ու աշնան սկիզբը Տաջիկստանում տեղակայված ռուսական 201-րդ ռազմակայանի համար. շուրջ 100 զինծառայող արդեն իսկ մինչև 3000 մետր բարձրության վրա պատրաստություն են անցել Կրասնոյարսկի երկրամասի «Երղակի» բարձրադիր ուսումնական կենտրոնում։ Ռուսական ռազմաբազայի կազմում ընդգրկված են մի քանի մոտոհրաձգային գումարտակներ, հրետանային դիվիզիոն, ավիախմբեր և ապահովման ստորաբաժանումներ։

Կենտրոնական Ասիայի ռազմավարական ուղղության վրա անհրաժեշտ է հաշվի առնել ռուսական Կենտրոնական ռազմական օկրուգի ներուժը, որին ենթարկվում է 201-րդ բազան։ Օրինակ, 2021 թվականին օկրուգը երկու անգամ ավելացրել է կառավարվող զենքի կիրառման համար նախապատրաստած օպերատիվ–մարտավարական ավիացիայի օդաչուների քանակը։ Կենտրոնական ռազմական օկրուգի հրետանավորները ռադիոկապի միջոցների օգնությամբ ավտոմատացրել են կրակի կառավարման համակարգը։ Մարտական տեխնիկան կառավարվում է համակարգիչների օգնությամբ, և տվյալների բազայում առկա կոորդինատները զգալի կրճատում են հրետանային հարվածներ հասցնելու ժամանակը։ Միայն հունիսին «ճակատամերձ» օկրուգը 180 միավոր նոր սպառազինություն է ստացել։

Տաջիկստանում Աֆղանստանից ռազմական սպառնալիքներին հավանական պատասխան հասցնելու պլանավորմամբ զբաղվում է ՀԱՊԿ միացյալ շտաբի օպերատիվ խմբավորումը։

Օպերատիվ իրավիճակը

Աֆղանստանի հյուսիսային գավառներում հազարավոր մարդիկ ստիպված լքել են իրենց տները` թալիբների կողմից դրանց բռնազավթումից հետո։ Զինյալների գրոհներին օգնում է ամերիկյան սպառազինությունը , որը մնացել է ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի ուժերի դուրսբերումից հետո (այսպիսով «էմիրությունը» մոտ 10 հազար միավոր զենք ու տեխնիկա է ստացել)։ Դեպքերի հետագա զարգացումը անկանխատեսելի է, աֆղանական ողջ սահմանը պինդ փակել հնարավոր չէ։

Աֆղանական խաղաղ գործընթացին աջակցելու նպատակով Ուզբեկստանը, ԱՄՆ–ն, Պակիստանն ու Աֆղանստանը որոշել են նոր քառակողմ հարթակ ստեղծել խորհրդակցությունների համար։ Սակայն այն բանից հետո, երբ ԱՄՆ–ն ավարտել է գործողություններն Աֆղանստանում, 95%–ով դուրս է բերել զորքերը, և հուլիսի սկզբին թողել Բաղրամ ավիաբազան, բանակցային բոլոր հարթակները ամերիկացիների մասնակցությամբ քիչ համոզիչ են թվում։

Project Syndicate պարբերականն արդարացիորեն նկատում է. «ԱՄՆ–ն աֆղանցիներին թողնում է կողոպտիչ իսլամական ուժի գթասրտությանը, ուժ, որը վայրագությունների և դաժանությունների երկար պատմություն ունի։ Արդեն այսօր թալիբների հարձակումը հանգեցրել է տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչների տեղահանմանը»։

«Թալիբանի»* հաջողությունների ֆոնին Anadolu Ajansı թուրքական լրատվական գործակալությունը կանխատեսում է ՌԴ–ի ռազմական համագործակցության անխուսափելի ընդլայնում Կենտրոնական Ասիայի հանրապետությունների հետ և նույնիսկ տարածաշրջանի երկրներում ռուսական նոր բազաների ստեղծում, «նախևառաջ` Ուզբեկստանում», որն ի դեպ ՀԱՊԿ անդամ չէ։ Կապրենք, կտեսնենք։

