ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի - Sputnik. Հայաստանից ավտոմեքենաների ներկրումը Ռուսաստան գործնականում դադարել է, մնացել են միայն այն ավտոմեքենաները, որոնք ավելի վաղ մուտք էին գործել երկիր: Այս մասին «Ռոսիա -24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ռուսաստանի երթևեկության անվտանգության պետական տեսչության պետ Միխայիլ Չերնիկովը:
«Հայաստանից գործնականում մեքենաներ չկան, դրանք հին ներմուծումներ են: Բացի այդ, մենք մշակել ենք նման տրանսպորտային միջոցների սեփականատերերի գրանցման համակարգ` տեղեկատվական մեկ միասնական բազայում», - ասել է նա:
Չերնիկովը նշել է, որ այժմ հեշտությամբ կարելի է հետևել այն վարորդներին, ովքեր ցածր գնով մեքենա են գնել և այն ԱՊՀ երկրներից ներկրել Ռուսաստան: Նրա խոսքով ՝ բոլոր կանգառներից նման ավտոմեքենաների վարորդների տվյալները փոխանցվում են միասնական տեղեկատվական բազա: Բացի այդ, այդ տրանսպորտային միջոցներին կարելի է հետևել ՝ ֆոտո և տեսախցիկների միջոցով: «Դա արվում է այն նպատակով, որ վարորդները չկարողանան խուսափել պատժից` Ռուսաստանի տարածքում ճանապարհային երթևեկության խախտումների դեպքում», - ասել է ռուսաստանցի պաշտոնյան։
Չերնիկովը նաև հիշեցրել է, որ ՌԴ Վարչական իրավախախտումների նոր օրենսգիրքը թույլ է տալիս տուգանել Ռուսաստանի ՃԵԿ խախտած արտասահմանցիներին սահմանի վրա։
Ինչպես կլուծվի ՌԴ–ում հայկական պետհամարանիշներով մեքենաների հարցը. հանձնարարական է տրվել
Հիշեցնենք, որ նման խնդիր էր ծագել հայկական բեռնատարների վարորդների հետ, որոնց թույլ չէին տվել Վրաստանից Ռուսաստան մուտք գործել Ռուսաստանի Դաշնության տարածքում նախկինում կատարված խախտումների պատճառով:
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Երևանում կայացել է քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունների միջև՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանի և ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինի մասնակցությամբ: Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են ԱՊՀ շրջանակներում փոխգործակցությանը և ՀԱՊԿ ձևաչափում համագործակցությանը վերաբերող արդիական թեմաների լայն շրջանակ, անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ-ում ինտեգրացիոն գործընթացների որոշ ասպեկտների:
«Կողմերն ընդգծեցին համակարգված մոտեցումների մշակման շարունակականության կարևորությունը՝ նշված բազմակողմ միավորումների կանոնադրական և պայմանագրային նպատակների արդյունավետ իրագործման համատեքստում»,–նշված է հաղորդագրության մեջ:
Հավելենք, որ խորհրդակցությունների արդյունքները պատվիրակությունների ղեկավարները ներկայացրել են ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ կայացած հանդիպմանը:
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի - Sputnik. ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքների շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Տեղեկությունը հայտնում են ՀՀ ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից։
Նշվում է, որ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ Վալենտինա Մատվիենկոն կարևորել է երկկողմ հանդիպումների վերականգնումը՝ չնայած նոր կորոնավիրուսային համավարակին: Նա վստահություն է հայտնել, որ տարբեր ձևաչափերով փոխգործակցությունը համավարակի հաղթահարմանը զուգահեռ էլ ավելի կակտիվանա:
«Վալենտինա Մատվիենկոն կարևորել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին եռակողմ հայտարարության ընդունումը և հակամարտության գոտում ռուս խաղաղապահների ներկայությունը, ինչը կրակի դադարեցման ռեժիմի ապահովման կարեւորագույն գրավական է: Նա վերահաստատել է ռուսական կողմի տեսակետը, որ ադրբեջանական կողմը պարտավոր է հայրենիք վերադարձնել բոլոր ռազմագերիներին և այլ պահվող անձանց», – նշված է հաղորդագրության մեջ:
Անդրադառնալով ԱՊՀ ՄԽՎ գործունեությանը՝ Մատվիենկոն բարձր է գնահատել կազմակերպությունում հայ պատգամավորների աշխատանքի արդյունավետությունը:
Արարատ Միրզոյանն էլ իր հերթին նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական բնույթ կրող հարաբերությունները շարունակում են կայուն զարգանալ տարբեր ոլորտներում:
Նա իր ռուս գործընկերոջը ներկայացրել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո արցախյան հակամարտության շուրջ առկա իրավիճակը՝ բարձրացնելով Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց անհապաղ հայրենիք վերադարձնելու հարցի կարևորությունը: ԱԺ նախագահը հավելել է, որ ադրբեջանական կողմի նման քայլերն անբարենպաստ մթնոլորտ են ստեղծում տարածաշրջանային ենթակառուցվածքների վերաբացման ուղղությամբ տարվող աշխատանքների համար:
Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Վալենտինա Մատվիենկոյին
«Կողմերը քննարկման ընթացքում համաձայնություն են ձեռք բերել Հայաստանում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններում ԱՊՀ ՄԽՎ դիտորդական առաքելության իրականացման վերաբերյալ»,–նշված է հաղորդագրության մեջ:
Հանդիպման ավարտին Արարատ Միրզոյանը Վալենտինա Մատվիենկոյին շնորհել է Ազգային ժողովի ոսկե մեդալ՝ երկու երկրների միջխորհրդարանական կապերի ամրապնդման և Մարալ Նաջարյանին ադրբեջանական գերությունից ազատման գործում ունեցած կարևորագույն ներդրման համար:
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի — Sputnik. Պատերազմի ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների, կամավորների, ինչպես նաև քաղաքացիական անձանց աճյունների որոնումներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվում են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Որոտանի (Կուբաթլու) ուղղությամբ: Տեղեկությունը հայտնում Facebook–ի էջում հայտնում է Արցախի ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
«Երեկ Ջրականի շրջանում որոնումներն արդյունք չեն տվել: Կեսօրին տեղի ունեցած ականապայթյունային պատահարից հետո աշխատանքները նույն պահին դադարեցվել են: Պայթյունից վիրավորում ստացած փրկարարի առողջական վիճակը կայուն է: Նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, օրվա երկրորդ կեսին կտեղափոխվի հիվանդասենյակ»,–նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք`երեկ`ապրիլի 15–ին, Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Ջրականի շրջանում (Քենդ Հորադիզ տեղամաս) տեղի ունեցած որոնումների ընթացքում ականապայթյունային վիրավորում էր ստացել ԱԻ պետական ծառայության փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբի հրամանատար Տ.Հ.-ն (ծնված 1975թ.):
Զինադադարից հետո որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու ժամանակ, սա արդեն երրորդ դեպքն է:
Առաջին դեպքը տեղի է ունեցել Որոտանի ուղղությամբ, ականի վրա պայթել և վիրավորում են ստացել ՀՀ ԱԻն աշխատակիցները, իսկ հաջորդը՝ Մարտակերտի շրջանային բաժնի փրկարար ծառայողները՝ Թալիշ-Մատաղիս հատվածում: Բարեբախտաբար, մահվան ելքով դեպքեր չեն արձանագրվել: