Վլադիմիր Պուտին

ՌԴ–ն ոչ միայն կհաղթահարի տնտեսական դժվարությունները, այլև կընդլայնի իր սահմանները․ Պուտին

125
Ռուսաստանի նախագահը հեռահար ռեժիմով մասնակցել է Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում ներդրումային համաձայնագրերի ստորագրման արարողությանը:

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Ռուսաստանը ոչ միայն վստահորեն դուրս կգա կորոնավիրուսի համավարակից հետո ստեղծված բարդ տնտեսական իրավիճակից, այլև կընդլայնի սահմանները։ Այս մասին այսօր`հունիսի 3–ին, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որը հեռակա կարգով մասնակցել է Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում ներդրումային համաձայնագրերի ստորագրման արարողությանը։

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել այս աշխատանքի համար և հույս հայտնել, որ մենք ոչ միայն վստահորեն դուրս կգանք դժվարին իրավիճակից, որում հայտնվել է ամբողջ աշխարհը, այլև, անկասկած, նկատի ունենալով այն նախնական աշխատանքը, որի վկան ենք մենք այսօր, մենք կընդլայնենք մեր սահմանները»,-ասել է Ռուսաստանի նախագահը՝ դիմելով ՊՄՏՀ-ի մասնակիցներին։

Նա ավելացրել է, որ այդ կապակցությամբ որևէ կասկած չունի։

Ռուսաստանի տնտեսության վիճակը

Ինչպես նշել է Պուտինը, ընթացիկ աշխատանքը շարունակվում է, անկախ բոլոր, այդ թվում՝ կորոնավիրուսի հետ կապված բարդություններից: Նրա կարծիքով՝ դրա լավագույն ապացույցը ռուսական տնտեսության աշխատանքի ընդհանուր արդյունքներն են։

«Ես այդ մասին նաև վաղը կասեմ` համաժողովի ժամանակ, բայց դուք դա բոլորից լավ գիտեք, դուք դա զգում եք գործնական աշխատանքի ընթացքում՝ ամենօրյա ռեժիմով»,-ասել է Պուտինը։

ՌԴ նախագահն ընդգծել է, որ կառավարությունը բիզնեսին աջակցելու համար անում է ամեն ինչ։

Տարածաշրջանային նախագծեր

Պուտինը նաև հայտնել է, որ Ռուսաստանի իշխանությունները պատրաստ են աջակցություն ցուցաբերել տարածաշրջանային նախագծերին, որոնք հնարավորություն կտան ստեղծել աշխատատեղեր և ամրապնդել արտադրական, տրանսպորտային եև զբոսաշրջային ենթակառուցվածքները:

Նա նշել է, որ համաժողովի մասնակիցներից մի քանիսի հետ առավոտից արդեն քննարկումներ են ընթանում։ Պուտինի խոսքով՝ համաժողովն աշխատանքը սկսել է հունիսի 2-ին, սակայն արդեն իսկ ակտիվ գործնական հանդիպումներ են անցկացվում և մի շարք կարևոր համաձայնագրեր են ստորագրվում:

«Հուսով եմ, որ այսօրվա համաձայնագրերի իրագործումը կդառնա իշխանության մարմինների, պետական և մասնավոր ընկերությունների արդյունավետ համատեղ աշխատանքի օրինակ», -ասել Է ՌԴ նախագահը:

Հիշեցնենք, որ Պետերբուրգի Միջազգային տնտեսական համաժողովը(ПМЭФ)  տնտեսական ոլորտում ամենամյա գործարար միջոցառում է, որն անցկացվում է Սանկտ Պետերբուրգում 1997 թ․-ից, իսկ 2005 թ․-ից՝ Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ:

Այս տարի համաժողովն անցկացվում է հունիսի 2-5-ը՝ առկա ձևաչափով։ «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալությունը հանդես է գալիս որպես ՊՄՏՀ–ի տեղեկատվական գործընկեր:

Պուտինը շատ բան է արել Ղարաբաղյան հակամարտությունը դադարեցնելու համար. Վոլոդին

125
թեգերը:
Սահման, տնտեսություն, Ռուսաստան, Վլադիմիր Պուտին
Ըստ թեմայի
ՌԴ–ն մշտական կապի մեջ է Հայաստանի ու Ադրբեջանի հետ. Պեսկովը ներկայացրել է Պուտինի տեսակետը
«Ուժեղ ու զսպող դաս տալ Իսրայելին». Պուտինն ու Էրդողանը քննարկել են իրավիճակը Պաղեստինում
Պուտինն օպերատիվ խորհրդակցություն կանցկացնի ՌԴ ԱԽ մշտական անդամների հետ

Երեք հիմնական միֆ Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին

72
(Թարմացված է 23:36 22.06.2021)
Ինչո՞ւ են Հիտլերի նկատմամբ հաղթանակը ավելի ու ավելի հաճախ վերագրում ԱՄՆ-ին, երբ են առաջացել պատերազմի թեմայով առաջին միֆերը և ինչպես պայքարել դրանց դեմ։ Հայրենական մեծ պատերազմի մեկնարկի 80-ամյակի առթիվ ներկայացնում ենք Sputnik-ի հոդվածը։

Ինչո՞ւ են ժամանակակից հանրության շրջանակում այդքան շատ կեղծիքներ հայտնվել Երկրորդ համաշխարհայինի մասին, և արդյո՞ք հնարավոր է դիմակայել դրանց։ Չէ՞ որ պատմությունը խեղաթյուրող և նացիզմի դեմ հաղթանակի գործում խորհրդային զինվորների ավանդը նսեմացնող հրապարակումները հայտնվում են հիմնականում սոցիալական ցանցերում, իսկ դրանք շատ դժվար է վերահսկել։

Հինգ օջախ, որոնք կարող են երրորդ համաշխարհային պատերազմի պատճառ դառնալ

Այնուամենայնիվ, դրա դեմ հնարավոր է պայքարել, կարծում են մեդիաոլորտի մասնագետները։ Սակայն դրա համար պետք է հասկանալ պատերազմի մասին երեք գլխավոր միֆերը։

Միֆ այն մասին, որ հաղթանակը ԱՄՆ-ի շնորհիվ էր

«Կեղծարարության փորձեր, խոսակցություններ, որ պատերազմում Ամերիկան է հաղթել, նախկինում էլ են եղել, միայն թե այն ժամանակ լկտիության մակարդակն ավելի ցածր էր,-կարծում է գերմանացի գրող, «Antispiegel» կայքի ղեկավար Թոմաս Ռյոպերը։- Առաջ գոնե ասում էին, որ ԽՍՀՄ-ն ու ԱՄՆ-ն դաշնակիցներ են եղել, որ ամենամեծ կորուստները կրել է հենց արևելյան ռազմաճակատը։ Իսկ հիմա խորհրդային զինվորներին ավելի ու ավելի հաճախ են օկուպանտներ անվանում, իսկ ամերիկացիները, պարզվում է, շոկոլադով էին եկել Գերմանիա»։

Ինչպես Հիտլերի գլոբուսը հայտնվեց հայի ձեռքում. նացիստները հույս ունեին հե՞տ պտտել ժամանակը

Ռյոպերի կարծիքով՝ պատմության աղավաղմանը շատ են նպաստում եվրոպական ԶԼՄ-ները, այդ թվում՝ գերմանական պարբերականները։ Նա հիշեցնում է, որ գերմանական «Der Spiegel» ամսագիրը սոցցանցերում հրապարակում էր արել այն մասին, որ Օսվենցիումի համակենտրոնացման ճամբարը ազատագրել են ամերիկացիները։ Ավելի ուշ, քննադատությունների տարափից հետո, պարբերականը հայտարարել էր, որ «սխալ» է թույլ տվել և ուղղել էր հրապարակումը։ Հիմա այնտեղ ասվում է, որ «Աուշվից» համակենտրոնացման ճամբարը ազատագրել է Կարմիր բանակը։

Մասնագետներն առաջարկում են դատապարտել պատմության ցանկացած խեղաթյուրում։ Այդպես, «Der Spiegel»-ի հրապարակմանը ուշադրություն հրավիրեցին գերմանալեզու օգտատերերերի մեկնաբանությունները, որոնք համարում էին, որ պաշտպանում են ոչ միայն իրական փաստը, այլև Աուշվիցում զոհված 1,4 միլիոն մարդկանց հիշատակը;