«Թալիբան» *–ը ՌԴ–ում արգելված ահաբեկչական կազմակերպություն է։

76
թեգերը:
Ռուսաստան, Թալիբներ, Աֆղանստան
Ըստ թեմայի
ԱՄՆ-ն զորքերը դուրս է բերում Մերձավոր Արևելքից․ Իրանն այլևս գլխավոր հակառակորդը չէ
Թալիբները Մոսկվայում հայտարարել են, որ չեն պատրաստվում հարձակվել այլ երկրների վրա
Ալ Ջազիրայի և Associated Press-ի Աֆղանստանի թղթակիցը սպանվել է իր տան առաջ
Դատարան

Ուկրաինայի օգտին լրտեսության համար ՀՀ և ՌԴ 2 քաղաքացու Ռուսաստանում դատել են

43
(Թարմացված է 11:57 28.07.2021)
Արարատ Խաչատրյանն ու Դենիս Լոբովը մաս են կազմել ՌԴ-ից Ուկրաինա Ս-300 զենիթահրթիռային համակարգերի՝ պետական գաղտնիք հանդիսացող ռադիոլոկացիոն սարքավորումների մաքսանենգությանը:

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի - Sputnik. Ռոստովի շրջանային դատարանը 9,5 տարվա և 10 տարվա 5 ամսվա ազատազրկման է դատապարտել Ռուսաստանի ու Հայաստանի քաղաքացիներին, որոնք մեղավոր են ճանաչվել պետական դավաճանության և Ուկրաինայի օգտին լրտեսության մեջ։ Տեղեկությունը հաղորդում է ԱԴԾ-ի հանրային կապերի կենտրոնը:

«Ռոստովի մարզային դատարանը մեղադրական դատավճիռներ է կայացրել ՌԴ քաղաքացի Դենիս Լոբովի ու ՀՀ քաղաքացի Արարատ Խաչատրյանի նկատմամբ, որոնք մասնակցել են Ռուսաստանի Դաշնության տարածքից Ուկրաինա Ս-300 զենիթահրթիռային համակարգերի համար պետական գաղտնիք հանդիսացող ռադիոտեղորոշիչ սարքավորումների մաքսանենգ մատակարարումների իրականացմանը», - նշված է հաղորդագրության մեջ:

ՌԴ Քրեական օրենսգրքի 275 հոդվածով նախատեսված «Պետական դավաճանություն» ու 276-րդ հոդվածով նախատեսված «Լրտեսություն» հանցագործությունների համար դատարանը դատապարտել է Լոբովին 9 տարի 6 ամիս ազատազրկման, Խաչատրյանին՝ 10 տարի 5 ամիս ազատազրկման: Երկուսն էլ պատիժը կրելու են խիստ ռեժիմի գաղութում։

Պարզվել է, որ Լոբովն ու Խաչատրյանը տեղեկություններ են հավաքել C-300 ԶՀՀ-ի կազմի մեջ մտնող կլիստրոնների (մշտական հոսանքը փոփոխական դարձնող սարք) մասին ու նմուշներ են փոխանցել Ուկրաինա: Լոբովը պահել է սարքավորումներ իր տան նկուղում։ Խաչատրյանը սահմանամերձ բնակիչների միջոցով կազմակերպել է կլիստրոնների տեղափոխումն Ուկրաինա։

«Ինձ «ռուսական լրտես» էր անվանում». Վանեցյանը` Փաշինյանի մեղադրանքների մասին

«Կլիստրոնների վերջնական ստացողը «Ուկրօբորոնպրոմ» պետական ընկերությունն էր», - ընդգծվում է հաղորդագրության մեջ:

2020 թվականի մարտին Խաչատրյանը հերթական գնման համար ժամանել է Ռուսաստան, որտեղ նրան ձերբակալել են։

43
թեգերը:
ռուս, հայ, Դատարան, լրտեսություն, Ուկրաինա, Ռուսաստան
Ըստ թեմայի
Արցախում բրիտանական ականազերծող ընկերության լրտեսության մասին քրգործը վարույթ է ընդունվել
«Ծանր ջուր» Արթուրի ու Սերժի համար, կամ ինչպես էին Հայաստանում բռնում «լրտեսներին»
Մանր խուլիգաններ` լրտեսների փոխարեն, կամ ինչպես ԱԱԾ–ն վերածեցին ոստիկանական բաժանմունքի
Ինքնաթիռներ

«Դատաստանի օրվա» նոր ռուսական ինքնաթիռները կամ երրորդ համաշխարհայինի հրամանատարական կետը

173
(Թարմացված է 23:32 27.07.2021)
ՌԻԱ Նովոստիի ռազմական մեկնաբան Ալեքսանդր Խրոլենկո ներկայացրել է ռուսական երրորդ սերնդի կառավարման օդային կետի հնարավորությունները։

Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական մեկնաբան

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը շուտով կստանա երրորդ սերնդի կառավարման օդային կետը՝ Իլ-96-400Մ-ի հիմքով: «Դատաստանի օրվա» երկու նոր ինքնաթիռները սկսել են հավաքել Վորոնեժի ավիաբազայում՝ «Զվենո-Ս» նախագծի շրջանակներում:

Կառավարման օդային կետը (ԿՕԿ) Ռուսաստանի գերագույն գլխավոր հրամանատարին և ԶՈւ գլխավոր շտաբի ղեկավարությանը թույլ կտա հուսալիորեն կառավարել զորքերի բոլոր տարատեսակները, ռազմավարական միջուկային ուժերը գլոբալ զինված հակամարտության (ատոմային պատերազմի) ընթացքում, նույնիսկ եթե հակառակորդը ոչնչացնի բոլոր ցամաքային հրամանատարական կետերը:

Ծովային «Ցիրկոնով»՝ ցամաքային թիրախներին. ի՞նչ է դա նշանակում «գործընկերների» համար

Նման տեխնոլոգիական մակարդակի ավիացիոն համալիր ունենալ կարող են իրենց թույլ տալ միայն երկու երկիր՝ ՌԴ-ն և ԱՄՆ-ն։

Ռուսական նոր օդային հրամանատարական կետն ամերիկյան անալոգից տարբերվում է նրանով, որ նախատեսված է մի քանի տեսակի «Դատաստանի օրերի» համար և ապահովում է վրեժխնդրության անխուսափելիությունը ցանկացած ագրեսորի համար:

Ի՞նչ կլինի, եթե ԿՕԿ-ը խոցեն

Նորագույն ռուսական ԿՕԿ-ը դժվար է հայտնաբերել և ոչնչացնել։ Բարձր ինքնավարությունը, ռադիոէլեկտրոնային պայքարի ժամանակակից միջոցները, հակառակորդի արբանյակների և ռադարների համար ցածր տեսանելիության տեխնոլոգիաները, ռադիոակտիվ ճառագայթումից պաշտպանությունը, արագությունը, հեռահարությունը և գործնական բարձրակետը ԿՕԿ-ին զգալի առավելություններ են տալիս ցամաքային, ստորգետնյա կամ ստորջրյա հրամանատարական կետերի նկատմամբ:

Վերալիցքավորելով` ինքնաթիռը կարող է օրերով օդում գտնվել։ Կառավարման օդային կետը խոցելը, թերևս, ամենավտանգավորն է. տեսական այդպիսի իրավիճակում անկման 2-3 րոպեի ընթացքում Գլխավոր շտաբի օպերատիվ խումբը կհասցնի Երկրի երեսից լիովին ջնջել մի երկու տասնյակ թշնամական երկիր։  