Միֆ այն մասին, որ նոր սերունդն անտարբեր է այդ պատերազմի նկատմամբ

Կարծիք կա, որ երիտասարդներն ավելի ու ավելի քիչ են հետաքրքրվում Երկրորդ համաշխարհային պատերազմի թեմայով։ Սակայն դա այդպես չէ, կարծում է Russia Today-ի լրագրող Մարիա Բուտինան և օրինակ է բերում «Անմահ գնդի» երթը. եթե նախկինում Ռուսաստանի սահմաններից դուրս այդ ակցիային մասնակցում էր ընդամենը 39 երկիր, ընդամենը մի քանի տարում նրանց թիվը հասավ 115-ի:

«Ուստի կարևոր է աջակցել մեր հայրենակիցներին, նրանք պատմական հիշողության պաշտպաններն են, խաղաղության և համագործակցության գաղափարներն իրականացնողները, արտերկրում Ռուսաստանի քաղաքացիների աջակցությունն ու հենարանը»,-ասում է Բուտինան։

Այն մարդկանց թիվը, ովքեր ցանկանում են ճշմարտությունն իմանալ պատերազմի մասին, աճում է նաև մերձավոր արտերկրում, կարծում են ֆորումի խոսնակները։ Դրա ապացույցը ռուսաստանցի Սերգեյ Միրոշնիչենկոյի կամավորական աշխատանքն է, ով աշխատանքից ազատ ժամանակ թարգմանում է Նյուրնբերգյան գործընթացի սղագրությունները և Երկրորդ համաշխարհային պատերազմի հետ կապված այլ փաստաթղթեր:

Վերջերս համացանցում նաև նոր կայք է հայտնվել՝ «Nuremberg Media»-ն, որը պատմում է Նյուրնբերգյան ռազմական դատարանի մասին։ Նախագծի ստեղծողները «Ռոսիա Սեգոդնյա» ՄՏԳ-ն է և «Sputnik» գործակալությունը։

Պատերազմի մասին խոսելիս պետք է փաստեր ներկայացնել, համոզված են «Նյուրնբերգի դասերը» համաժողովի մասնակիցները։ Մարդիկ, որոնք հայտարարում են, թե կոմունիզմն ու նացիզմը նույն բանն են, կորցնում են իրենց բոլոր փաստարկները՝ ծանոթանալով զանգվածային ստերիլիզացման գաղափարին։ Այս նախագիծը առաջարկել է գերմանացի բժիշկ Ադոլֆ Պոկորնին՝ 1941թ․-ի հոկտեմբերի իր նամակում՝ պնդելով, որ «թշնամին պետք է լինի ոչ միայն պարտված, այլև ոչնչացված»։

Պայծառ ապագայի գլխավոր թշնամին, կամ ինչպես են պարտված երկրները դուրս եկել ճգնաժամից

Այդ նպատակով Պոկորնին առաջարկում էր ստերիլիզացնել «3 միլիոն բանտարկյալ-բոլշևիկներին, որոնց պետք է զրկել բազմանալու հնարավորությունից»։ Բժշկի կարծիքով՝ դա անելուց հետո գերիներին կարելի էր մինչև կյանքի վերջ օգտագործել որպես աշխատուժ, և փորձարկման հաջող արդյունքի դեպքում նախատեսվում էր ճիշտ նույն կերպ վարվել ԽՍՀՄ մնացած բնակչության հետ Հիտլերի հաղթանակի դեպքում։

Ֆեյքերը ինտերնետի՞ շնորհիվ են հայտնվել

Իրականում կեղծ նորությունները միշտ էլ գոյություն են ունեցել, կարծում է լրագրող և «Թվային պատմություն» YouTube-ալիքի հեղինակ Եգոր Յակովլևը։ Եվ չնայած համացանցի շնորհիվ ֆեյքերը արագ են տարածվում տեղեկատվական դաշտում, դրանց մակարդակը բավական ընկել է։ 19-րդ դարում, օրինակ, պատմական մոլորությունները շատ ավելի ստեղծագործաբար էին հորինում։

1817թ․-ին չեխ բանաստեղծ Վացլավ Գանկան հայտնեց, որ Կրալե Դվուր քաղաքի եկեղեցում ձեռագիր է հայտնաբերել՝ հնագույն էպոս այն մասին, թե ինչպես են չեխերը 1242թ․-ին ջարդել․․․ թաթար-մոնղոլներին։ Շատ չեխեր հավատացին լեգենդին։ Բանաստեղծի սուտը հաջողվեց բացահայտել միայն 70 տարի անց դատարանի միջոցով։