Ժամանակակից պատերազմը հոլիվուդյան մարտաֆիլմ չէ, հարվածների հայելային փոխանակում չէ, հակամարտող կողմերը կարող են ճկուն կերպով փոխել իրենց սցենարները մարտական կիրառման բոլոր միջավայրերում։ Հսկայական նշանակություն ունի ՌԴ զինված ուժերի ընդհանուր վիճակը, պլանավորման և կապի համակարգը, միջուկային զենքի մարտական կիրառման ալգորիթմները, պետության ղեկավարի և Գերագույն գլխավոր հրամանատարի քաղաքական կամքը։ Երրորդ սերնդի Կառավարման օդային կետի մշակումը վկայում է արտաքին ռազմական սպառնալիքների լրջության մասին։

«Դատաստանի օրվա» ռուսական ինքնաթիռների գոյության փաստն ինքնին սառեցնում է Պենտագոնի և ՆԱՏՕ-ի տաք գլուխները, անորոշ երկար ժամկետով հետաձգում է գլոբալ զինված հակամարտությունը։

Երրորդ համաշխարհայինի հրամանատարական կետը

Ռուսական զորքերը համալրվում են կառավարման ավելի ու ավելի կատարյալ ավտոմատացված համակարգերով, արհեստական ինտելեկտի տարրերով սպառազինությամբ։ Ակտիվորեն համալրվում են Ռազմավարական միջուկային ուժերը։ Զարգանում են տիեզերական հետախուզության և կապի միջոցները։ ԿՕԿ-ը պետք է համապատասխանի ժամանակի պահանջներին։

«Դատաստանի օրվա» օդանավի ռադիոհամալիրը թույլ է տալիս զորքերին 6000 կմ շառավղով հրամաններ և մարտական կարգադրություններ փոխանցել, ներառյալ ռազմավարական ավիացիայի անձնակազմերը, ռազմավարական միջուկային զենք կրող սուզանավերը, շարժական և հանքային արձակման կայանքների հաշվարկները:

ՌԴ-ն հատուկջոկատայինների համատեղ զորավարժությունների շարք կանցկացնի Աֆղանստանի սահմանին

Երրորդ սերնդի ԿՕԿ-ն առանձնանում է յուրահատուկ հատկանիշներով, բարձր ֆունկցիոնալությամբ, կենսունակությամբ, էներգիայի տնտեսմամբ։ Օդանավում հարմարավետ պայմաններ են ստեղծված ՌԴ ԶՈւ բարձրագույն հրամանատարական կազմի, գլխավոր շտաբի սպաների օպերատիվ խմբի և տեխնիկական խմբի մասնագետների երկարաժամյա աշխատանքի համար: Գլոբալ հակամարտության իրավիճակում Ռուսաստանի գլխավոր հրամանատարական կետը պետք է վերալիցքավորումներով թռիչք կատարի մի քանի օր շարունակ։

Ամեն ինչի հիմքը հուսալի կրիչն է։ Իլ-96-400-ը Իլ-96-300-ի բեռնատար մոդիֆիկացիան է, որը հայտնի է իր հզորությամբ և անվտանգությամբ։ Ժամանակակից նյութերը թույլ են տվել պակասեցնել ինքնաթիռի զանգվածը` ապահովելով ամրություն ու տնտեսողականություն։ Իլ-96-300-ի հատուկ մոդիֆիկացիաներն օգտագործվում են որպես Ռուսաստանի Դաշնության նախագահի №1 օդանավ և հարմարեցված են զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարի գործառույթների իրականացման համար։

Իլ-96-400 օդանավը՝ ՊՍ-90Ա1 շարժիչներով և ավելացված բեռնատարողությամբ հուսալի հիմք է հանդիսանում ինքնաթիռի ներքին համալիրի համար, որն ունակ է աշխատել մարտական կառավարման բոլոր գոյություն ունեցող և հեռանկարային ավտոմատացված համակարգերի հետ։ Իլ-96-400Մ-ի քաղաքացիական տարբերակը հաշվարկված է մինչև 370 ուղևորի փոխադրման համար։ Ռուսական ավիաարդյունաբերության բոլոր մեքենաներից Իլ-96-ը ամենահեռուն է թռչում և, այնուամենայնիվ, պահեստային օդակայաններ, ինչպես նաև ենթակառուցվածքի ուղեկցող օբյեկտներ են հարկավոր Ռուսաստանի հեռավոր անկյուններում։

Մինչ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի մասնագետները մոդելավորում են լայնածավալ ռազմական հակամարտության ռազմավարական (համակարգչային) սցենարները, «Դատաստանի օրվա» մի քանի ինքնաթիռներ լուռումունջ իրենց ժամին են սպասում բազային օդանավակայանում: Այսօր գործող օդային կառավարման կետը ստեղծվել է Իլ-86 ինքնաթիռի հիմքի վրա և կոչվում է Իլ-80։ Երկրորդ սերնդի նմանատիպ չորս համակարգ է կառուցվել։ Երրորդ սերնդի ԿՕԿ-ի ստեղծման որոշումը համընկել է երկրորդի արդիականացման հետ՝ 2019 թվականին։

Ամերիկյան անալոգները

ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը չորս ժամանակակից հրամանատարական կետ ունեն ԱՄՆ-ի բարձրագույն ղեկավարության համար, որոնք ստեղծվել են Boeing 747-200 հեռամագիստրալ լայնաֆյուզելաժային ուղևորատար ինքնաթիռի հիման վրա: Մեքենաները նախատեսվում է օգտագործել ըստ նշանակության, եթե կառավարման ցամաքային համակարգերը կործանվեն միջուկային պատերազմի արդյունքում։

Boeing 747-200-ի քաղաքացիական տարբերակը ունի 374,8 տոննա առավելագույն թռիչքային զանգված, արագությունը՝ մինչև 895 կմ/ժ, բարձրակետը՝ 13 750 մետր, թռիչքի հեռավորությունը՝ մինչև 106701 մ։ Ուղևորների տեղերի թիվը 790 է։ Boeing 747-200F-ի բեռնամասում հնարավոր է մինչև 113 տոննա զանգվածով բեռների փոխադրում։

Ամերիկյան համալիրների տեխնոլոգիական հնարավորությունները կարելի է գնահատել մի քանի օրինակ  դիտարկելով։

ԱՄՆ-ի ռազմավարական կառավարման ժամանակակից օդային կետը՝ Boeing C-32-ի հիման վրա, նախատեսված է զորքերի օպերատիվ ծավալման ընթացքում տարբեր խնդիրների լուծման համար՝ ցամաքային ենթակառուցվածքի բացակայության դեպքում, կամ հակառակորդի կողմից կառավարման ցամաքային կետերի, կապի հանգույցների և գծերի խոցումից հետո: Ինչպես նաև որպես Արտակարգ իրավիճակներում գործողությունների դաշնային գործակալության՝ FEMA-ի շարժական կառավարման կետեր:

С-32А-ի վրա նորագույն սարքավորումներ են տեղադրված, տեղորոշման համակարգեր և կապի միջոցներ։ Ուղևորային խցիկը բաժանված է մի քանի բաժինների՝ զինվորական բարձրագույն ղեկավարության աշխատանքային սենյակ, խորհրդակցությունների սենյակ, օպերատիվ խմբի սենյակ, կապի հանգույց և հանգստի սենյակ (նման դասավորություն ունեն, հավանաբար, բոլոր ԿՕԿ-երը):

Առաջին ինքնաթիռը թողարկվել է Boeing-ի գործարանում՝ Սիեթլում, 1998 թ․-ի հունիսի 19-ին։ Ընդամենը 4 ինքնաթիռ է արտադրվել, որոնցից յուրաքանչյուրը կարող է կատարել օպերատիվ-մարտավարական հրամանատարության օդային հրամանատարական կետի և «Մինիթմեն» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների արձակման կառավարման կետի գործառույթները:

Թալիբները թուրքերին ասում են Go home և գնդակահարում գերիներին. ի՞նչ է լինելու հետո

E-6B Mercury օդանավը ստեղծվել է Boeing 707-320-ի հիման վրա՝ General Electric-ի արտադրության չորս F108-CF-100 տուրբոռեակտիվ շարժիչներով։ Ինքնաթիռի առավելագույն թռիչային զանգվածը 155 տոննա է։ Թռիչքի արագությունը՝ մինչև 972 կմ/ժամ, 12000 մետր բարձրությամբ։ Գործական բարձրակետը 12810 մետր է։ Մարտական հերթապահություն կատարելիս թռիչքի հեռավորությունը, առանց օդում վերալիցքավորվելու, 72 ժամ է։ Ինքնաթիռի թռիչքային անձնակազմը՝ 12 մարդ, ՕՀԿ-ի շտաբի օպերատիվ խումբը՝ ութ մասնագետ։

Առաջին օդային հրամանատարական կետերն ԱՄՆ-ում հայտնվել են 1965 թ․-ին, և դրանք հատուկ միջոցներով հագեցած KC-135A լիցքավորիչներ օդանավերն էին: Դրանք ԱՄՆ Զինված ուժերի գլխավոր հրամանատարի ինքնաթիռների դերն էին կատարում և գործում էին Էնդրյուսի ավիաբազայից (Մերիլենդ նահանգ), այնուհետև այդ կարգավիճակում դրանց փոխարինեցին երեք «Boeing» E-4A–երը: Ռազմական գործողությունների եվրոպական և խաղաղօվկիանոսյան թատերաբեմերի համար առանձին տարբերակներ գոյություն ունեին։

Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բարձր տեխնոլոգիաների ռազմավարական մրցարշավը շարունակվում է։

173
թեգերը:
Պատերազմ, Զենք, սպառազինություն, ինքնաթիռ, ԱՄՆ, Ռուսաստան
Արյունաբանական կենտրոն

Արյան բանկի պաշարները բավարար են. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի հայտարարությունը

0
(Թարմացված է 13:17 28.07.2021)
Արյունաբանական կենտրոնը հայտնում է, որ արյան փոխներարկում կարող է անհրաժեշտ լինել յուրաքանչյուրիս՝ ցանկացած պահի։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը տեղեկացնում է, որ Արյան բանկի պաշարները բավարար են ազգաբնակչության կարիքները հոգալու համար։ Նման հայտարարությւոն է տարածել կենտրոնը ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարելով։

«Ինչպես միշտ, այնպես էլ այսօր ՀՀ ԱՆ «Պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն»-ի Արյան բանկի պաշարները բավարար են ազգաբնակչության կարիքները հոգալու համար։ Հարկ է նշել սակայն, որ կանոնավոր արյունատվությունը խրախուսվում է»,–նշված է գրառման մեջ։

Միաժամանակ, կենտրոնը հայտնում է, որ արյան փոխներարկում կարող է անհրաժեշտ լինել յուրաքանչյուրիս՝ ցանկացած պահի։

Նշենք, որ արյունաբանական կենտրոնի բժիշկներից մեկը սոցցանցի իր էջում գրել էր, թե արյան կարիք կա, սակայն կարճ ժամանակ անց նա ջնջեց այդ գրառումը` տեղադրելով կենտրոնի հայտարարությունը։

Հիշեցնենք` հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։

Ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, հետ են շպրտվել. ՊՆ

Հայկական կողմն ունի երեք զոհ, երեք վիրավոր։

0
թեգերը:
Հայաստան, Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն, արյուն
Ըստ թեմայի
Կիրառվել են ականանետներ, շփման գծի փոփոխություն չի եղել. ՊՆ–ի նոր հաղորդագրությունը
ՊՆ–ն հրապարակել է ադրբեջանական կրակոցներից զոհված զինծառայողների անունները
ՀՀ նախագահն իր աջակցությունն է հայտնում հայոց բանակին