Եվս մեկ հայտնի ֆեյք 1939թ․-ին հրապարակել էր ֆրանսիական «Havas» տեղեկատվական գործակալությունը։ Այն պնդում էր, որ Իոսիֆ Ստալինն ուզում էր գրավել Լեհաստանը և անգամ տարածում էր մի ճառ, որը գեներալիսիմուսն իբր արտասանել էր քաղբյուրոյում ի աջակցություն Գերմանիայի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի նախաշեմին։

Բրիտանացի և գերմանացի գիտնականները պատերազմից հետո կարողացան ապացուցել, որ «Havas» գործակալության հրապարակած ճառը կեղծիք է։

72
թեգերը:
ԽՍՀՄ, Ռուսաստան, Հայրենական մեծ պատերազմ, Երկրորդ համաշխարհային պատերազմ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին

«Լինել բաց՝ չնայած անցյալին»․ Վլադիմիր Պուտին

185
(Թարմացված է 16:29 22.06.2021)
Ռուսաստանի նախագահի հոդվածը Հայրենական մեծ պատերազմի 80-րդ տարելիցի կապակցությամբ հրապարակվել է գերմանական Die Zeit շաբաթաթերթում։

Գերմանական Die Zeit շաբաթաթերթում հրապարակվել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի «Լինել բաց՝ չնայած անցյալին» հոդվածը, որը նվիրված է Հայրենական մեծ պատերազմի սկզբի 80-րդ տարելիցին։ Sputnik Արմենիան ներկայացնում է այն առանց փոփոխությունների:

«1941 թվականի հունիսի 22-ին, ուղիղ 80 տարի առաջ, նացիստները, նվաճելով գրեթե ամբողջ Եվրոպան, հարձակվեցին ԽՍՀՄ-ի վրա։ Խորհրդային ժողովրդի համար սկսվեց Հայրենական մեծ պատերազմը՝ մեր երկրի պատմության մեջ ամենաարյունալի պատերազմը։ Տասնյակ միլիոնավոր մարդիկ զոհվեցին, հսկայական վնաս հասցվեց տնտեսական ներուժին ու մշակութային ժառանգությանը։

Մենք հպարտանում ենք Կարմիր բանակի և թիկունքի աշխատավորների խիզախությամբ ու տոկունությամբ, որոնք ոչ միայն պաշտպանեցին Հայրենիքի անկախությունն ու արժանապատվությունը, այլև ստրկացումից փրկեցին Եվրոպան և աշխարհը: Եվ ով էլ հիմա փորձի վերափոխել անցյալի էջերը, ճշմարտությունն այն է, որ խորհրդային զինվորը Գերմանիայի հողին ոտք է դրել ոչ թե գերմանացիներից վրեժ լուծելու համար, այլ ազատարարի վեհ, մեծ առաքելությամբ։ Նացիզմի դեմ պայքարող հերոսների հիշատակը սրբություն է մեզ համար։ Մենք երախտագիտությամբ ենք հիշում հակահիտլերյան կոալիցիայի դաշնակիցներին, Դիմադրության մասնակիցներին, գերմանացի հակաֆաշիստներին, որոնք մոտեցրել են ընդհանուր Հաղթանակը։

Համաշխարհային պատերազմի սարսափներն ապրելով՝ Եվրոպայի ժողովուրդներն, այնուամենայնիվ, կարողացան հաղթահարել օտարացումը և վերականգնել փոխադարձ վստահությունն ու հարգանքը, ինտեգրման ուղեգիծ վերցրին, որպեսզի վերջակետ դնեն անցյալ դարի առաջին կեսի եվրոպական ողբերգություններին: Եվ ուզում եմ հատուկ ընդգծել, որ նման Եվրոպայի կայացման համար հսկայական դեր խաղաց մեր ժողովրդի պատմական հաշտեցումը գերմանացիների հետ, որոնք ապրում էին ժամանակակից միացյալ Գերմանիայի ինչպես արևելքում, այնպես էլ արևմուտքում։

«Ավելի լավ է անոտ, քան անգլուխ». ովքեր են Մեծ հայրենականի հայ մարշալները

Հիշեցնեմ նաև, որ հետպատերազմյան տարիներին հենց գերմանացի ձեռնարկատերերը դարձան մեր երկրի հետ կոոպերացիայի պիոներները։ 1970 թվականին ԽՍՀՄ-ի և ԳԴՀ-ի միջև կնքվեց «դարի գործարքը»՝ դեպի Եվրոպա բնական գազի երկարաժամկետ մատակարարման մասին, որը հիմք դրեց կառուցողական փոխկախվածությանը, որը դարձավ հետագա բազմաթիվ մեծ նախագծերի, այդ թվում՝ «Հյուսիսային հոսք» գազատարի շինարարության սկիզբը:

Մենք հույս ունեինք, որ սառը պատերազմի ավարտն ընդհանուր հաղթանակ կլինի Եվրոպայի համար։ Թվում էր՝ ևս մի քիչ, և իրականություն կդառնա միասնական մայրցամաքի մասին Շառլ դը Գոլի երազանքը, նույնիսկ ոչ թե աշխարհագրական՝ «Ատլանտիկայից մինչև Ուրալ», այլ մշակութային, քաղաքակրթական իմաստով՝ Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ։

Հենց այս տրամաբանությամբ՝ ընդհանուր արժեքներով և շահերով միավորված Մեծ Եվրոպայի կառուցման տրամաբանությամբ էր Ռուսաստանը ձգտում զարգացնել եվրոպացիների հետ իր հարաբերությունները։ Թե մեր, թե Եվրամիության կողմից այդ ճանապարհին շատ բան է արվել։

Բայց գերակշռեց մեկ այլ մոտեցում։ Դրա հիմքում ընկած էր Հյուսիսատլանտյան դաշինքի ընդլայնումը, որն ինքնին սառը պատերազմի վերապրուկն էր։ Չէ՞ որ հենց այդ դարաշրջանի հակամարտության համար էր այն ստեղծվել։

Հենց դաշինքի շարժը դեպի արևելք, որը, ի դեպ, սկսվեց նրանից, որ խորհրդային ղեկավարությանը փաստացի համոզեցին, որ միացյալ Գերմանիան պետք է անդամակցի ՆԱՏՕ-ին, Եվրոպայում փոխադարձ անվստահության սրընթաց աճի հիմնական պատճառը դարձավ։ Այն ժամանակ տրված բանավոր խոստումները՝ «դա ձեր դեմ ուղղված չէ», «դաշինքի սահմանները ձեզ չեն մոտենա», շտապեցին շատ արագ մոռանալ։ Իսկ նախադեպը ստեղծվեց։

Եվ 1999թ․-ից ի վեր ՆԱՏՕ-ի ընդլայնման ևս հինգ ալիք հաջորդեց։ Կազմակերպությանը միացավ 14 նոր երկիր, այդ թվում՝ նախկին Խորհրդային Միության հանրապետությունները, ինչը փաստորեն հողին հանձնեց առանց բաժանարար գծերի մայրցամաք ունենալու հույսերը։ Ինչի մասին, ի դեպ, 80-ականների կեսերին զգուշացնում էր Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդներից մեկը՝ էգոն Բարը, որն առաջարկում էր Գերմանիայի միավորումից հետո արմատապես վերակառուցել անվտանգության ողջ եվրոպական համակարգը, ընդ որում՝ ինչպես ԽՍՀՄ-ի, այնպես էլ ԱՄՆ-ի մասնակցությամբ։ Բայց այն ժամանակ ոչ ԽՍՀՄ-ում, ոչ ԱՄՆ-ում, ոչ էլ Եվրոպայում ոչ ոք չցանկացավ լսել նրան։

Ավելին, շատ երկրներ արհեստական ընտրության առաջ կանգնեցվեցին․ կամ հավաքական Արևմուտքի հետ ես, կամ Ռուսաստանի։ Դա, փաստացի, վերջնագիր էր։ Թե ինչ հետևանքների հանգեցրեց նման ագրեսիվ քաղաքականությունը, մենք տեսնում ենք 2014 թվականի ուկրաինական ողբերգության օրինակով։ Եվրոպան ակտիվորեն աջակցում էր հակասահմանադրական զինված հեղաշրջմանն Ուկրաինայում։ Ամեն ինչ հենց դրանից սկսվեց։

«Պուտինը՝ ԱՄՆ նախագահ»․ Արևմուտքը քննարկում է Ռուսաստանի նախագահի հարցազրույցը

Ինչի՞ համար էր պետք անել դա։ Այն ժամանակ գործող նախագահ Յանուկովիչն արդեն համաձայնվել էր ընդդիմության բոլոր պահանջներին։ Ինչո՞ւ ԱՄՆ-ն հեղաշրջում կազմակերպեց, իսկ Եվրոպայի երկրներն ակամա աջակցեցին նրան՝ հրահրելով բուն Ուկրաինայի պառակտումն ու Ղրիմի ելքը դրա կազմից։

Հիմա եվրոպական անվտանգության ամբողջ համակարգը խիստ հետընթաց է ապրել։ Լարվածությունը մեծանում է, իրական են դառնում սպառազինությունների նոր մրցավազքի ռիսկերը։ Մենք բաց ենք թողնում այն հսկայական հնարավորությունները, որոնք մեզ տալիս է կոոպերացիան, որը հատկապես այնքան կարևոր է հիմա, երբ մենք բոլորս բախվել ենք ընդհանուր մարտահրավերների՝ համավարակի և դրա ծանրագույն սոցիալ–տնտեսական հետևանքների հետ:

Ինչո՞ւ է դա կատարվում։ Եվ գլխավորը՝ ի՞նչ հետևություններ ենք մենք պարտավոր անել միասին։ Պատմության ո՞ր դասերը պետք է հիշենք։ Կարծում եմ՝ առաջինը այն, ինչը հաստատում է Մեծ Եվրոպայի հետպատերազմական պատմությունը․ մեր ընդհանուր մայրցամաքի բարգավաճումն ու անվտանգությունը հնարավոր է միայն բոլոր երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի համատեղ ջանքերով։ Որովհետև Ռուսաստանը եվրոպական խոշորագույն պետություններից մեկն է։ Եվ մենք զգում ենք մեր անքակտելի մշակութային ու պատմական կապը Եվրոպայի հետ։

Մենք բաց ենք ազնիվ, ստեղծարար փոխգործակցության համար։ Դա հաստատում է Ատլանտիկայից մինչև Խաղաղ օվկիանոս համագործակցության և անվտանգության միասնական տարածքի ստեղծման մեր գաղափարը, որը կներառի տարբեր ինտեգրացիոն ձևաչափեր, այդ թվում՝ Եվրոպական միությունը և Եվրասիական տնտեսական միությունը։

Կրկնեմ․ Ռուսաստանը հանդես է գալիս Եվրոպայի հետ համապարփակ գործընկերության վերականգնման օգտին։ Մենք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ թեմաներ ունենք։ Դա անվտանգությունն է և ռազմավարական կայունությունը, առողջապահությունն ու կրթությունը, թվայնացումը, էներգետիկան, մշակույթը, գիտությունն ու տեխնոլոգիաները, կլիմայական և բնապահպանական խնդիրների լուծումը:

Աշխարհը դինամիկ զարգանում է, նոր մարտահրավերների և սպառնալիքների է բախվում։ Եվ մենք պարզապես չենք կարող մեզ թույլ տալ կրել անցյալի թյուրիմացությունների, վիրավորանքների, հակամարտությունների ու սխալների բեռը։ Բեռ, որը կխանգարի մեզ կենտրոնանալ հրատապ խնդիրների լուծման վրա։

Համոզված ենք, որ մենք բոլորս պետք է ընդունենք այդ սխալները և ուղղենք դրանք։ Մեր ընդհանուր և անվիճելի նպատակն է ապահովել մայրցամաքային անվտանգություն առանց բաժանարար գծերի, իրավահավասար համագործակցության և համընդհանուր զարգացման միասնական տարածք՝ հանուն Եվրոպայի և ամբողջ աշխարհի բարգավաճման»:

185
թեգերը:
Ռուսաստան, Եվրոպա, Վլադիմիր Պուտին, Հայրենական մեծ պատերազմ
Ըստ թեմայի
Արմեն Սարգսյանը Մոսկվայում հարգանքի տուրք է մատուցել լեգենդար հետախույզների հիշատակին
Հայերի սրտերը կոտրված են․ Արցախյան առաջին պատերազմի վետերանը՝ մայիսի 9-ի մասին
Երևանում բացվեց հայ-ռուսական բարեկամության հուշարձան